Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանության սրտի» քաղհասարակության կարկառուն դեմքերը. Նինա Կարապետյանցի սկանդալային հայտարարությունը

Մարտ 28,2023 14:31

«Օմբուդսմենը պետք է մարդու մասին մտածել իմանա եւ ոչ թե իր քաղաքական շահերով առաջնորդվի: Ես չեմ պատկերացնում, որ Էդգար Ղազարյանը, առանց քաղաքական շահերի, կարող է»,- «Մեդիա կենտրոնում» այսօր կայացած՝ «Կառավարությունից ՄԻՊ գործուղված թեկնածուն կարո՞ղ է անկաշկանդ աշխատել» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Ժաննա Ալեքսանյանը՝ հավելելով, որ դեռ վաղուց էր հասկացել, որ իշխանությունն էլ Անահիտ Մանասյանին տարբեր պաշտոնների է տանում՝ հետագիծ ստեղծելով, բայց չէր պատկերացնի, որ ՄԻՊ-ի պաշտոնում նրան կառաջադրեն:

«Լավ կլինի, որ օմբուդսմենի թեկնածուներն ազնիվ գտնվեն, եթե իրենք ազնիվ գտնվեն այդ մոտեցումներում, հանրությունը ևս ճիշտ կընկալի»,- ասաց իրավապաշտպանը՝ կարծիք հայտնելով, որ հարցի՝ ԱԺ մտնելուց հետո, իշխանությունը որեւէ կարծիք հաշվի չի առնելու, նշանակելու է իր ուզած թեկնածուին, բայց հարց է առաջանում՝ ինչո՞ւ իշխանությունը չի ցանկանում նշանակել մարդկանց, ովքեր կարող են աշխատել: Նա օրինակ բերեց Արման Թաթոյանին, Կարեն Անդրեասյանին: Այս առումով, նա կարծում է, որ գործող իշխանությունը չի տարբերվում նախորդներից եւ չի ցանկանում, որ ինստիտուտները նորմալ գործեն:

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Նինա Կարապետյանցը համամիտ չէ Ժաննա Ալեքսանյանի հետ. ոչ Կարեն Անդրեասյանի, ոչ Արման Թաթոյանի աշխատանքը ՄԻՊ պաշտոնում նրան չի բավարարել, իհարկե, բացառություններով: Ամեն դեպքում, ՄԻՊ-ի թիմն, ըստ նրա, կայացած է, քանի որ երեք ամիս գրասենյակի ղեկավար չունենալով՝ այդ թիմը իրավապաշտպանների հետ կարողացել է նորմալ համագործակցել: Նա կարծիք հայտնեց, որ գործող իշխանությունը՝ ի հեճուկս ինստիտուցիոնալ բարեփոխումների մասին տարբեր զրույցների, պարզապես քայքայում է այն կառույցները, որոնք այս կամ այն կերպ կայացել էին:

Անդրադառնալով քաղհասարակության ներկայացուցիչների հետ ՄԻՊ-ի թեկնածության քննարկմանը, Նինա Կարապետյանցն ասաց. «Իշխանությունն ունի իր սրտի քաղհասարակության ներկայացուցիչներին, որոնք իր հետ համաձայն են ամեն ինչում եւ ծափ են տալիս. մինչեւ անգամ Ջհանգիրյան Գագոյի թեկնածությանն էին ծափ տալիս… քաղհասարակության կարկառուն դեմքեր»: Անուններ չտալով՝ իրավապաշտպանը տարակուսեց, որ ունենալով լավ հետագիծ, այդ մարդիկ պաշտպանում են իշխանության գործելաոճը, ուստի իրենք հավասարապես պատասխանատու են ստեղծված իրականության համար: Թե ի՞նչ շահ ունեն այդ մարդիկ, նա չգիտի: Նինա Կարապետյանցը նաեւ հավելեց, որ մեկ անգամ իրեն հրավիրել են մի քննարկման, որից հետո «կրակն են ընկել»: Հաջորդիվ քննարկումների ինքն է հրաժարվել մասնակցել, քանի որ հասկացել է՝ ֆոն ապահովելու համար է:

Ժաննա Ալեքսանյանն էլ հավելեց, որ ՄԻՊ թեկնածուի մասով իր մի գրառում-առաջարկը բացարձակ անտեսվել է ու հայտարարեց, Նիկոլ Փաշինյանը բացարձակ ազդեցություն ունի բոլորի վրա, իսկ այն մարդիկ, ովքեր չեն պատրաստվում իրենց «նվիրել Նիկոլ Փաշինյանի անձին», այդ հանդիպումներում եւ քննարկումներում անելիք չունեն, քանի որ աշխատում են եւ ոչ թե «այն օրը, երբ զինվոր է սպանվում, վարչապետն ու իր տիկինը գնում են ինչ-որ զբոսանքների ու նկարներ են հրապարակում»:

Մանրամասները՝ տեսանյութում

Նինա Կարապետյանցն առհասարակ չի հասկանում, թե ի՞նչ կապ ունեն ՄԻՊ-ի՝ իշխանության եւ ընդդիմության թեկնածուները, ՄԻՊ-ի աշխատանքի հետ: Նա բարդ է պատկերացնում, թե դատախազությունից դուրս եկած մարդը ինչպե՞ս պետք է օմբուդսմեն աշխատի: Նա անգամ դատարաններում, շատ հստակ տեսնում է տարբերությունը՝ այն դատավորների, ովքեր դատախազությունից են անցել այդ աշխատանքի, այլ աշխատաոճ ունեն, որն ավելի շատ նման է մեղադրանք պաշտպանելուն:

Առհասարակ, իր գնահատմամբ, «իրավապաշտպանների համար այսքան նեղացող, խզվող տարածք ոչ մի անգամ չենք ունեցել»:

Ժաննա Ալեքսանյանի կարծիքով, դեսպանները, միջազգային կառույցները հետեւում են այս գործընթացին ու դա շատ բացասական է ազդում ՄԻՊ գրասենյակի՝ մինչ այժմ ունեցած բարձր դիրքի վրա. «Միայն գլխավոր դատախազի մտերիմ ընկերուհի լինելը բավարար է, ընկերուհին էլ վարչապետի օգնական, ոնց որ մինչեւ հիմա էլ այդպես մնացել է, կառավարության նիստի ժամանակ տեսանք՝ «ես ձեզ զեկուցում եմ, պարոն վարչապետ…»:

Քննարկվեց նախկին ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանի աշխատանքն էլ: Ժաննա Ալեքսանյանի դիտարկմամբ, նա հանրության հետ շփվում է, կային հարցեր, որոնց կարող էր չպատասխանել, բայց համբերատար պատասխանում էր: Ամեն դեպքում, ոչ լիարժեք է գնահատում նրա աշխատանքը, կարծում է, որ չէր կարող աշխատել, քանի որ նաեւ իշխանության կողմից ճնշումներ կային. «Էդ Թաթոյանը կարող էր բանի տեղ չդնել ու անել իր աշխատանքը»: Իրավապաշտպանը տարակուսած է. «Մենք հո չե՞նք պատրաստվում Ուզբեկստան, Ադրբեջան կամ ՌԴ դառնալ՝ իշխանությունների կամքը արտահայտող օմբուդսմեն ունենալ»:

Վերադառնալով ՄԻՊ-ի իշխանության թեկնածուին՝ Անահիտ Մանասյանին էլ նկատեց, որ նրա չինովնիկական կեցվածքից է բխում ազատ շփվելու սահմանափակումը. «Մարդը վեց ամիս առաջ համաձայնել է գնալ դատախազություն՝ դատախազի տեղակալ, մեղադրանք է պաշտպանելու, դրանից հետո ինչպե՞ս է օմբուդսմեն աշխատելու»:

Նինա Կարապետյանցն էլ, անդրադառնալով Քրիստինե Գրիգորյանի՝ ՄԻՊ-ի պաշտոնից առանց պարզաբանման հեռանալուն, հիշեցրեց, որ մենք ունեցել ենք իրավիճակ, երբ պատերազմի ժամանակ ԱԱԾ տնօրեն են հեռացրել, հետո, այդ մարդուն այլ աշխատանքի են նշանակել. այս ակնառու եւ այլ բազմաթիվ անհասկանալի դեպքերից հետո, Քրիստինե Գրիգորյանի առանց բացատրության հեռանալը նա ևս մեծ խնդիր է համարում, մանավանդ, որ տարբեր խոսակցություններ պտտվեցին այդ առիթով, ընդհուպ մինչեւ այլ պաշտոնի նշանակվելը: «Այ եթե նա այլ պաշտոնի նշանակվի՝ թող չնեղանա»,- ասաց իրավապաշտպանը՝ նկատի ունի, որ աշխատանքային թերացումներում խստագույնս քննադատվելու է:

Անահիտ Մանասյանի մասով էլ ասաց. «Լրագրողի ճնշումին չդիմանալը իշխանության ճնշումներին կդիմանա՞»:

 

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031