Երաժիշտ Ստեփան Տեր-Ղեւոնդյանը` հարվածային գործիքների, ազգային երաժշտության եւ կյանքի մասին
– Ստեփան, ինչո՞վ գրավեցին քեզ հարվածային գործիքները, ինչպե՞ս որոշեցիր ընտրել այդ ճանապարհը։
– Հարվածային գործիքներից ի սկզբանե դհոլն եմ սիրել, որի հնչյուններն ինձ գրավել են։ Առաջինը բուն գործիքի նկատմամբ հետաքրքրությունն է եղել, մի այլ ոգեւորություն էր մտել ներսս։ Ընտրեցի, որովհետեւ հասկացա, որ իմն է, տարերքս է, ընկերս է, եւ ես ինձ ներդաշնակ եմ զգում այդ «հարվածների» աշխարհում։ Չեմ ափսոսում ընտրությանս համար։
– Ունե՞ս ստեղծագործական կյանքի հստակ սկզբունքներ ու սահմաններ, որոնք ոչ մի դեպքում չես ոտնահարի։
Կարդացեք նաև
– Համոզված եմ` ստեղծագործական կյանքում բոլորն ունեն սկզբունքներ ու սահմաններ, այդ թվում` նաեւ ես։ Իմ կարծիքով՝ այդ ամենը գալիս է տարիների աշխատանքային փորձից ու դու սկսում ես տարբերել՝ որն է քոնը եւ որը ոչ, նվագում ես տարբեր ոճերում ու վերջապես գտնում ես քոնը։ Փորձում եմ հնարավորինս մաքուր պահել իմ ստեղծագործական տեսակը, իմ ուզած երաժշտությունը նվագել, որ չկաշկանդվեմ ու չկոմպլեկսավորվեմ։ Յուրաքանչյուրս պետք է մեր սկզբունքների տերը լինենք, որ կարողանանք գործել, առաջ ընթանալ եւ ինչ-որ բան փոխել։
– Ամենակարեւոր խորհուրդը, որ երբեւէ ստացել ես, եւ այն օգնել է մասնագիտական ձեռքբերումների ճանապարհին։
– Ամենակարեւոր խորհուրդը ծնողներիցս եմ ստացել՝ միշտ հավատալ սեփական ուժերին, չհիասթափվել, թեկուզ անհաջողությունների դեպքում։ Եվ ամենակարեւորը՝ ինքնակատարելագործվել, ինքնակրթվել ու հասնել նոր հորիզոնների։ Կյանքում երբեք չպետք է դադարես սովորել ու սովորեցնել։
– Խոսենք մեր ավանդական երաժշտության մասին։ Ինչո՞վ է ավանդականը գրավում քեզ, եւ ինչո՞ւ պետք է մերը` հայկականը, ազգայինը ներկայացնենք բոլորին։
– Ավանդական երաժշտությունը երեւի ոչ միայն գրավում է ինձ, այլեւ իմ արյան մեջ է։ Կարծում եմ` յուրաքանչյուր հայի արյան մեջ է։ Ուղղակի կան որոշ խնդիրներ. պետք է ամբողջովին ուսումնասիրել եւ հասկանալ՝ որն է հայկականը, եւ որը ոչ, վեր հանել մաքրամաքուրը։ Հայկական երաժշտության համակարգը գալիս է դարերի խորքից, այն արմատացած է հայ մշակույթի եւ նույնիսկ հայ գենետիկայի մեջ, իր մեջ կրում է, այսպես ասած, հայ ազգային գենի կոդը, քանի որ երաժշտությունն իր մեջ շատ ինֆորմացիա է կրում, այն, ինչ մենք ի վիճակի չենք արտահայտել լեզվով՝ շատ նուրբ զգացմունքներ, ելեւէջներ, անպատմելի պահեր ու պատմություններ, կարող են արտահայտվել երաժշտության միջոցով:
Եթե ես նվագում եմ հայկական երաժշտություն, ապա նպատակ ունեմ պահպանելու, տարածելու եւ սովորեցնելու ազգայինի յուրահատուկ կողմերը։ Նախ եւ առաջ մեր հայրենակիցներին պետք է ծանոթացնել մեր ազգայինի հետ, որ իրենք իրենց ճանաչեն որպես հայի ու հայկական արվեստի կրողի։
– Կյանքի ռիթմի մասին…
– Խիտ ու հագեցած գրաֆիկ ունեմ՝ դաս, փորձ, աշխատանք, համերգ, ամեն մեկն իր տեղում։ Միշտ զբաղված լինելը երաժշտի կյանքում սովորական է։ Կյանքի ռիթմն ուղեկցվում է երաժշտական ռիթմով։
Զրուցեց Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
28.03.2023