Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվա-Բաքու սինքրոն խաղեր

Մարտ 29,2023 12:00

Թե ինչպես են ռուսները «դիրքավորվում», «վերահսկում», «բանակցում», չմոռանալով` «մեղադրել»

Մարտի 26-ին Արցախի ՆԳՆ-ն հայտնեց, որ ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են քաղաքացիական անձանց ուղղությամբ. «Տուժածներ չկան, սակայն հերթական անգամ դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները: Հաղորդագրությունը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին»։ Արցախի Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում, տեղեկանում էինք Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի մարտի 26-ի տեղեկատվական տեղեկագրում։ «Զոհեր չկան։ Ռուսական խաղաղապահ զորախմբի ուժերը հետաքննում են դեպքը»։

Ադրբեջանական ագրեսիան մեծ թափով շարունակվում է: Վերոնշյալ միջադեպն արձանագրվեց նախորդ օրը տեղի ունեցած ադրբեջանական հերթական ապօրինություններից հետո: Մարտի 25-ին Շուշի-Լիսագոր հատվածում Ադրբեջանի զինված ուժերը դիրքային առաջխաղացում էին ունեցել: Արցախից պաշտոնապես հաղորդում էին, Արցախի Հանրապետության իշխանությունները եռակողմ հայտարարության դրույթների հերթական կոպիտ խախտման մասին անմիջապես տեղեկացրել են ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ հաշվի առնելով տվյալ փաստաթղթով նրանց ստանձնած առաքելությունն ու գործառույթները: «Իշխանություններն ակնկալում են խաղաղապահ զորակազմից գործնական քայլեր ձեռնարկել տվյալ խախտման հետեւանքների վերացման ու նոր խախտումների կանխարգելման նպատակով: Ադրբեջանական կողմի կեղծ պնդումը Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր լեռնային ճանապարհը իբր զինամթերքի փոխադրման նպատակով կիրառելու մասին պարզապես պատրվակ է իրենց հերթական ագրեսիվ ու ապակառուցողական գործողությունների իրականացման համար: Այդ նույն պնդմամբ նրանք մարտի 5-ին հարձակվեցին ու սպանեցին ծառայողական պարտականությունները կատարող երեք ոստիկանի եւ վիրավորեցին եւս մեկին»:

Արցախից նաեւ հիշեցնում էին, որ դեկտեմբերի 12-ից մեկնարկած շրջափակման պայմաններում տվյալ լեռնային ճանապարհն օգտագործվում է Ստեփանակերտի եւ Շուշիի շրջանի չորս համայնքների միջեւ քաղաքացիական ու հրատապ հաղորդակցության կազմակերպման համար, ինչն իրականացվում է բարձր մեքենաներով՝ հաշվի առնելով տեղանքի խիստ բարդ ու վտանգավոր ռելիեֆը. «Իսկ Պաշտպանության բանակի գոյությունն ու բնականոն գործունեությունը որեւէ վտանգ չի ներկայացնում որեւէ մեկի հանդեպ, քանի որ նախատեսված է բացառապես ինքնապաշտպանության համար՝ նկատի ունենալով Արցախի ժողովրդի ֆիզիկական գոյության ու անվտանգության դեմ ուղղված իրական ու անմիջական վտանգներն ու սպառնալիքները»:

Այնուհետեւ Արցախից հայտնում էին. «Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհին հարակից բարձունքներից մեկին ադրբեջանական զինված ուժերի դիրքային առաջխաղացումից հետո ռուս խաղաղապահները դիրքավորվել են տվյալ բարձունքին եւ վերահսկում են այն: Նրանք միեւնույն ժամանակ բանակցություններ են վարում ադրբեջանական կողմի հետ՝ ապահովելու համար նրանց վերադարձը ելման դիրք: Դրան զուգահեռ Պաշտպանության բանակի ստորաբաժանումները ձեռնարկել ու ձեռնարկում են համապատասխան քայլեր՝ կանխելու ադրբեջանական հնարավոր հետագա սադրանքները եւ, անհրաժեշտության դեպքում, ապահովելու տվյալ լեռնային ճանապարհի անվտանգ կիրառումը: Արցախի իշխանությունները մշտական կապի մեջ են ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ՝ իրավիճակի կարգավորման ուղղությամբ բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկելու նպատակով»:

Ի՞նչ են նշանակում այս տարօրինակ արձանագրումները` «ադրբեջանական զինված ուժերի դիրքային առաջխաղացումից հետո ռուս խաղաղապահները դիրքավորվել են տվյալ բարձունքին եւ վերահսկում են այն», եւ «նրանք միեւնույն ժամանակ բանակցություններ են վարում ադրբեջանական կողմի հետ՝ ապահովելու համար նրանց վերադարձը ելման դիրք»: Այսինքն, եթե ռուս խաղաղապահները դիրքավորվել են տվյալ բարձունքին եւ վերահսկում են այն, ինչի՞ շուրջ են բանակցում ադրբեջանական կողմի հետ: Իսկ գուցե որեւէ «դիրքավորում» չի եղել, պարզապես ադրբեջանական կողմը հերթական զավթողական առաջխաղացումն է իրականացնում, ռուսական կողմն արձանագրում է փաստը, ապա հայտարարվում է, թե զբաղվում են հերթական «միջադեպով», «բանակցում» են, ու այսպես շարունա՞կ…

ՌԴ ՊՆ-ն արձագանքեց տեղի ունեցածին, այս անգամ մատնանշելով Ադրբեջանին որպես իրավիճակի պատասխանատու կողմ. «Մարտի 25-ին Ադրբեջանի զինված ուժի ստորաբաժանումը, ի խախտումն Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի եւ Ռուսաստանի նախագահի 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 1-ին կետի, հատել է կողմերի շփման գիծը Շուշիի շրջանում, «զբաղեցրել է 2094,0 նիշով բարձունքը (Սարըբաբա լեռից 2,9 կմ հյուսիս-արեւելք) եւ սկսել դիրքի ինժեներային կահավորում»: Այնուհետեւ ՌԴ ՊՆ-ի տեղեկագրում նշվում էր. «Ռուսաստանցի խաղաղապահների հրամանատարությունը ձեռնարկում է ճգնաժամային իրավիճակի էսկալացիայի եւ հակամարտ կողմերի՝ փոխադարձ սադրանքների կանխմանն ուղղված միջոցներ… Ադրբեջանական կողմին է հասցվել պետությունների ղեկավարների եռակողմ համաձայնությունների դրույթների պահպանման, ինժեներական աշխատանքների դադարեցման եւ ազգային զինված ուժերի՝ նախնական դիրքեր հետքաշման պահանջը»:

Իրականում, այն, ինչ տեղի է ունենում Արցախում, խիստ օրինաչափ է: Մինչ այժմ ադրբեջանական կողմը անպատիժ է մնացել առաջխաղացումներից, հարձակումներից, դիվերսիաներից հետո: Եվ ցավալին այն է, որ տեղում ռուսական առաքելությունից բացատրություն պահանջող չկա: Հերթական միջադեպը, այսպես ասած` «հարթվում» է, միակ բանը, որ կարող է տեղի ունենալ, սա է` հայաստանյան ընդդիմությունը ՀՀ իշխանությունից կպահանջի պաշտպանել արցախահայությանը: Այս պահանջն, իհարկե, լեգիտիմ է, եւ դրա մասին ՀՀ իշխանությունները ոչ մի րոպե չպետք է մոռանան:

Խնդիրը, սակայն, այն է, որ պաշտոնական Մոսկվայի կողմից արված մի շարք հայտարարություններ արդեն իսկ վկայում են այն մասին, որ «իրավիճակ է փոխվել»: ՌԴ իշխանություններն արդեն բացահայտ աղավաղում են 2020թ. նոյեմբերի 9-ի փաստաթղթի դրույթները: ՌԴ ԱԳ նախարար Լավրովը վերջերս հայտարարել է` «անհրաժեշտ է ապահովել ազատ տեղաշարժ բացառապես քաղաքացիական հումանիտար բեռների եւ քաղաքացիական անձանց համար»: Սա Արցախը զինաթափելու, Արցախին ինքնապաշտպանությունից զրկելու հստակ գիծ է։ Կամ, ի՞նչ էր նշանակում վերջերս ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում Լավրովի մեկ այլ հայտարարությունը` Ղարաբաղի բնակիչների անվտանգության հարցը պետք է լուծվի Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ բանակցություններով։ Հայաստանում ու Արցախում Լավրովի վերոնշյալ հայտարարությունները չե՞ն լսել:

Այս ամենով հանդերձ, սակայն, առավել վտանգավորն այն է, որ ռուսական կողմն անցել է հայկական կողմին հրապարակավ մեղադրելու քաղաքականությանը: Եվ տպավորություն է ստեղծվում, որ նման պահվածքով, փորձ է արվում մեղմացնել ռուսական կողմի ոչ հայանպաստ դիրքորոշումները: Իսկ ռուսական կողմի մեղադրանքների շարանը օր օրի խիստ հարստանում է:

«Արեւմուտքը փորձում է կռվեցնել Ռուսաստանին եւ Հայաստանին», – Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում անցյալ շաբաթ ասաց Լավրովը` հավելելով. «Փորձեր են կատարվում խաթարել անվտանգության տարածաշրջանային ճարտարապետությունը»։

Իսկ Արցախում «անվտանգության ճարտարապետությո՞ւն» էր կառուցված եղել: «Անվտանգության» այդ «ճարտարապետության» պայմաններո՞ւմ են մինչեւ ԵՄ դիտորդների ՀՀ տարածքում տեղակայվելը Արցախում քաղաքացիական անձինք զոհվել, ադրբեջանական այլ առաջխաղացումներ արձանագրվել:

Կամ, Լավրովն ասում է` «Լաչինի միջանցքի խնդիրը պետք է դիտարկել բացառապես եռակողմ հայտարարությունների համատեքստում» ու ընդգծում է՝ յուրաքանչյուր կողմ ունի իր պարտավորությունը։ Հետաքրքիր է` հայկական կողմը ի՞նչ պարտավորություններ ունի, որոնք նկարագրված չեն նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթով:

Կամ` ո՞վ է փակել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը, գոնե այս հարցի պատասխանը բոլորի համար, թվում էր, թե պարզ պետք է լիներ: Սակայն հնարավո՞ր է, որ այս փաստն անտեսելու ռուսական դիրքորոշումն ուղղակի խիստ օրինաչափ է:

Ու այս իրավիճակում նույն Լավրովը հայտարարում է. «Մենք կողմ ենք, որպեսզի խստորեն եւ ամբողջ ծավալով, առանց որեւէ իմպրովիզների կատարվեն բոլոր այն եռակողմ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եւ Հայաստանի վարչապետի միջեւ, առաջին հերթին այն պայմանավորվածությունները, որոնք ստորագրվել են 2020թ. նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը։ Եվ Լաչինի միջանցքի խնդիրը պետք է դիտարկել բացառապես այս համատեքստում»։

Հայ-ռուսական վերջին բանակցությունների մեկնարկին ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը դիմելով ռուսաստանցի պաշտոնակցին, ասաց, որ Երեւանը դաշնակիցներից ակտիվ քայլեր է ակնկալում, որպեսզի Ադրբեջանը կատարի ստանձնած պարտավորությունները եւ վերջ տա ուժի կիրառմանը։ Նա հավելել էր, որ եռակողմ հայտարարությունում գրեթե կետ չի մնացել, որ Ադրբեջանը խախտած չլինի՝ հրադադարի ռեժիմի խախտում, Հայաստանի տարածքի օկուպացիա, Լաչինի միջանցքի անօրինական շրջափակում, հայ ռազմագերիների շարունակվող կալանք։ Միրզոյանը նաեւ հիշեցրել էր ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում Արցախի մի շարք գյուղերի օկուպացիան։ Հստակ ընդգծվեց պաշտոնական Երեւանի դիրքորոշումը, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտում է նախապատրաստում։

Բայց ի՞նչ է ստացվում. մամուլի ասուլիս է տեղի ունենում, հրապարակային նման հայտարարություններ են հնչում, Լավրովը շեշտում է, թե թափանցիկ ու անկեղծ զրույց են ունեցել, եւ վերջ, ամեն ինչ ավարտվում է, պաշտոնական Երեւանի ներկայացրած գնահատականները մնում են անպատասխան:

Անցյալ շաբաթ ցնցող էր նաեւ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի մեկ այլ հայտարարություն, որը նա հնչեցրեց ամենշաբաթյա մամլո ասուլիսում, անդրադառնալով հայ-ադրբեջանական բանակցային գործընթացին եւ լրագրողի հարցին, թե արդյո՞ք Մոսկվայում չեն կարծում, որ հայ-ադրբեջանական կարգավորման հարցը փակուղի է մտել: Նա պատասխանեց. «Հենց Արեւմուտքը եւ ԵՄ-ն հայտնվեցին հայ-ադրբեջանական սահմանին, անմիջապես սկսվեցին մասշտաբային խնդիրներ…»։

Իրապես, «հիանալի» իրավիճակ է, եթե ռուսական կողմի համար արդեն իսկ գոյություն ունի «մեղավոր», որի վրա կարելի է բարդել ամեն ինչ: Իսկ տարօրինակ չէ՞, որ Զախարովայի այս հայտարարությունից ուղիղ 3 օր առաջ, Միրզոյան-Լավրով բանակցությունների օրը` մարտի 20-ին, Ադրբեջանի ԱԳՆ-ն էլ իր հերթին կոչ արեց Հայաստանի իշխանություններին «իրադրությունը սրելու նպատակով չօգտվել ԵՄ դիտորդական առաքելության ներկայության փաստից»։

Ահա ադրբեջանական դիվանագիտական գերատեսչության տարածած հայտարարությունից մեկ հատված. «Հայկական կողմը պետք է վերջ տա իր տարածքում ԵՄ քաղաքացիական մոնիտորինգային առաքելության տեղակայման փաստի չարաշահմանը, ինչի նպատակը տարածաշրջանում իրադրության սրումն ու սեփական ռազմական սադրանքները կոծկելն է»: Ավելին, Բաքուն ավելի խտացրեց գույները` արձանագրելով. «Ադրբեջանի կողմից տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի դեմ գործադրվող բոլոր սադրանքների պատասխանատվությունը կրում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը։ ԵՄ առաքելության ներկայությունը Հայաստանի տարածքում չպետք է Երեւանի կողմից իր իսկ ստանձնած պարտավորությունների կատարումից հրաժարվելու պատճառ դառնա»։

Իսկ արդյունքում, Մոսկվա-Բաքու սինքրոն դիրքորոշումների արտահայտումներից օրեր անց` մարտի 25-ին, Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհին հարակից բարձունքներից մեկում արձանագրվում է ադրբեջանական զինված ուժերի դիրքային առաջխաղացումը, որից հետո ռուս խաղաղապահները «դիրքավորվում» են բարձունքում, «վերահսկում» են այն, եւ ինչպես միշտ, «բանակցություններ են վարում» ադրբեջանական կողմի հետ` նրանց հերթական ապօրինությունից հետո:

Հերթական «բանակցությունները», որոնք երբեք չեն ավարտվում, դրանց արդյունքների վերաբերյալ, դրանց շուրջ համաձայնությունների մասին, կամ, ընդհակառակը` այդ «բանակցություններում» անհամաձայնությունների մասին երբեք ոչինչ չի հայտարարվում: «Բանակցություններ», որոնք հայկական կողմի համար դրական արդյունք, ինչպես երեւում է, չեն ունենում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
28.03.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031