Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Միջազգային իրավական ոչ մի հնարավորություն չկա այլ պետության դատարանի որոշմամբ ձերբակալելու պետության ղեկավարին. «Հայաստանի Հանրապետություն»

Մարտ 28,2023 12:01

Ռուսաստանյան քաղաքական մտքի «անճարները», ում համար ադրբեջանական նավթադոլարները կարծես թե սոսկ փող չեն, այլ մեծ աստվածություն, հերթական սնունդն են ստացել Հայաստանի դեմ: Բանն այն է, որ ՀՀ Սահմանադրական դատարանը մարտի 24-ին որոշել է, որ Հռոմի ստատուտը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը: Որոշումը վերջնական է եւ ուժի մեջ է մտել հրապարակման պահից: Իսկ Միջազգային քրեական դատարանը դրանից մեկ շաբաթ առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր է տվել…

Նշված շրջանակները հարց են հնչեցնում, թե ինչով է առաջնորդվել Երեւանը, երբ նման որոշում է կայացրել այն բանից մեկ շաբաթ անց, երբ Միջազգային քրեական դատարանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր է տվել: Եվ սկսվել է «խրախճանքը». թերուսները վայնասուն են բարձրացրել, թե Նիկոլ Փաշինյանը այդ քայլով դավաճանել է Ռուսաստանին (փորձում են կոծկել Ռուսաստանի դավաճանության բազմաթիվ օրինակները), որ այժմ պետք է համագործակցել Ադրբեջանի հետ՝ ընդդեմ Հայաստանի (կարծես նոր պիտի համագործակցեն) եւ այլն:

Ռուսաստանյան որոշ քաղաքական գործիչների խորհուրդ ենք տալիս սեփական ուղեղների պարունակության հարստացման համար հասկանալ, թե ինչու է Միջազգային քրեական դատարանը Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր տվել, եւ եթե կռիվ ունեն, թող նրա հետ անեն: Հայաստանի «դավաճանության» մասին խոսելիս կփորձեն, վերջապես, հասկանալ, թե ինչ է նշանակում դաշնակից բառը, ում, հետ համապատասխան պայմանագրեր են ստորագրվել, կփորձեն հասկանալ, թե ինչ է նշանակում հրաժարումը պայմանագրային պարտավորություններից: Թե չէ՝ այնպիսի տպավորություն է ստացվում, որ, ըստ նրանց դատողության, ռուսներին թույլատրվում է դավաճանել… Արդեն 300 տարի ՌԴ-ն «հաղթում» է իր դաշնակցին՝ Հայաստանին: Վաղուց արդեն ժամանակն է նոր հայացք նետել այս ժամանակաշրջանի իրադարձություններին ու բացահայտել դրա իրական պատմությունը: Ռուսաստանի պարագայում զգուշացնում է այն, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը փոփոխությունների չենթարկելու դեպքում իրական դավաճանները կշարունակեն մեզ դավաճանել, ավելին՝ նրանք մեզ կմեղադրեն դավաճանության մեջ՝ իրենց հայասպան քաղաքականությանը չենթարկվելու համար: Ամեն դեպքում՝ դա նվազագույնը շատ տարօրինակ է:

2021 թ. սեպտեմբերին Ադրբեջանը Ռուսաստանի թույլտվությամբ տարբեր ուղություններով հարձակվեց ինքնիշխան Հայաստանի վրա: ՀՀ-ի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ ՀԱՊԿ-ի ձեւաչափերով համապատասխան պայմանագրեր ստորագրված ՌԴ-ն ոչ միայն չկատարեց ստանձնած պարտավորությունները, այլեւ նույնիսկ գնահատական չտվեց տեղի ունեցածին: Ավելի ուշ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն իր դաշնակից Հայաստանին օկուպանտ անվանեց: Այս, ինչպես նաեւ այլ իրադարձություններ, որոնց ռուսական քաղաքական միտքը գերադասում է չանդրադառնալ, մատնացույց են անում ակնհայտ դավաճանին: Հայաստանը չի ձգտում ռուս զինվորին ներգրավել հայ-ադրբեջանական հակամարտության մեջ, այլ պահանջում էր կատարել միասնական ՀՕՊ պայմանագրի կետերը եւ գնահատել Ադրբեջանի սանձազերծած պատերազմը: Ուստի ոչ մի գին չունի ռուսների այն արդարացումը, թե Հայաստանն ուզում է, որ իր փոխարեն կռվի Ռուսաստանը: Երեւանն անհրաժեշտաբար պետք է եզրակացություններ կատարի Մոսկվայի դաշնակցության վերաբերյալ:

Հիմա վերադառնանք ստատուտին, որի վավերացումն ամենեւին էլ չի նշանակում, թե Հայաստանը պարտավոր է ձերբակալել Վլադիմիր Պուտինին նրա այցի դեպքում, քանի որ Միջազգային քրեական դատարանը նրա ձերբակալության միջազգային օրդեր է տվել: Միջազգային իրավունքում կա միջազգային անձեռնմխելիության եւ իրավասությունից ազատման ինստիտուտ, որն ամրագրված է նաեւ ՀՀ օրենսդրությամբ եւ, մասնավորապես, ՀՀ քրեադատավարության կոդեքսով, եւ կան քրեական գործերով միջազգային համագործակցության պարտավորություններ. դա Միջազգային քրեական դատարանի ստատուտն է, ինչպես նաեւ մի շարք փաստաթղթեր, որոնք նախատեսում են պետությունների համագործակցություն միջազգային իրավական ոլորտում: Խոսքը տարբեր տեսակի հանցագործությունների դեմ պայքարի, արտահանձնման հարցերի եւ այլնի մասին է։ Իրավական երկընտրանք է առաջանում՝ մի կողմից միջազգային իրավունքը ենթադրում է, որ պետությունն ունի անձեռնմխելիություն, իսկ մյուս կողմից՝ պետությունը ներկայացնող անձինք նույնպես օգտվում են այդ անձեռնմխելիությունից։ Այս կարգավիճակը եւ անձեռնմխելիության տեսակը նախատեսված են մի շարք միջազգային պայմանագրերով, օրինակ՝ Վիեննայի հատուկ առաքելությունների մասին կոնվենցիայով, ինչպես նաեւ ընդհանուր միջազգային իրավունքով։ Դա հաստատված է նաեւ Արդարադատության միջազգային դատարանի պրակտիկայում։ Նշանակում է, որ միջազգային իրավական ոչ մի հնարավորություն չկա՝  միջազգային-իրավական հայցով կամ այլ պետության դատարանի որոշմամբ ձերբակալելու պետության ղեկավարին, պատվիրակության ղեկավարին, դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի ղեկավարին, եթե դա նախատեսված է հյուպատոսական համաձայնագրով, միջազգային կազմակերպությունում պետական ներկայացուցչության ղեկավարին, ով այդ պետության տարածքում է:

Հռոմի ստատուտի վավերացումը Հայաստանին հնարավորություն է տալիս հայց ներկայացնել Ադրբեջանի իշխանությունների դեմ եւ նրան պատասխանատվության կանչել կատարած ռազմական հանցագործությունների համար:

Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031