Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Amnesty International մարդու իրավունքների մի շարք խախտումներ է արձանագրել Հայաստանում

Մարտ 28,2023 13:58

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է իր տարեկան զեկույցը, որում մի շարք խախտումներ է արձանագրել Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում:

Մասնավորապես զեկույցում նշվում է, որ բողոքի ցույցերի ժամանակ սահմանափակվել է խաղաղ հավաքների ազատությունը իրավապահ մարմինների բռնի և անհամաչափ արձագանքի պատճառով:

Զեկույցի հեղինակները հիշեցնում են, որ ապրիլ- հունիս ամիսներին տեղի են ունեցել մի շարք հակակառավարական ցույցեր՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ «Բողոքի ցույցերը հաճախ ստանում էին լայնածավալ հանրահավաքների ձև, որտեղ ցուցարարները փակում էին փողոցները և վրաններ տեղադրում»,- ասվում է զեկույցում: Նշվում է, որ իշխանությունների արձագանքը դրանց երբեմն եղել է անհամաչափ, երբ ցրել և ձերբակալել են հարյուրավորներ ցուցարարների, եղել են տասնյակ վիրավորներ:

«Հունիսի 3-ին տեղի ունեցած ամենակատաղի բախումներից մեկի ժամանակ ոստիկանությունը խլացուցիչ նռնակներ է արձակել և անհամաչափ ուժ կիրառել՝ թույլ չտալու համար հազարավոր ցուցարարների մոտենալ Հայաստանի խորհրդարանի շենքին: Նշվում է, որ 50 մարդ, այդ թվում՝ 34 ոստիկան, դիմել են բժշկական օգնության, իսկ տասնյակ մարդիկ ձերբակալվել են «զանգվածային բռնություններին» մասնակցելու համար:

Լրատվամիջոցների իրավունքների պաշտպանները հայտնել են, որ առնվազն 11 լրագրող է վիրավորվել ապրիլ-հունիս ամիսների բողոքի ցույցերը լուսաբանելիս, ոմանց աշխատանքները խոչընդոտել են։ Մինչև տարեվերջ ոչ մի ոստիկանի մեղադրանք չի առաջադրվել հակակառավարական ցույցերի ժամանակ անհամաչափ ուժ կիրառելու համար»,- ասվում է զեկույցում:

Բացի այդ, նշվում է, որ օգոստոսի 25-ին ոստիկանությունը ցրել է մայրաքաղաք Երևանում Ուկրաինա ռուսական ներխուժման դեմ կազմակերպված խաղաղ ցույցը՝ ձերբակալելով 22 մարդ։ Ձերբակալված ցուցարարներին մի քանի ժամ պահել են առանց փաստաբանի կամ հայերեն չխոսողներին՝ առանց թարգմանչի, և նույն օրն ազատ են արձակվել առանց մեղադրանքի:

Զեկույցը մի շարք սահմանափակումներ է արձանագրել խոսքի ազատության ոլորտում ևս՝ պայմանավորված իշխանություններին ուղղված քննադատության օրինական արտահայտման հետ կապված քրեական հետապնդումներով:

«2021թ. հասարակական գործիչներին վիրավորելը քրեականացնող օրենսդրական փոփոխությունների ընդունումից հետո պաշտոնատար անձանց հասցեին ծանր վիրավորանք հասցնելու մեղադրանքով հարուցվել է ավելի քան 200 քրեական գործ։

Հուլիսի 4-ին Գլխավոր դատախազի կողմից առաջարկված նոր փոփոխությունները, որոնք կառավարությանը լիազորություններ են տալիս առանց նախնական դատական վերահսկողության արգելափակել առցանց բովանդակությունը, որ կհամարեն վնասակար, մտահոգություններ են առաջացրել համացանցում խոսքի ազատության նկատմամբ կառավարության անընդհատ աճող գրաքննության վերաբերյալ»,- կարծում են զեկույցի հեղինակները:

Զեկուցում նաև ուշադրություն է հրավիրվում եզդի իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի դատավարության նկատմամբ՝ «ազգամիջյան ատելություն հրահրելու» շինծու մեղադրանքներով:

Իրավապաշտպանները նաև նկատում են, որ հունիսի 18-ին խորհրդարանը փոփոխեց Ընդերքի մասին օրենսգիրքը՝ այդպիսով հնարավորություն տալով շրջանցել հասարակության դիմադրությունը և բնապահպանների մտահոգությունները և շարունակել հանքարդյունաբերական ծրագրերը շարունակել ի հեճուկս բողոքներին: Տեղի բնապահպան ակտիվիստները մտահոգություն են հայտնել, որ նոր օրենքը ծառայում է կառավարության մտադրությանը՝ վերսկսել Ամուլսարի ոսկու հանքավայրի նախագիծը Հայաստանի հարավում, որը դադարեցվել էր բնապահպանական և այլ մտահոգությունների և քաղաքացիական հասարակության բողոքի պատճառով:

Զեկուցում անդրադարձ կա նաև ԼԳԲՏԻ համայնքի իրավունքներին. նշվում է, որ նրանք շարունակում են բախվել սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիման վրա խտրականության, քանի որ խտրականության դեմ պայքարի օրենքները անբավարար մակարդակում են: «Իշխանությունները չեն կարողացել արձագանքել 2021թ. Եվրոպայի խորհրդի Հավասարության և խտրականության դեմ կոմիտեի կողմից արված առաջարկություններին, որոնք ներառում էին արդյունավետ օրենսդրության և «սեռական կողմնորոշման, գենդերային ինքնության, գենդերային դրսևորման և սեռական հատկանիշների վրա հիմնված խտրականության դեմ գործողությունների ուժեղացման քաղաքականության» ընդունում:

«Մայիսի 17-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պարզել է, որ 2012թ. իշխանությունները չեն կարողացել պաշտպանել ԼԳԲՏԻ բարի սեփականատիրոջը հոմոֆոբ բռնությունից, ներառյալ հրկիզում, ֆիզիկական և բանավոր հարձակումներ, և չեն իրականացրել արդյունավետ հետաքննություն:

Իրավապաշտպաններն արձանագրել են նաև միջազգային իրավունքի խախտումներ, մասնավորապես զեկույցում ասվում է, որ որևէ առաջընթաց չի գրանցվել 2020թ. հայ-ադրբեջանական հակամարտության ընթացքում և դրան անմիջապես հաջորդած ժամանակահատվածում պատերազմական հանցագործությունների և միջազգային մարդասիրական իրավունքի այլ խախտումների հետաքննության կամ ենթադրյալ հանցագործներին պատասխանատվության ենթարկելու հարցում։

«Մարդիկ զոհվել և վիրավորվել են հայկական ուժերի կողմից ականապատված տարածքներում, որտեղ նրանք իրենց վերահսկողությունը զիջել էին Ադրբեջանին: Ադրբեջանի իշխանությունները հոկտեմբերին հայտնել են, որ 2020թ. հակամարտությունից հետո ականներից տուժել է 266 մարդ՝ պնդելով, որ Հայաստանի կողմից ավելի վաղ տրամադրված ականապատ դաշտերի քարտեզները վստահելի չեն

Համաձայն ԿԽՄԿ-ի օգոստոսին հրապարակված զեկույցի՝ 2020 թվականի մարտերից ի վեր ավելի քան 300 հայ մնացել է անհետ կորած կամ անհայտ կորած»,- ասվում է զեկույցում։

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031