Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բեթհովենի մազերի ուսումնասիրությամբ նոր տվյալներ են ի հայտ եկել հանճարեղ կոմպոզիտորի առողջության ու ընտանիքի մասին

Մարտ 29,2023 09:30

Գերմանացի հանճարեղ կոմպոզիտոր Լյուդվիգ վան Բեթհովենի առողջական խնդիրների ուսումնասիրությունը շարունակվում է մինչ օրս, քանի որ, կարելի է ասել, որոշակի իմաստով հենց ինքը՝ Բեթհովենն է «պատվիրել» իր առողջության ուսումնասիրությունը ժամանակակից գիտնականներին ՝ թողնելով նրանց ոչ միայն իր առողջական խնդիրները փաստագրող հարուստ գրականություն, այլև իր ԴՆԹ-ի նմուշները։

Բոննի, Քեմբրիջի համալսարաններն ու գիտնականների միջազգային խումբը ուսումնասիրել են կոմպոզիտորի 5 մազափնջերը՝ առանձնացնելով կոմպոզիտորի գենոմը, և իրենց հետազոտության մասին պատմել Current Biology ամսագրում մարտի 22-ին հրապարակված հոդվածում՝ նշելով, որ հեպատիտ В վիրուսով վարակված լինելու մասին ԴՆԹ-ապացույցներ են հայտնաբերել Բեթհովենի մազափնջից, որը վերցված է եղել կոմպոզիտորի մարմնից նրա մահից հետո։

Ինչպես նշել է Բոննի մարդու գենետիկայի ինստիտուտի պրոֆեսոր Մարկուս Նոթենը, Բեթհովենի մոտ նաև լյարդի հիվանդությունների գենետիկական խիստ նախատրամադրվածություն են նկատել․ «Մենք կարծում ենք, որ լյարդի հիվանդությունն առաջացել է ժառանգական նախատրամադրվածության, ալկոհոլի՝ լավ փաստագրված քրոնիկական օգտագործման և հեպատիտ B վարակի առկայության արդյունքում»։

Հետազոտողները նաև բացահայտել են, որ գենետիկ որոշակի տարբերություններ կան Բեթհովենի և նրա ընտանիքի ժառանգների միջև և ենթադրում են, որ կոմպոզիտորի հայրական գծում կարող է լինել ժառանգ, որը ծնվել է արտամուսնական կապից։

«Չենք կարող բացառել, որ հենց Բեթհովենը կարող էր ապօրինի ծնունդ լինել։ Ես չեմ պնդում, այլ ասում եմ, որ կարելի է դիտարկել նաև այդ տարբերակը»,- նշել է հետազոտող Տրիստան Բեգը՝ Քեմբրիջի համալսարանից։

Լուսանկարը՝ Anthi Tiliakou

Ցավոք, հետազոտողները, ուսումնասիրելով Բեթհովենի մազափնջերը, չեն ստացել այն տեղեկությունները, որոնք փնտրում էին ի սկզբանե՝ բացահայտել կոմպոզիտորի լսողության կորստի գենետիկ պատճառները։

Ինչպես նշում են նրանք, մազերն ավելի արագ են քայքայվում, քան ոսկորները և շատ դժվար էր բավականաչափ քանակով ԴՆԹ վերցնել հետազոտությունն իրականացնելու համար։

Բեթհովենը շատ երիտասարդ տարիքում է սկսում կորցնել լսողությունը՝ իր ամենահայտնի ստեղծագործությունների որոշ մասը գրելով այն ժամանակ, երբ բոլորովին խլացեր էր։ 22 տ․-ից Բեթհովենը տառապում էր աղեստամոքսային խնդիրներից, որոնք բնորոշվում էին փորացավով ու երկարատև փորլուծությամբ։ 1821 թ․-ի ամռանը նրա մոտ սկսվում են հայտնվել լյարդի հիվանդության առաջին ախտանշանները, և փորձագետները նշում են, որ լյարդի հիվանդության պատճառով էլ մեծ կոմպոզիտորը մահացել է 1827 թ․-ի մարտի 26-ին՝ 56 տարեկան հասակում։

Բեթհովենի մահից մեկ օր անց նրա օգնականները գտնում են կոմպոզիտորի գրասեղանի թաքուն հատվածում պահված մի փաստաթուղթ։ 1802 թ․-ին իր եղբայրներին ուղղված նամակում Բեթհովենը պատմում է իր զարգացող խլության, ապրումների և  ինքնասպանություն գործելու ցանկության մասին։ Այդ նամակում կոմպոզիտորը նաև խնդրում է իր մահից հետո խոսել իր առողջական խնդիրների մասին։ Բեթհովենի հենց այդ նամակով՝ հայլիգենշտադտյան կտակով էլ սկսվում է  կոմպոզիտորի առողջության ուսումնասիրությունը։

Սույն հետազոտողների համար հասանելի են եղել կոմպոզիտորի 8 մազափնջերը, որոնցից 3-ի պատկանելիությունը Բեթհովենին ավելի ուշ հերքվել է։

Ինչպես նաև մասնագետները հերքում են Բեթհովենի՝ կապարից թունավորման և այդ պատճառով լսողության կորստի՝ այլ հետազոտողների վարկածը։

Նրանք նաև հայտնում են, որ մազափնջերի գենետիկ ուսումնասիրությամբ չեն կարողացել պարզել ո՛չ խլության, ո՛չ էլ աղեստամոքսային խնդիրների պատճառները։ «Մենք չենք կարող հստակ ասել, թե ինչն է եղել Բեթհովենի մահվան պատճառը, սակայն կարող ենք հաստատել ժառանգական նշանակալի ռիսկի առկայությունն ու հեպատիտ В վիրուսով վարակված լինելը»։

«Բեթհովենը բացառիկ է իր առողջական խնդիրների վերաբերյալ թողած գրականությամբ, և սա այդ տեղեկությունները համալրելու հրաշալի հնարավորություն է՝ գենետիկ նոր մեթոդների օգտագործմամբ։ Ես չգիտեմ մեկ այլ պատմական անհատի, որն այսպիսի գրականություն է թողել իր առողջության մասին»,-նշել է հետազոտության հեղինակներից մեկը։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր՝ 1, 2

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031