Ադրբեջանի կողմից շրջափակման հետեւանքով Արցախի ընդհանուր ֆինանսա-տնտեսական կորուստները (այդ թվում՝ հարկերի նվազումը և լրացուցիչ առաջնային մինիմալ սոցիալական ծախսերը) կազմում են օրական նվազագույնը 651 մլն դրամ։ Այս մասին ասվում է «Շրջափակման հետեւանքով Արցախի տնտեսության կորուստների գնահատման զեկույցում», որը պատրաստել է հանրային ֆինանսների կառավարման միջազգային խորհրդատու Վարդան Արամյանի գլխավորած տնտեսագետների մասնագիտական խումբը՝ Արցախի հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի պատվերով:
Ըստ զեկույցի՝ եթե վերոնշյալ ցուցանիշը տարածենք շրջափակման ամբողջ ժամանակահատվածի վրա, որն արդեն իսկ գերազանցում է 2 ամիսը, ապա ստացվում է, որ Արցախին արդեն իսկ պատճառվել է շուրջ 52 մլրդ դրամի տնտեսական վնաս: Տնտեսության տոտալ փակման և ձեռնարկությունների գործունեության դադարի արդյունքում առնվազն 16.2 հազար մարդ կդառնա գործազուրկ․ ընդ որում, քանի դեռ անձն աշխատում էր և ստանում աշխատավարձ, որն անգամներով ավել էր, քան 68 000 դրամի չափով տրվող գործազրկության փոխհատուցումը, ապա առաջանում է նաև սոցիալական բարեկեցության կորուստ։ Այդ կորուստը հաշվի առնելով՝ Արցախի օրական սոցիալ-տնտեսական կորուստը կազմում է մոտ 752 մլն դրամ, իսկ ճանապարհի փակման օրվանից մինչ այժմ՝ շուրջ 60․1 մլրդ դրամ։
Ըստ զեկույցի հեղինակների՝ վերջին երկու տարվա փորձը ցույց է տալիս, որ Ադրբեջանը պարբերաբար Արցախի տնտեսական կյանքի նկատմամբ ոտնձգություններ է անում՝ գազի, էլեկտրաէներգիայի, հեռահաղորդակցության և վերջերս նաև կենսական նշանակության ճանապարհի փակման միջոցով, եւ սա մեծ հավանականությամբ շարունակվելու է նաև ապագայում, քանի դեռ Արցախի հարցը քննարկման փուլում է։ Ուստի այսօր, ըստ մասնագետների, անհրաժեշտ է ձևավորել բուֆերներ, որոնք նմանատիպ դեպքերում հնարավորություն կտան նվազագույնի հասցնել Արցախի հասարակության սոցիալական և տնտեսական ծախսերը։ Այդպիսի լուծումներից են էներգիայի լրացուցիչ այլընտրանքային աղբյուրների ստեղծումը, առաջին անհրաժեշտության պարենային պաշարների ձևավորումը և դրանց պահպանման համար անհրաժեշտ պահեստների կառուցումը, վառելիքային պաշարների ձևավորումը և դրանց պահուստավորման համար նոր ենթակառուցվածքների ստեղծումը, առաջին անհրաժեշտության դեղորայքային պաշարների ձևավորումը և դրանց անվտանգ պահպանման համար անհրաժեշտ պահոցների ստեղծումը։
Կարդացեք նաև
Զեկույցում նշված է, որ շրջափակման հետեւանքով օրական տնտեսական կորուստը գնահատվում է շուրջ 567 մլն դրամ։ Եվ եթե չլիներ ներկայիս իրավիճակը, ապա 2023 թվականի համար Արցախի արտահանումը կկազմեր շուրջ 175.8 մլրդ դրամ, իսկ ներմուծումը` շուրջ 207.6 մլրդ դրամ։ 2023թ. համար ՀՆԱ կորուստը կկազմի միջինում օրական 561 մլն դրամ։
Պատրաստեց Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ