Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ Երևանին ասում են վարդագույն քաղաք, խոսքը վարդերի և վարդագույն տուֆի մասին է, ոչ թե սակուրաների. Մասնագետ

Մարտ 28,2023 15:35

Երբ Երևանին ասում են վարդագույն քաղաք, խոսքը վարդերի և վարդագույն տուֆի մասին է, ոչ թե սակուրաների, որոնք հիմա ուզում են տնկել Երևանի կենտրոնում։ Այս մասին «Sputnik Արմենիայի» մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ասաց ԵՊԲՀ հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի դոցենտ, Երևան քաղաքի ավագանու անդամ, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի նախկին փոխտնօրեն Քրիստինա Վարդանյանը։

«Եթե սակուրան ապահովում է 10-օրյա ծաղկում և տերևների անկում, ապա մեր տերյանական աշունը հացենիի գունավորմամբ է եղել։ Երևի պետք է շատ երկար մտածել, որ Ալեքսանդր Թամանյանի՝ Երևանի առաջին հատակագծի հեղինակի, պատմամշակութային արժեքների պաշտպանի արձանի առջև բերել և դնել օտար մշակույթի խորհրդանիշ հանդիսացող ծառը և հատել մեր մշակույթը, մեր հացենին, որը մեր ամենահին ծառատեսակներից է: Եթե սակուրան ապահովում է 10 օրվա ծաղկում, որը կյանքի արագության մասին ճապոնացիների փիլիսոփայությունն է, իսկ մեր տերյանական գեղեցիկ աշունը պայմանավորված էր հենց հացենիի դեղին գունավորմամբ: Մեր դենդրոլոգները ժամանակին շատ երկար են մտածել, որ Մոսկովյան փողոցն ամբողջությամբ հացենիներ են տնկել և Թամանյանի արձանի մոտ լուրջ դեկորացիա պետք էլ չի` այդտեղ գլխավորն արձանն ու Կասկադի համալիրն է։ Ես կանաչապատման այդ ծրագրին դեմ չեմ, սակայն հարցն այն է, թե ինչն ինչով ենք փոխարինում։ Պետք է ընտրենք այնպիսի ծառատեսակներ, որոնք հզոր են և սանիտարական հատկանիշներով, և մարդու հոգեկան աշխարհի վրա ազդեցությամբ»,–նշեց Վարդանյանը՝ հավելով, որ սակուրան չի կարող մրցել հացենու հետ ոչ մի հատկանիշով, և երբ հատում են ծառերը, պետք է նույնանման ծառերով համալրեն։

Միաժամանակ, մասնագետը տեղեկացրեց, որ Երևանում իրեն շատ լավ է զգում սոճին, սոսին, գիհին. գիհու մեկ հեկտարը մաքրում է միջին չափի քաղաքի օդի ավազանը միկրոօրգանիզմներից։

Նրա խոսքով, Երևանում ժամանակին գոյություն ունեցող կանաչ 3 օղակները պաշտպանում էին քաղաքը, 90-ական թվականներին սկիզբ առած կանաչ լանջերի քայքայման պատճառով այսօր էրոզիայի են ենթարկված և եթե 1990-ին մենք 903 հեկտար կանաչ գոտի ունեինք, ապա 2020-21թթ տվյալներով այն 867 հեկտար է դարձել։

Վարդանյանի հավաստմամբ, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը ստեղծելիս նպատակ են ունեցել հիմնարար քայլեր անել, քանի որ կարևոր է ոչ թե ծառատունկ իրականացնելը, այլ ֆունդամենտալ քայլեր անելը, օրինակ, ստեղծել անկախ հորեր, որպեսզի ոռոգման հարցը լուծվի։

«Ծառատունկը Երևանում իրականացվում է մարտ-ապրիլ ամիսներին, իսկ ոռոգման ջուրը մատակարարում են հունիսի կեսերին, ստացվում է, որ ամբողջ ծառատունկը պետք է ջրվի մեքենաներով, որը բավականին մեծ ծախսատար ու ռեսուրսներ պահանջող գործողություն է: Ծառատունկ անելիս պետք է հաշվի առնել մեր ունեցած ռեսուրսները` արդյոք ի վիճակի՞ են հետո խնամել դրանք, քանի որ քանիցս ահազանգում են, որ տնկիները չեն ջրում»,–ասաց նա։ Մասնագետի պնդմամբ, ծառատունկն իրականացվում է ոչ պրոֆեսիոնալ կերպով. այսպես, եթե 2018-19թթ. Երևանում տնկվել է 3000 թուփ և 2 մլն ծաղիկ, ապա դրան հաջորդող 2 տարիների ընթացքում, երբ ստեղծվեց կանաչապատման ՀՕԱԿ–ը, տնկվել է 400 000 թուփ, 80 000-ից ավելի վարդեր։

«Ես բազմիցս եմ ասել, որ կանաչապատումը միայն ծառատունկի մասին չէ. Ալեքսանդր Թամանյանի հանճարը կայանում էր նրանում, որ նա ծառատունկի մակարդակով չէր մտածում` վերևից էր նայում քաղաքին, Թամանյանն այնպես է նախագծել, որ Երևան քաղաքը փոխկապակցված լինի իր բոլոր կանաչ գոտիներով»,– ամփոփեց Վարդանյանը։

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Մանրամասները շուտով տեսանյութում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031