Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

««Վերծանելով» սրբազան ծառերի` սոսիների տերևների սոսափյունը». արմավիրյան արձանագրությունները

Մարտ 28,2023 17:48

Անտիկ Հայաստանի Արմավիր մայրաքաղաքի (մ.թ.ա. VI–III դ. վերջ) հունարեն արձանագրությունները Հայկական բարձրավանդակի տարածքում հայտնաբերված ամենավաղ հունալեզու գրավոր հուշարձաններն են։ Դրանք հայտնաբերվել են 1911 և 1927 թթ. Արմավիրի բլրի (քաղաքի միջնաբերդի) հարավային լանջին Ն. Մառի Անիի արշավախմբի անդամների (Ն. Օկունև, Ն. Սիչև) և Կովկասյան պատմահնագիտական ինստիտուտի ու Հայաստանի հուշարձանների պահպանության կոմիտեի հետազոտությունների արդյունքում։

Արձանագրությունները հայտնաբերվել են Արմավիրի սրբավայրերից մեկի` «Սոսյաց անտառի» տարածքում: Տվյալ տարածքի` սրբազան լինելու մասին են վկայում պատմիչ Մովսես Խորենացին և որոշ հնագիտական տվյալներ: «Սոսյաց անտառում» են քրմերը գուշակել ապագան` «վերծանելով» սրբազան ծառերի` սոսիների տերևների սոսափյունը։

1911 թ. հայտնաբերված առաջին արձանագրությունը մ.թ.ա. VIII դ. հույն պոետ Հեսիոդոսի «Աշխատանք և օրեր» պոեմից է։

Երկրորդ արձանագրությունը հատված է մ.թ.ա. V դ. հեղինակներ Սոփոկլեսի կամ Եվրիպիդեսի ողբերգությունից, որտեղ հիշատակված է «ռազմատենչ աստվածուհին»։ Հունական աշխարհում նման բնութագրով հանդես էր գալիս Արտեմիսը, որը Հին Հայաստանում նույնացվել է Անահիտ աստվածուհու հետ։

Երրորդ արձանագրությունն ունի նվիրաբերական բնույթ, որում հիշատակված են չորս ձի, մարտակառք և մեկ պատկեր։

Արմավիրում 1927 թ. գտնված և պահպանված երկրորդ քարի համեմատաբար հարթ մակերեսին փորագրված է չորս արձանագրություն:

Առաջին արձանագրությունը Արմավիրի քրմապետ Միթրասի (Միհր) ողջույնի ուղերձն է Էբրոնտաս (Երվանդ) արքային։

Երկրորդ արձանագրությունում թվարկված են ասորա-մակեդոնական օրացույցի 13 ամսանունները։

Երրորդ արձանագրությունում հիշատակվում է ոմն Նումենիոսի պաշտոնական այցը Արմավիր։

Չորրորդ արձանագրության տողերն ավելի վնասված են, իսկ տեքստի վերծանումը՝ խնդրահարույց։ Այստեղ ևս առկա է Նումենիոսի անունը և խոսվում է մի անձի մասին, որը «զոհվել է զենքը ձեռքին»։

Տեքստի բովանդակության շուրջ առկա վարկածների թվում ուշագրավ է հայ պատմաբան Հակոբ Մանանդյանի տեսակետը, համաձայն որի` սա ակնարկ է Երվանդ IV Վերջինի մահվան վերաբերյալ։

Ըստ Մովսես Խորենացու՝ «Սոսյաց անտառի» արձանագրությունները որոշակիորեն կապակցվում են նաև Արեգ/Տիրի և Անահիտ/Լուսնի տաճարների հետ՝ տեղակայված Արմավիրի բլրի գագաթին։ Տաճարի ուրարտական ծագումը (Susi – Խալդիի տաճար) և անտիկ շրջանում դրա վերակառուցումն ու ընդլայնումն այստեղ ընթացած պաշտամունքի ավանդականության դրսևորում են:

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031