ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մարտի 24-26-ն ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում մասնակցել է Համահայկական երիտասարդական ֆուտբոլային ասոցիացիայի (Pan Armenian Youth Futbol Association-PAYFA) կազմակերպած պատանեկան ընտրական մրցույթին եւ ամփոփման միջոցառմանը:
Ասոցիացիայի նախորդ տարվա աշխատանքի արդյունքում գրանցվել են շոշափելի արդյունքներ՝ Հայաստան եկած 8 պատանիներից 3-ը ընդգրկվել են մինչեւ 14 տարեկանների Հայաստանի հավաքականի կազմում: Ընդհանուր առմամբ 12 պատանի ընդգրկվել է Հայաստանի հավաքականներում՝ տարբեր տարիքային խմբերում:
Արտերկրում ապրող մեր տասնյակ հայրենակից պատանիներ երազում են իրենց ավանդն ունենալ հայկական ֆուտբոլի զարգացման գործում:
Միջոցառման ընթացքում պրոֆեսիոնալ մարզչական կազմն ընտրում է լավագույններին եւ ուղարկում Հայաստան՝ տարբեր տարիքային հավաքականների ընտրական գործընթացին եւ միջազգային մրցաշարերին մասնակցելու համար: Մինչեւ ապրիլի ավարտն ասոցիացիայի ջանքերով եւս 6 պատանի ԱՄՆ-ից, Ռուսաստանից եւ Գերմանիայից կմեկնեն Հայաստան` մասնակցելու հավաքների եւ միջազգային մրցաշարերի:
Կարդացեք նաև
Միջոցառումներն անցկացվում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ համագործակցությամբ:
Երեկոյի ընթացքում տեսաուղերձներ են հղել աշխարհի չեմպիոն Յուրի Ջորկաեֆը, Հենրիխ Մխիթարյանը, ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը: Միջոցառմանը մասնակցել են Ազգային հավաքականի ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը, «ՍԱԴԱ սիստեմս» ընկերության նախագահ Հովիգ Սաֆոյանը, «Arpinet LLC» ընկերության գործադիր տնօրեն Արմեն Մուրադյանը, ձեռներեցներ, հայկական ֆուտբոլի զարգացման մեջ ավանդ ունեցող մարզիչներ, ֆուտբոլիստներ, ֆուտբոլասերներ:
ԱՄՆ կարճատեւ այցի ընթացքում Հակոբ Արշակյանը հանդիպել է նաեւ The Armenian Society of fellows խորհրդի անդամների, գիտնականների եւ ձեռներեցների հետ, քննարկել Հայաստանի գիտատեխնոլոգիական զարգացման հեռանկարները:
Տեղի են ունեցել հանդիպումներ նաեւ Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի ղեկավար Փոլ Կրեկորյանի, համայնքի ներկայացուցիչների հետ, քննարկվել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ