Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Առաջին բեմադրությունից 78 տարի անց կներկայացվի ճիշտ «Արշակ Երկրորդ»

Մարտ 29,2023 13:30

Կանադաբնակ կոմպոզիտոր Ջոն Սարգսյանը դեռեւս 2017թ. «Առավոտի» հետ զրույցում «Արշակ Երկրորդ» օպերայի մասին հայտարարել էր, թե դա Տիգրան Չուխաջյանի երաժշտությունը չէ, ընդամենը հավելելով, որ ժամանակին ռեժիսոր Արմեն Գուլակյանը, որը օպերայի լիբրետոյի հեղինակն է, կոմպոզիտոր Լեւոն Խոջա-Էյնաթյանին հանձնարարել էր զբաղվել այդ օպերայի երաժշտությամբ։ Վերջինս ընդամենն օգտվել էր Չուխաջյանի երաժշտությունից, ստեղծագործելով եւ նշյալ օպերա ներմուծելով իր սեփական երաժշտությունը։ «Կարող եմ ասել, որ այն, ինչ դուք լսել եք եւ լսում եք, 80 տոկոսը Խոջա-Էյնաթյանինն է, ոչ թե Չուխաջյանինը»,- վստահեցրել էր Ջոն Սարգսյանը։

Հավելել էր նաեւ, թե ֆրանսաբնակ ռեժիսոր Ժիրայր Բաբազյանի հետ ինքն աշխատել է այս օպերայի բնագրի վրա եւ մի օր Երեւանի օպերային թատրոնում կներկայացվի «իսկական» «Արշակ Երկրորդը»։ Այս օրերին Երեւանի օպերային թատրոնում ընթանում են «նոր» «Արշակ Երկրորդի» փորձերը, որին ներկա է Ջոն Սարգսյանը։ Մինչ նրա հետ զրույցը ներկայացնելը տեղեկացնենք, որ այս օպերան Չուխաջյանն ավարտել է 1868թ., Պոլսում։ Օպերան հատվածաբար կատարվել է նույն թվականին։ Թերզյանի երկլեզու՝ հայերեն եւ իտալերեն լիբրետոն ստեղծվել էր հայոց արքա Արշակ Երկրորդի, թագուհի Օլիմպիայի, իշխանուհի Փառանձեմի եւ իշխաններ Գնելի ու Տիրիթի, ինչպես նաեւ Հայաստանի, Պարսկաստանի եւ Բյուզանդիայի փոխհարաբերությունների մասին՝ Փավստոս Բուզանդի եւ Մովսես Խորենացու տեղեկությունների հիման վրա։ Չուխաջյանի մահից հետո օպերան համարվում էր կորած։ Այն ի հայտ է եկել 1930-ականներին։ Իսկ երաժշտությունն ու լիբրետոն հիմնովին վերախմբագրվել են երաժշտագետներ Ալեքսանդր Շահվերդյանի, Լեւոն Խոջա-Էյնաթյանի եւ Արմեն Գուլակյանի կողմից։ Օպերայի այս տարբերակն առաջին անգամ մեր թատրոնում ներկայացվել է 1945թ. (ռեժիսոր՝ Արմեն Գուլակյան, դիրիժոր՝ Միքայել Թավրիզյան)։ 1956թ. կոմպոզիտորի այս գլուխգործոցին անդրադարձել են ռեժիսոր Վավիկ Վարդանյանն ու դիրիժոր Սուրեն Չարեքյանը։ 1986թ. օպերան բեմադրել են Տիգրան Լեւոնյանն ու դիրիժոր Յուրի Դավթյանը։ 1991-ին Տիգրան Լեւոնյանը դարձյալ անդրադարձել է այս ստեղծագործությանը, որը խաղացանկից հանվել է 1997թ.։ Տասը տարի հետո նոր բեմադրությամբ «Արշակ Երկրորդը» ներկայացրել են Գեղամ Գրիգորյանը եւ Կարեն Դուրգարյանը:։

Հիմա ներկայացնենք Երեւանի օպերային թատրոնում մարտի 29-ին նշանակված «Արշակ Երկրորդի» առիթով (համերգային կատարում) Ջոն Սարգսյանի խոսքը։ Մեր զրուցակիցն ասաց, որ ռեժիսոր Ժիրայր Բաբազյանի հետ «իսկական» «Արշակ Երկրորդի» աշխատանքները սկսել են 2010-ին, ավարտել 2015-ին. «Եգիպտահայ երաժշտագետ Հայկ Ավագյանը Չուխաջյանի ձեռագրից, որն, ի դեպ, պահվում է Երեւանի Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում, խմբագրել, ավելի ճիշտ՝ վերականգնել է օպերայի նախանվագն ամբողջությամբ, քանի որ պարտիտուրը կորած է համարվել։ Բայց գոյություն ունեին առանձին գործիքների պարտիաները… Դրանք համախմբել է ու վերականգնել նախանվագը։ Նշեմ, որ սա մեծ աշխատանք է, որն ավարտել է 2000թ.»։ Հարցին՝ իսկ նոր «Արշակ Երկրորդում» կոնկրետ ո՞րն է  Ջոն Սարգսյանի եւ Ժիրայր Բաբազյանի դերը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ես եւ Ժիրայրը իտալացի երաժշտագետներ Անջելա Ռոմանյոլիի եւ Լուչիա Տոպիի հետ շուրջ երկու տարի աշխատել ենք լիբրետոյի վերականգնման ուղղությամբ։ Նրանց հետ ճշտել ենք, լուծել մի շարք լեզվական խնդիրներ՝ իտալերենի հետ կապված։ Չուխաջյանը լիբրետոյի շուրջ 50 տոկոսը վերցրել է Թերզյանից եւ բավականին փոփոխություններ կատարել, որի հետեւանքով էլ իմաստային առումով աղավաղվել են որոշ մասեր, օրինակ՝ Վաղինակ սպարապետը Օլիմպիա թագուհուն զգուշացնում է վերահաս մի վտանգի մասին, որը նախատեսված էր ավելի ուշ… Ի դեպ, ձեր իմացած տարբերակում գործող անձինք են իշխաններ Գնելն ու Տիրիթը, մինչդեռ օրիգինալում Տիրիթ կերպար չկա, կա Վաղինակ… Վստահ եմ, որ կայանալիք երեկոյին թե մասնագետները, թե հանդիսատեսը վերջապես իրենց համար կհայտնաբերեն Չուխաջյանի իսկական «Արշակ Երկրորդը»։

Ջոն Սարգսյանը զրույցի ընթացքում հայտնեց. «Նախորդ տարի ես կապվեցի մաեստրո Կարեն Դուրգարյանի հետ եւ առաջարկեցի վերջապես թատրոնի խաղացանկում ունենալ ճիշտ «Արշակ Երկրորդ»։ Շնորհակալ եմ, որ նա ընդառաջեց եւ կարծում եմ, որ առայժմ ներկայացվելիք համերգային կատարումը շատ շուտով կստանա նաեւ թատերական հանդերձանք»։

Ջոն Սարգսյանին հիշեցրինք 2017թ. մեր հանդիպման առիթի մասին, որը կապված էր Չուխաջյանի մեկ այլ ստեղծագործության՝ «Կարինե» օպերա-բուֆֆի հետ։ Այդ տարի Երեւանի օպերային թատրոնում բեմադրվեց հիշյալ օպերան։ Ժիրայր Բաբազյանը հայտնաբերել էր օպերայի բնագիրը՝ Թագվոր Նալյանի իտալերենով գրված լիբրետոն, աշխատել դրա վրա եւ ստեղծել նոր՝ հայերեն լիբրետո։ Ըստ էության, մինչ այդ մենք «Կարինեն» լսել էինք Ղազարոս Սարյանի եւ Տիգրան Մանսուրյանի գործիքավորմամբ, քանի որ առկա էր ոչ թե պարտիտուրը, այլ կլավիրը, այն էլ Չուխաջյանի աշակերտների՝ Սինանյանի եւ Քեսեճյանի ձեռամբ գրված։ Ի դեպ, հայտնաբերված բնագրում կան Չուխաջյանի ձեռքով գրված պարտիաները, որոնք Ջոն Սարգսյանը ի մի է բերել, հավաքել պարտիտուր։ Մեր զրուցակիցը փաստեց, որ «Կարինե»-ում մի քանի համար գործիքավորված չէր, դա ինքն էր իրականացրել։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
28.03.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031