Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Գալստյան. Իշխանություններն առնվազն ռուս խաղաղապահներից պետք է պահանջեն՝ համապատասխան միջոցներ ձեռնարկել. «Հրապարակ»

Մարտ 28,2023 10:51

Արցախի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Դավիթ Գալստյանի կարծիքով՝ Ալիեւի քայլն ավելի հեռահար խնդիր է լուծում. նա հասկացնում է, որ միջազգային որեւէ կենտրոն իրեն չի կաշկանդում, եւ ինքը ոչ միայն ճանապարհը չի բացում, այլեւ նոր բարձունքներ է նվաճում: Ադրբեջանը սադրանք է իրականացնում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում՝ ավելի խորացնելով հայ-ռուսական հարաբերություններում առկա վստահության ճգնաժամը:

Մյուս կողմից, սադրանքը տեղի է ունենում Հաագայի դատարանի հայտնի որոշումից եւ օրերս ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիեւի հետ ունեցած հեռախոսազրույցներից հետո․ «Ադրբեջանն իր բոլոր գործողություններով՝ ճանապարհ փակելով, գազի անջատել-միացնելով եւ այլն, փորձում է ցույց տալ, որ ինքն է իրավիճակը տնօրինում` երբ ինչ ուզում, անում է: Իր համար զսպօղակ չէ ո՛չ ԱՀ իշխանությունը, ո՛չ ռուս խաղաղապահները եւ ո՛չ էլ միջազգային հանրության կոչ-հորդորներն ու որոշումները»։

Արցախի համար ճակատագրական այս պահին Հայաստանի իշխանությունը լռում է, Արցախի իշխանությունն էլ միայն հայտարարությունների մակարդակով է դատապարտում, մինչդեռ, պատգամավորի խոսքով, ԱՀ իշխանությունները, ի դեմս Պաշտպանության բանակի, նախ պետք է զգոն լինեին՝ թույլ չտալով նման առաջխաղացում, իսկ արդեն առաջխաղացումից հետո գոնե ինժեներական աշխատանքներ կարող էին թույլ չտալ ու նրանց հետ մղել ելման դիրքեր։ «Նոյեմբերի 9-ի փաստաթղթում ֆիքսված է, թե որտեղ պետք է կանգնեն ադրբեջանցիները, եթե խախտել են, ապա մեր իշխանություններն առնվազն ռուս խաղաղապահներից պետք է պահանջեն՝ համապատասխան միջոցներ ձեռնարկել՝ ելման դիրքեր շպրտելու համար: Եթե չեն ձեռնարկում, դա պետք է անենք ինքներս»,- ասում է Գալստյանը` հիշեցնելով, որ ԱՀ իշխանությունները Սահմանադրությամբ պատասխանատու են երկրի սահմանների անառիկության համար։ «Քանի մեր իշխանությունները, իբրեւ նոյեմբերի 9-ի շահառուներ, չեն կարողանալու պահանջել ռուս խաղաղապահներից, ադրբեջանցիներից, ՀՀ իշխանություններից, մենք ունենալու ենք այս վիճակը, եւ դեռ ավելին՝ Ադրբեջանը շատ շուտով խնդիր է դնելու՝ Արցախում իր ներկայացուցիչն ունենալ, բանակի լուծարման, արցախյան առաջին, երկրորդ եւ երրորդ պատերազմի մասնակիցներին ռազմական հանցագործներ ճանաչելու եւ այլնի վերաբերյալ՝ այսպիսով խորացնելով հիասթափություններն ու հայաթափելով Արցախը։ Վերջապես, ՀՀ իշխանություններն են լիազորել ռուս խաղաղապահներին՝ Արցախում խաղաղապահ առաքելության հարցում, ուստի ՀՀ իշխանություններն էլ պետք է պահանջատեր լինեն, որ փաստաթուղթը կյանքի կոչվի, միայն կրավորական պահվածք ընդունելով չէ»,- ասում է Գալստյանը՝ շեշտելով, որ «Ադրբեջանն ամեն փորձ անելու է՝ ճնշումներով հասնելու համար Արցախի հայաթափմանը»։

Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով խորհրդական-ներկայացուցիչ, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի կարծիքով էլ, Արցախն ամբողջությամբ խեղդելու փորձերն ուղեկցվում են միջազգային հանրության լիակատար անգործությամբ, եւ դրան է ուղղված ԱՀ արտաքին գերատեսչության հայտարարությունը: «Այն, ինչ անում է Ադրբեջանը, 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության կոպիտ խախտում է՝ հարված Արցախին եւ հերթական հարվածը ռուս խաղաղապահ կենտրոնին։ Կարծում եմ՝ եկել է ժամանակը, որ Ռուսաստանը եւ միջազգային հանրությունը համարժեք քայլեր անեն, թեկուզ՝ քաղաքական առումով։ Ադրբեջանի գործողություններն իրավունքի բոլոր հնարավոր նորմերի բացահայտ խախտում են»,- ասում է Դավիթ Բաբայանը։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031