Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիստերից հետո դա քննարկման առարկա է դառնում «ֆեյսբուքներում», որ վատացավ, սենց եղավ»․ Վլադիմիր Գասպարյան

Մարտ 28,2023 12:08

Հակակոռուպցիոն դատարանում այսօր ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, նրա նախկին տեղակալ Լեւոն Երանոսյանի եւ եւս երկու նախկին պաշտոնյաների՝ ոստիկանության ներքին աուդիտի վարչության պետ Վարդան Թունյանի եւ ոստիկանության զորքերի զորամասի հրամանատար Գուրգեն Գրիգորյանի գործով հերթական դատական նիստն էր։ Նրանք մեղադրվում են պաշտպանության նախարարությունում եւ ոստիկանությունում գույք եւ պետական միջոցներ վատնելու, պաշտոնեական կեղծիք թույլ տալու ու մի շարք այլ հոդվածներով․ պետությանը պատճառվել է մոտ 114 միլիոն դրամի վնաս։

Վլադիմիր Գասպարյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը դատարանին միջնորդեց նիստերն անցկացնել դռնփակ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԶԼՄ-ները հետամուտ չեն եղել դատարանի որոշմանը եւ նախորդիվ տեսանկարահանել են Վլադիմիր Գասպարյանին։

Հիշեցնենք, որ այս գործով բոլոր ամբաստանյալները չեն ցանկացել տեսանակարահանվել, եւ դատարանը բավարարել է նրանց խնդրանքը։

«Վլադիմիր Գասպարյանը խնդիր չունի մեղադրանքից պաշտպանվելու։ Մենք խնդրել էինք պարոն Գասպարյանի առողջական խնդիրը չարտացոլել տեսանկարահանման սարքերով»,-հաշվի առնելով մասնավոր կյանքի անձեռնմխելիության երաշխավորումը՝ ասաց Ալեքսանդր Կոչուբաեւը։

Հիշեցնենք՝ Վլադիմիր Գասպարյանը, ըստ մեղադրանքի, ոստիկանության հաշվեկշռում գտնվող երկու անշարժ գույք ապօրինի հատկացրել է բնակարանի կարիք չունեցող ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների, իսկ մեկ այլ գույք նվիրել է ոստիկանության զորքերում առանց աշխատանքի գնալու գրանցված եւ այլ զբաղմունք ունեցած անձի՝ իր դստեր պրոդյուսերին։ Վլադիմիր Գասպարյանի դուստրը 2015թ․-ից աշխատել է ոստիկանությունում, բայց աշխատանքի չի գնացել ու տարեկան ստացել է մոտ 9 միլիոն դրամ (նաեւ փոխգնդապետի կոչում): Ոստիկանությունում աշխատել է նաեւ Վլադիմիր Գասպարյանի կինը, բայց երկարաժամկետ բացակայություններ է ունեցել (ստացել է գնդապետի կոչում): Վլադիմիր Գասպարյանը մեղադրանքը չի ընդունում, բայց պետությանը պատճառված 114 միլիոն դրամի կեսը վերականգնել է։

Միջնորդության վերաբերյալ Վլադիմիր Գասպարյանն իր հերթին նշեց․ «Խնդիրը նրանում է, որ ամեն պահի լինում են կրիզեր, ու չեմ ուզում այդ պահերը ֆիքսվեն։ Նիստերից հետո դա քննարկման առարկա է դառնում «ֆեյսբուքներում», որ վատացավ, սենց եղավ․․․ Տպավորություն է, որ ինչ որ բանից վախեցել ու վատացել է Գասպարյանը։ Չեմ ուզում դա քննարկման առարկա դառնա։ Դա իմ առողջության հետ է կապված, ես ունեմ երեխաներ։ Չեմ ուզում ինձ հասարակությունը տեսնի հիվանդ։ Մի քիչ թոփալ եմ, պահի տակ ճնշումս է բարձրանում»։

Նշենք, որ չնայած առողջական խնդիրներին, Վլադիմիր Գասպարյանը ներկայանում է նիստերին․ երբեմն անհրաժեշտ է լինում շտապօգնություն կանչելու կամ նիստն ընդմիջելու՝ նրա վիճակը կայունացնելու նպատակով։

Հանրային մեղադրող Ենոքյանը միջնորդության վերաբերյալ հայտարարեց՝ այն տեղին կլիներ այն դեպքում, եթե չխոչընդոտեր դատական նիստի հրապարակայնության ապահովմանը․ «Այս փուլում շեշտը դրվում է նրա առողջական վիճակի վրա, եւ միայն դա քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված հիմք չէ, որպեսզի նիստերը դռնփակ անցկացվեն։ Եթե կոնկրետ իրավիճակ լինի կոնկրետ նիստով, գուցե այդպես քննարկվի։ Ողջ ընթացքը դռնփակ անցկացնելը չի բխում օրենսգրքից»։

Լսելով կողմերի կարծիքները՝ դատավոր որոշեց Ալեքսանդր Կոչուբաեւի միջնորդությունը մերժել․ «Դատարանը գտնում է, որ նիստը դռնփակ չի կարող անցկացվել, որովհետեւ չեն քննարկվում մասնավոր կյանքի, պատվի եւ արժանապատվության վերաբերյալ հարցեր։ Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ ըստ պարոն Կոչուբաեւի՝ ԶԼՄ-ները շարունակում են ներառել ամբաստանյալներին, այդ թվում Գասպարյանին իրենց կադրերում, ապա դատարանը կրկին պահանջում է ԶԼՄ-ներին հարգել ամբաստանյալների իրավունքը»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Հ․Գ․ Aravot.am-ն ինչպես նախորդիվ, այնպես էլ այս նիստում կատարել է դատարանի որոշումը եւ չի տեսանկարահանել-լուսանկարել ամբաստանյալներին։ Մեր կադրերում երեւում են միայն դատավորը, մեղադրող կողմը եւ Վլադիմիր Գասպարյանի պաշտպանը, երբեմն նաեւ մյուս մեղադրյալների պաշտպանները։ Հատկանշական է, որ նախորդ նիստում տեսանկարահանող սարքերով աշխատել ենք մենք եւ Factor.am-ը, եւ վերջինիս գործընկերը հաստատեց, որ ինքը եւս կատարել է դատարանի որոշումը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031