Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցանկանում ենք ստեղծել հայատառ էլ. փոստի սերվեր, որը կծառայի ամբողջ հայությանը. «Ինտերնետ հանրություն» ՀԿ- ի նախագահ

Մարտ 28,2023 13:37

Երեւանում մեկնարկել է «Համընդհանուր ընդունման օր» տարածաշրջանային համաժողովը՝ մի շարք երկրների մասնակցությամբ։ Քննարկվում են համացանցում ազգային լեզուներով հաղորդակցվելու հնարավորություններն ընդլայնելու հարցերը: Համաժողովի կարեւոր թեմաներից են համացանցում ներառականության ու բազմալեզվության բարձրացման ուղիները: Մասնակիցներն են .am/.հայ Ռեգիստր, «Ինտերնետ հանրություն» ՀԿ խորհրդի նախագահ Իգոր Մկրտումյանը, ISOC տնօրեն Էնդրյու Սալիվանը, APTLD տնօրեն Լեոնիդ Տոդորովը, ICANN Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գլոբալ շահառու կողմերի ներգրավվածության ղեկավար Միխայիլ Անիսիմովը:

Նշենք, որ Հայաստանը միացել է Համընդհանուր ընդունում (Universal Acceptance) շարժմանը եւ տեխնիկական լուծումներ է մշակել ազգային.հայ դոմենի շրջանակում լիովին հայատառ էլ.փոստ ունենալու եւ հայատառ դոմենների կիրառման հնարավորություններն ընդլայնելու համար։

Բացման խոսքում ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանը նշեց, որ հայերեն այբուբենին տիրապետող հայ հանրությունը պետք է իր տեղն ունենա ազգային այբուբենների եւ լեզվի հասանելիությունը համացանցում ապահովելու՝ համընդհանուր ընդունման գործում: Հավելեց, որ այդ առումով պետության աշխատանքն ու համագործակցությունը «Ինտերնետ հանրություն» ՀԿ հետ՝ ուղղված են գործընթացի արդյունավետ կազմակերպմանը:

Իգոր Մկրտումյան

«Ինտերնետ հանրություն» ՀԿ խորհրդի նախագահ Իգոր Մկրտումյանը կարեւորեց համաժողովի դերը՝ Հայաստանում ինտերնետի զարգացման ոլորտում: Ասաց, որ «Համընդհանուր ընդունում» շարժումը սկսել է շուրջ 10 տարի առաջ, եւ դրա պատճառն այն է, որ մարդկության 65 տոկոսը խոսում է միայն իր մայրենի լեզվով: Նրա խոսքով. «Աշխարհում միլիարդավոր մարդիկ չեն կարողանում խոսել , ասենք, անգլերեն կամ իսպաներեն, ուստի ստիպված են սովորել այդ լեզուները, բայց երբեք չեն կարող հասնել այն մակարդակի, որ կարողանան ազատ օգտագործել ինտերնետն այդ լեզուներով: Նպատակն այն է, որ յուրաքանչյուր ազգի լեզու կրողը կարողանա հեշտությամբ օգտվել ինտերնետի ծառայություններից: Ինտերնետը մի աշխարհ է, որտեղից կարող ես ընտրել քեզ հետաքրքրող նյութերն ու ծառայությունները, իսկ եթե չես տիրապետում ինտերնետին, ուրեմն զրկված ես այդ հնարավորությունից»:

Հայաստանի մասին խոսելով՝ «Ինտերնետ հանրություն» ՀԿ խորհրդի նախագահն ասաց. «Մենք ունենք հզոր Սփյուռք, որը խոսում է տարբեր լեզուներով, Հայաստանում մեծամասնությունն ապրում է Երեւանում, եւ միայն 1,5 միլիոն բնակչությունն է ապրում Հայաստանի փոքր ավաններում եւ գյուղերում: Ու որպեսզի Հայաստանն իր պոտենցիալը լիովին օգտագործի, պետք է որ փոքր ավաններում ապրող երիտասարդները լիարժեք օգտվեն ինտերնետից»:

Կարեւորելով Վիքիպեդիայի եւ Վիքիմեդիայի Հայալեզու բովանդակությունն ինտերնետում ավելացնելու ուղղությամբ, Մկրտումյանն ընդգծեց, որ հայ մասնագետները մեծ գործ ունեն անելու, իսկ հաջորդ կարեւոր հարցը, ըստ նրա՝ հայատառ եւ հայալեզու դոմեյներն են. «Հայաստանում կա «.հայ» վերին մակարդակի դոմենը, սակայն այն առայժմ լայնորեն չի օգտագործվում ,բայց ամբողջ աշխարհում է պատկերը նույնը: Նույնիսկ արաբական երկրներում կան ազգային դոմեյններ, որոնք ընդամենը 500 գրանցում ունեն, մինչդեռ մեզ մոտ այդ թիվը 1000-ի է հասնում»:

Իգոր Մկրտումյանն ասաց, որ պետք է մտածել նաեւ հայատառ էլեկտրոնային փոստի մասին. «Մենք ցանկանում ենք ստեղծել ընդհանուր հայատառ էլեկտրոնային փոստի սերվեր, որը ծառայեր ամբողջ հայությանը: Դա կարեւոր է եւ մեծ նշանակություն ունի մի շարք առումներով: Կա մի կազմակերպություն, որը պատրաստ է դա իրականացնել, իհարկե որոշ ներդրումներ են անհրաժեշտ, որպեսզի ամբողջ հայությունն ու Սփյուռքը կարողանան հայատառ անուններով շփվել»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարները՝ Ինտերնետ Հանրություն ՀԿ-ի ֆեյսբուքի էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031