Լրահոս
Օրվա լրահոսը

Հույսը բերում է պատրանքային իրականության․ «Հայաստանի Հանրապետություն»

Մարտ 29,2023 11:19

Մեր խնդիրները կարող ենք լուծել միայն մենք։ Այն լուծումները, որոնք ձեռնտու են հայկական կողմին, կարող է տալ միայն հայկական կողմը։ Լուծումը կամ լուծումները եթե տա որեւէ այլ կողմ, դա, բնականաբար, անելու է իր շահերից ելնելով։ Սա այնքան պարզ է, որ նույնիսկ բացատրության կարիք չունի։ Իսկ մենք այս պահի դրությամբ իրականում ոչ միայն լուծումներ չենք տալիս, այլեւ սպասում ենք, թե մեր փոխարեն ով ինչպես կշարժի իր մատը։ Ցավոք, հանրությունը սա նորմալ է ընկալում, որովհետեւ նրա քաղաքական միտքը ձեւավորող-զարգացնող քաղաքագետները, վերլուծաբանները, տարբեր թեւերի քաղաքական գործիչներն իրենց նեղ մտայնությամբ գործընթացները մակրոմակարդակում չեն դիտարկում, չեն քննում այն երկրների քաղաքական ու արտաքին տնտեսական կարգերը, որոնք այդ մակրոմակարդակում կարող են մեզ առնչվել (մեր խորին հարգանքը բացառություններին,-Ա. Մ.)։ Ու վերից վար գծվում է մի պատկեր, թե այս գործը Ռուսաստանը պիտի անի, սա՝ Իրանը, հրեն հա՝ Հնդկաստանն էլ է ուզում եւն։

Քաղաքականությունում սա ոչ այլ ինչ է, քան պոռոտախոսություն եւ արկածախնդրություն։ Այն ոչ մի տեղ չտանող, եթե չասենք՝ կործանարար ճանապարհ է։ Որեւէ մեկի կողմից մեզ պաշտպանելու կեղծ թեզերը մեզ թույլ չեն տալիս տեսնել իրականությունը՝ ըստ այդմ մեզ մատնելով անգործության։ Իսկ անգործությունը դեպի կործանում տանող ամենակարճ ճանապարհն է։ Քանի որ վերջին շրջանում հույսներս առավելապես կապում ենք Իրանի հետ՝ հատկապես ՀՀ-ի հարավային սահմանների պաշտպանության առումով, փորձենք որոշ պարզաբանումներ անել։

Նախ՝ չենք ասում, թե այս կամ այն երկրի հետ ճիշտ ու թիրախային աշխատելով չենք կարող օգուտներ քաղել, բայց խոսքը որեւէ երկրի հետ աշխատելո՛ւ, փոխադարձ շահերի հենքով փոխգործակցելո՛ւ, այլ ոչ թե տվյալ երկրի վրա հույսը դնելու մասին է։ Հույսը բերում է պատրանքային իրականության, օրինակ՝ եթե Ադրբեջանը մեզ վրա հարձակվի, Իրանը մեզ կպաշտպանի։ Պատրանքի փոխարեն «ռեալ պոլիտիկը» հասկանալու համար «ՀՀ»-ի հետ զրույցում քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկ եւ տրանսպորտային-լոգիստիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը խորհուրդ է տալիս կտրվել ներհայաստանյան, անգամ ներհարավկովկասյան քաղաքական դաշտից ու դիտել գործընթացը մակրոմակարդակում: «Փորձեք կապել իրար Մերձավոր Արեւելքում, Կենտրոնական Ասիայում, Եվրոպայում առկա քաղաքական երեւույթներն ու գործընթացները եւ կհասկանաք, որ էսկալացիայի դեպքում Իրանը կմիջամտի բացառապես այն դեպքում, եթե իր սահմաններին շատ շոշափելի վտանգ սպառնա: Մնացածը խոսույթ է: Դիրքավորում աշխարհաքաղաքական սիմվոլների դաշտում»,-ասաց նա։

Եվ միաժամանակ հավելեց. «Իսկ Իրանին որեւէ ֆիզիկական վտանգ չի սպառնա: Որքան էլ Իսրայելը հանդես գա տարբեր ռազմատենչ հայտարարություններով, միեւնույն է, այլեւս պետք է հաշվի առնի Իրանի ու արաբական աշխարհի առանցքային խաղացողների միջեւ հարաբերությունների հաստատման փաստը՝ Պեկինի միջնորդությամբ։ Իսկ դա զսպող հանգամանք է»։ Մեր զրուցակիցը մի շեշտադրում էլ արեց. «Եթե Իրանն ունենար պատերազմի մեջ մտնելու ծրագիր, ապա կաներ դա 2020-ի աշնանը։ Թե՞ կարծում եք, որ հատուկ ծառայությունների զարգացած ցանց ունեցող պրագմատիկ Թեհրանը չգիտեր Անկարայի ու Բաքվի հեռահար նպատակների մասին։ Չգիտեր միջանցքի եւ, այսպես ասած, անկլավների խնդիրների մասին։ Իրանը խորքային պետություն է։ Իսկ դա նշանակում է, որ այն ունի հստակ երկարաժամկետ շահեր եւ այդ շահերը պաշտպանելու, դրանց շուրջ պայմանավորվելու ռազմավարական ռեսուրս։ Ինչը եւ անում է այսօր»։

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031