Եվրամիության անդամ երկրների դեսպաններն այսօր համաձայնեցրել են ԵՄ Խորհրդի բանակցային մանդատը՝ վիզային ռեժիմի թվայնացման առաջարկի վերաբերյալ: Առաջարկը ենթադրում է վիզայի համար առցանց դիմելու հնարավորություն և ներկայումս գործող սոսնձվող վիզան փոխարինվում է թվային վիզայով: Այս քայլը նպատակ ունի ավելի արդյունավետ դարձնել վիզայի դիմումի ընթացակարգը և բարելավել Շենգենյան գոտու անվտանգությունը: Այս մասին ասվում է ԵՄ խորհրդի տարածած հաղորդագրության մեջ:
«Թվային Շենգենյան վիզան կհեշտացնի օրինական ճանապարհորդների համար դիմելու գործընթացը և միևնույն ժամանակ կօգնի առավել անվտանգ դարձնել Շենգենյան գոտին: Առցանց դիմումները կնվազեցնեն ճանապարհորդների համար դեպի հյուպատոսություն այցելությունների քանակը և կհեշտացնեն գործընթացը ազգային վարչակազմերի համար: Միևնույն ժամանակ, թվային վիզան վերջ կդնի սոսնձվող վիզայի կեղծման և գողության ռիսկին»,- ասել է Շվեդիայի միգրացիայի հարցերով նախարար Մարիա Մալմեր Շտեներգարդը:
Առաջարկվող նոր կանոնների համաձայն՝ կստեղծվի վիզայի դիմումների հարթակ։ Շենգենյան վիզաների համար բոլոր դիմումները կկատարվեն այդ հարթակի՝ մեկ կայքի միջոցով, որը դրանք կուղարկի համապատասխան ազգային վիզային համակարգեր։ Այդ հարթակում վիզայի դիմորդները կկարողանան ներկայացնել բոլոր համապատասխան տվյալները, բեռնել իրենց ճանապարհորդական և օժանդակ փաստաթղթերի էլեկտրոնային պատճենները և վճարել վիզայի վճարները: Նրանք նաև կտեղեկացվեն վիզայի վերաբերյալ որոշումների մասին:
Հյուպատոսություն անձամբ ներկայանալը անհրաժեշտ կլինի միայն առաջին անգամ դիմողների համար, այն անձանց համար, որոնց կենսաչափական տվյալներն այլևս վավեր չեն, ինչպես նաև նոր ճամփորդական փաստաթուղթ ունեցող անձանց համար:
Կարդացեք նաև
Երբ անձը մտադիր է այցելել Շենգենյան մի քանի երկրներ, հարթակը ինքնաբերաբար կորոշի, թե դրանցից որն է պատասխանատու դիմումը ուսումնասիրելու համար՝ հաշվի առնելով տվյալ երկրում գտնվելու տևողությունը։ Այնուամենայնիվ, դիմորդը նույնպես հնարավորություն կունենա նշելու, թե արդյոք դիմումը պետք է մշակվի կոնկրետ անդամ պետության կողմից՝ կախված ճանապարհորդության նպատակից:
Առաջարկվող նոր կանոնների համաձայն՝ վիզաները կտրամադրվեն թվային ձևաչափով՝ որպես 2D շտրիխ կոդ՝ ծածկագրային ստորագրությամբ։ Սա կնվազեցնի անվտանգության ռիսկերը կապված կեղծ և գողացված սոսնձվող վիզաների հետ:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ