Սննդաբան, դիետոլոգ Դիանա Մինասյանը՝ առողջ ապրելակերպի նրբությունների եւ դրանք պահպանելու կարեւորության մասին։
– Ի՞նչ է իրենից ներկայացնում սննդաբանի մասնագիտությունը։
– Դա առանձին մասնագիտություն է՝ վերջին տարիներին արագորեն զարգացող: Սննդաբանը եւս տիրապետում է բժշկական անհրաժեշտ գիտելիքներին, բայց չի բուժում: Սննդաբանն աշխատում է հաճախորդների հետ, բժիշկը՝ հիվանդների: Սննդաբանի խնդիրն է օգնել կազմակերպել առողջ սննդակարգն ու կենսակերպը, ընտրել սննդակարգի տեսակներ հարմար տվյալ մարդուն, անհրաժեշտության դեպքում ուղղորդել բժշկի հետագա հետազոտությունների։
– Մեր օրերում շատերն են կանգնած ճարպակալման վտանգի առաջ, ինչպե՞ս հաղթահարել այդ խնդիրը։
Կարդացեք նաև
– Ցավոք, դա շատ լուրջ խնդիր է: Ճարպակալման խնդիրներ արդեն երեխաներն էլ ունեն: Միայն կենսակերպը փոխելով, սննդակարգը կարգավորելով, նաեւ ֆիզիկապես ակտիվ լինելով կարելի է լուծել խնդիրը: Եվ իհարկե՝ պետք է դիմել սննդաբանի օգնությանը, շատ դեպքերում նաեւ հոգեբանի, որովհետեւ մարդկանց մեծ մասն ունի սննդային վարքագծի շեղում։
– Հորմոնալ խնդիրները որքանո՞վ կարող են ավելորդ քաշի պատճառ լինել։
– Ավելորդ քաշը կարող է դառնալ հենց հորմոնալ խնդիրների պատճառ: Մեր աղջիկները շատ են սիրում ամեն ինչ հորմոնների վրա բարդել: Սնունդը կարգավորեք, ավելի քաշից ազատվեք, դիմեք էնդոկրինոլոգի, եւ ամեն ինչ լավ կլինի: Ուտելով ֆասթֆուդ, բուլկիներ եւ մտածել, թե միեւնույն է՝ հորմոնալ խնդիրներ ունեմ, սխալ է։
– Վերջին շրջանում շատ ակտուալ են դարձել «նիհարեցնող հաբերը», որպես սննդաբան՝ ի՞նչ կարծիք ունեք դրանց մասին։
– Որպես սննդաբան ունեմ շատ վատ կարծիք: Եվ վստահեցնում եմ, որ նիհարեցնող հաբեր, սնունդ գոյություն չունեն: Թույլ մի տվեք ձեզ խաբեն եւ գումար աշխատեն՝ վտանգելով ձեր առողջությունը: Կա միայն մեկ ձեւ նիհարելու՝ կալորիաների դեֆիցիտ:
– Որո՞նք են նիհարելու վերաբերյալ ամենատարածված միֆերը։
– Այս թեմայի մասին մի մեծ հատոր գիրք կարելի է գրել: Նշեմ ամենատարածվածներից՝ օրական 2-3 լ ջուր խմելը, 6-ից հետո չուտելը, բանան, կարտոֆիլ, մակարոն չուտելը, եւ ամենաաբսուրդը՝ բեռնաթափումները, չգիտեմ էլ, թե ով եւ ինչպես այս վտանգավոր երեւույթը տարածեց։
– Ո՞րն է սննդաբանի իրական առաքելությունը։
– Սննդաբանի իրական առաքելությունն է օգնել մարդուն ձեռք բերել առողջ սովորություններ, առողջ ապրելակերպը դարձնել կենսակերպ, սննդաբանի առաքելությունն է կոչ անել, օրինակ ծառայել մարդկությանը, որպեսզի հետեւեն սննդի որակին, որովհետեւ դա առողջության եւ լավ ինքնազգացողության երաշխիքն է: Հենց սննդի միջոցով ենք ստանում էներգիա եւ մեր օրգանիզմին անհրաժեշտ տարրեր:
– Ինչպե՞ս ճիշտ կողմնորոշվել եւ չտրվել արագ նիհարելուն ուղղված խաբեություններին։
– Ցավոք, հիմա շատ են մարդիկ, որոնք արժեզրկում են սննդաբանի մասնագիտությունը: Մի օր արթնանում են եւ որոշում, որ սննդաբան են, վաճառում են իբր նիհարեցնող հաբեր: Վերջերս աչքովս ընկավ, որ Օմեգա 3 են վաճառում եւ խաբում, թե նիհարեցնում է: Որպեսզի չխաբնվեն մարդիկ, միշտ սննդաբան ընտրելիս նայեք նրա դիպլոմները, սերտիֆիկատները, փորձը: Սննդաբան մեկ օրում չեն դառնում, դա լուրջ մասնագիտություն է: Բացի դա, սովորեք ֆիլտրել ինֆորմացիան: «ՖԻԹՆԵՍ ԽՈՀԱՆՈՑ» խմբի ինֆորմատիվ գրառումները կօգնեն չխաբվել։
Զրուցեց Մարիամ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
28.03.2023