Երևանի քաղաքապետի տեղակալ, քաղաքապետի՝ իշխանական թեկնածու Տիգրան Ավինյանի՝ երեկվա հայտարարությունը, որ այսուհետ ինքն է վարելու Երևանի ավագանու գործակարգավարական նիստերը բավականին լուրջ խնդիր է։ Եթե դա պարբերաբար բնույթ պետք է կրի, ապա ճիշտ կլիներ ուղղակի արտահերթ ընտրություններ անցկացնել և միանգամից տեսնել՝ ով կհաղթի այդ ընտրություններում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը։
«Դա որևէ լավ բան չի նշանակում և այստեղ պարզ է դառնում, թե ինչո՞ւ Հրաչ Սարգսյանը հրաժարական տվեց։ Մենք տեսնում ենք, որ արդեն դե ֆակտո քաղաքապետի պարտականություններն Ավինյանն է կատարում։ Բնական է, որ անբնական սիտուացիա է ստեղծվել։ Կարելի էր ձևականությունների հետևից չընկնել և արտահերթ ընտրություններ նշանակել»,- նշեց նա։
Իսկ ինչն է ստիպել իշխանություններին այդուհանդերձ ռիսկի չդիմել և հետ կանգնել ունեցած արտահերթ ընտրություններ անցկացնելու և Ավինյանին քաղաքապետի աթոռը հանձնելու մտադրությունից։ Հոկտանյանի կարծիքով՝ պատճառներից մեկը կարող է լինել Ավինյանի վարկանիշը։ Չի բացառվում, որ իշխանությանը վախեցել է, որ արտահերթի դեպքում ՔՊ-ն այդքան ցանկալի 50+1 տոկոսի շեմը չկարողանա հաղթահարել։
Ավինյանի վարքագիծը Հոկտանյանը կառավարման և էթիկայի տեսակետից կոռեկտ չի համարում, միաժամանակ նշում է, որ ամբողջ աշխարհում ընդունված պրակտիկա է՝ միշտ էլ իշխանությունն այլ քաղաքական ուժերի համեմատ առավելություն ունի, հատկապես՝ ոչ այնքան ժողովրդավար պետություններում։ Հետևաբար՝ ասել, թե ՔՊ-ն, Ավինյանին լայն լիազորություններով օժտելով, վարչական ռեուրսի չարաշահում է թույլ տալիս, այդքան էլ ճիշտ չէ։
Կարդացեք նաև
«Սովորաբար «վարչական ռեսուրսի չարաշահում» կոնցեպտը կիրառվում է զուտ նախընտրական քարոզչության ժամանակ ուղղակիորեն ձայներ բերելու համար, այսինքն՝ մարդկանց, համայնքային կամ պետական հիմնարկություններում ընտրակաշառք բաժանելը, որը նախկինում էլ կար, երևի հիմա էլ կա»,- նկատեց Հոկտանյանը։
Ուզուրպացրե՞լ է իշխանությունը Երևանի քաղաքապետի պաշտոնը. Այս հարցին ևս Հոկտանյանը վերապահումով է պատասխանում։ Ըստ էության Երևանի քաղաքապետարանի կադրային քաղաքականությունը վարում է ՔՊ-ն, ընտրված վարչության պետերը նշանակել են նույն Քաղպայմանագրի կողմից, հետևաբար՝ քաղաքական իմաստով իշխանությունը որևէ մեկից չի խլել փաշինյանական վարչախումբը։ «Քաղաքապետի պաշտոնը ուզուրպացնելը կերևա ընտրությունների ժամանակ։ Այս պահին ուզուրպացիայի մասին խոսել՝ նշանակում է շատ ավելի հեռուն գնալ, երբ ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակ, քվեարկության օրը, քվեարկությունից հետո լինեն այդպիսի խայտառակություններ, այն ժամանակ ես կարող եմ ասել՝ այո՛, վարչական ռեսուրսի չարաշահում կա, բայց հիմա ամբողջ քաղաքապետարանն իրենց ձեռքում է։ Այնպես չէ, որ այնտեղ կան այլ քաղաքական ուժեր, այսինքն՝ Երևան քաղաքն ու քաղաքապետարանը ղեկավարվում է կոլեգիալ կերպով, կա կոալիցա ու հիմա հանկարծ խլել են իշխանությունը, դա է ուզուրպացիան»,-հավելեց Հոկտանյանը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: