Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՔՊ-ական պատգամավորը` ի՞նչ է տալու Պուտինի ձերբակալությունը Հայաստանին հարցին՝ կքննարկեն, հետո կարծիք կհայտնի․ «Հրապարակ»

Մարտ 29,2023 10:17

Ռուսաստանի նախագահին ձերբակալելու որոշում արձակած Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը ՀՀ ՍԴ-ի կողմից սահմանադրական ճանաչվելուց հետո մեր ռազմավարական դաշնակցից նյարդային արձագանքներ են ստացվում։ Միջազգային իրավունքի մասնագետները պնդում են՝ եթե Հայաստանը միանա Հռոմի կանոնադրությանը, ապա Երեւան ժամանելու դեպքում Վլադիմիր Պուտինը պետք է ձերբակալվի եւ հանձնվի միջազգային արդարադատությանը։

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանն օրերս որոշեց, որ Հռոմի կանոնադրությունը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը։ Հռոմի ստատուտը ստորագրվել է 25 տարի առաջ, սակայն մինչ այսօր Հայաստանն այն չի վավերացրել, քանի որ 2004 թվականին ՍԴ-ն դրանով սահմանված պարտականությունները հակասող էր ճանաչել այն ժամանակ գործող Սահմանադրության մի քանի դրույթներին։ 2022-ի վերջին, սակայն, կառավարությունը որոշեց կրկին դիմել ՍԴ՝ կանոնադրության դրույթների սահմանադրականությունը որոշելու հարցով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2004-ից հետո Հայաստանում երկու անգամ Սահմանադրություն է փոխվել:

Կանոնադրության վավերացման անհրաժեշտության ու հրատապության մասին կառավարությունը հայտարարում է, թե դա ուղղված է Ադրբեջանի դեմ, քանի որ այդ համաձայնագրի վավերացումը հնարավորություն կտա պատերազմական հանցագործությունների գործերով Ադրբեջանին պատասխանատվության կանչել միջազգային քրեական դատարան, որը քննում է ցեղասպանությունների, ռազմական, մարդկության դեմ հանցագործությունների դեպքերը, հետապնդում ռազմական ագրեսիայի համար պատասխանատու անձանց։ Ընդդիմադիրները, մինչդեռ, հիշեցնում են, որ Ադրբեջանը չի միացել այդ կանոնադրությանը, եւ Հաագայի դատարանի որոշումները նրա վրա չեն ազդելու։ Փոխարենը  իշխանություններն այդպիսով լարում են առանց այդ էլ ճգնաժամում գտնվող ռուս-հայկական հարաբերությունները։
«Առնվազն այս մթնոլորտում ամբողջական լեգիտիմ հնարավորություն ուներ Հայաստանը՝ այդ հարցն ընդհանրապես չարծարծելու»,- ասում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ հավելելով, որ եթե Հայաստանը ստորագրի էլ, դա որեւէ կերպ չի ազդելու, որ Հաագայի դատարանի որոշումն Ադրբեջանի համար պարտադիր լինի, քանի որ Ադրբեջանը դրան չի միացել։ Փոխարենը, Հայաստանի միանալը ստեղծված իրավիճակում «կրակի վրա յուղ լցնել» է նշանակում։ Ընդդիմադիր պատգամավորը կասկածի տակ է դնում ՍԴ որոշումը։

«Սահմանադրական դատարանը 2004 թվին Սահմանադրության վրա հղում տալով ասել է, որ հակասահմանադրական է։ Փաշինյանական Սահմանադրական դատարանի սրտի դատավոր Վահե Գրիգորյանի եզրակացությամբ, 2004 թվից 19 տարի հետո մեկ էլ եզրակացնում է, որ սահմանադրական է։ Ո՞նց է լինում` նույն դրույթները Սահմանադրության մեջ գործում են»,- տարակուսում է Գեղամ Մանուկյանը։ Բարձր դատարանը չի հրապարակել իր որոշման պատճառաբանական մասը։ Սակայն ՍԴ նախագահ Արման Դիլանյանը հայտարարել էր, թե սահմանադրական երկու փոփոխություններից հետո իրավիճակ է փոխվել։ Ի դեպ, ՍԴ 3 դատավոր՝ Հրայր Թովմասյանը, Երվանդ Խունդկարյանն ու Արայիկ Թունյանը, հատուկ կարծիք են հայտնել այս որոշման վերաբերյալ։ Այդ կարծիքները դեռ չեն հրապարակվել։

Իշխանությունը դեռեւս չի հստակեցնում՝ խորհրդարանում կվավերացնի՞ այդ պայմանագիրը, թե՞ ոչ: ՍԴ որոշումից հետո եռամսյա ժամկետում այն պետք է խորհրդարան մտնի։ «Մենք չենք քննարկել այդ հարցը»,- վստահեցնում է ՔՊ-ական Հակոբ Ասլանյանն ու շարունակում․ «Բայց եթե անձամբ ինձ մնար, անկասկած, կվավերացնեի»: Ի՞նչ է տալու Պուտինի ձերբակալությունը Հայաստանին․ ՔՊ-ական պատգամավորը չցանկացավ մեր այս եւ մյուս այլ հարցերին պատասխանել,  ասելով՝ կքննարկեն, հետո կարծիք կհայտնի։

 

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031