Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում կայացել է միջոցառում` նվիրված անվանի դիլիջանցի, խորհրդային ճարտարապետ, Հայաստանի ճարտարապետների միության անդամ Խորեն Վաթինյանի 100-ամյակին:
Վաթինյանը 1961-1975 թվականներին եղել է Դիլիջանի քաղկոմի առաջին քարտուղարը, որի ընթացքում էլ Դիլիջանում նախագծել է բազմաթիվ շինություններ և հուշարձաններ. Խորհրդային Հայաստանի 50-ամյակին նվիրված հուշարձան (հնգաթև), Դիլիջանի մշակույթի պալատ, քաղաքապետարանի շենք, Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված զինվորների հուշարձան, Դիլիջանի գլխավոր հատակագիծ:
Ճարտարապետական գործունեությանը զուգահեռ՝ եղել է նաև Հայաստանի Գերագույն խորհրդի մի քանի գումարումների պատգամավոր: 1975-1985 թվականներին աշխատել է որպես Հայաստանի պետական շինարարական կոմիտեի նախագահի տեղակալ:
Հոբելյանական միջոցառումը կազմակերպվել էին Դիլիջանի համայնքապետարանը և Խ. Վաթինյանի հարազատները: Միջոցառմանը ներկա էին նաև Դիլիջանի համայնքապետ Դավիթ Սարգսյանը, ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը, ՀՀ Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Կորյուն Առաքելյանը:
Կարդացեք նաև
Միջոցառմանը ցուցադրվեց Խ. Վաթինյանի գործունեությունը ներկայացնող վավերագրական ֆիլմ:
Հիշեցնենք,որ մարտի 14-ին Դիլիջան համայնքի ավագանու չորրորդ նստաշրջանի երկրորդ նիստում`Դիլիջան համայնքի ղեկավարը տեղեկացրել է ավագանու անդամներին, որ Դիլիջան համայնքի ավագանու՝ 2000 թվականի մարտի 28-ի որոշմամբ՝ Հակոբջանյան փողոցի կենտրոնական հատվածն անվանակոչվել է Խ․ Վաթինյանի անվամբ։ Այժմ փողոցի սկզբնամասում տեղադրվել է անվանական ցուցանակ:
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ