Ինչպես հայտնի է, ամանորյա լուսավորություն ապահովելու համար Հանրապետության հրապարակի հուշարձան շենքերի պատերը ծակծկել էին համապատասխան տեխնիկայով ու լամպեր ամրացրել, ինչը հարուցել էր երեւանցիների, բազմաթիվ մասնագետների լուրջ դժգոհությունը: Ինչքան էլ բողոքեինք, աղմուկ բարձրացնեինք, Պատմամշակութային արժեք հանդիսացող շենքերն արդեն վնասվել էին ու վնասը փոխհատուցելու համար Երեւանի քաղաքապետարանը ուշագրավ լուծումների է գնացել:
Երեւանի քաղաքապետարանից «Հրապարակին» հավաստիացրել են, որ մարտի 14-ին շենքի վրա առկա բոլոր անցքերը, որոնք առաջացել են ամանորյա զարդարանքների տեղադրման արդյունքում, նորոգված են: Բոլոր անցքերը, որոնք իրենց մեղքով են արվել, այլեւս փակված են. «Մեր կողմից արված բոլոր ներգործությունները վերացված են: Դրանք պատշաճ տեսքի են բերվել, ես չգիտեմ, թե ինչի մասին է խոսքը»,- ասել է Երեւանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի բաժնի պետի տեղակալ Տարոն Գեւորգյանը:
Այսօր մենք փորձեցինք ինքներս ուսումնասիրել ու տեսնել՝ ինչպե՞ս են փակել կառավարության շենքի անցքերը: Պարզվեց՝ անցքերի մի մասը իրոք փակել էին ու ներկել, բայց այնքան փնթի ու ոչ էսթետիկ, որ ներկի տարան անգամ թողել են շենքի վրա: բացի այդ, ոչ մի տրամաբանությանը չի ենթարկվում այն, թե ինչո՞ւ է Երեւանի քաղաքապետարանը որոշել «ջոկողություն» դնել անցքերի մեջ, սա՝ նախկինների արածն է, սա՝ մեր: Կամ ինչպե՞ս ի՞նչ սրտով են մի անցքը փակել, կողքինը թողել՝ մանկապարտեզային նեղացկոտությամբ:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Ամեն ինչում ենք այսպես՝ փնթի: