Լրահոս
Օրվա լրահոսը

Փորձերը հայ ժողովրդի շահերից բխող որոշումները եւ քայլերը կապել ռուսական ղեկավարության օրակարգի հետ՝ համարում ենք բացարձակապես մերժելի եւ առ ոչինչ. Հայտարարություն

Մարտ 28,2023 10:09

Հանուն Հանրապետության Կուսակցություն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության Սահմանադրական Դատարանի քննության արդյունքով ՀՀ Սահմանադրությանը չհակասող, 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված եւ 2022 թվականի դեկտեմբերի 29-ից Հայաստանում Ազգային Ժողովի կողմից վավերացման փուլ մտած Հռոմի Ստատուտն ազգային օրենսդրության մաս դարձնելը եւ Հաագայի Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) իրավազորությանը Հայաստանի Հանրապետության տարածքում օրենքի ուժ տալն ուղղակիորեն բխում է մեր պետության արմատական շահերից եւ արտահայտում է հայ ժողովրդի կամքը՝ հասցեական պատասխանատվության եւ քրեական հետապնդման ենթարկել բոլոր այն անձանց, ովքեր գործել են ագրեսիայի, պատերազմական եւ մարդկության դեմ հանցագործություններ ՀՀ տարածքում՝ սկսած 2021 թվականի մայիսի 12-ից։

Հայաստանի Հանրապետությունն առնչություն չունի այն մեղադրանքների բովանդակության հետ, որոնց հիման վրա կալանավորման կարգադրագիր է դուրս գրված ՄՔԴ դատախազի կողմից եւ հետախուզում է հայտարարված ՌԴ նախագահը եւ այլ պաշտոնատար անձ, այլ առաջնորդվում է եւ պետք է առաջնորդվի բացառապես սեփական նպատակներով, շահերով եւ պահանջմունքներով, իսկ առաջին հերթին՝ ազգային անվտանգության նկատառումներով, ինչից ուղղակիորեն բխում է, որ ոճրագործությանը պարտադիր պետք է հետեւի ՄԱԿ-ի անդամ երկրների՝ ապրիորի պարտավորություններով սահմանված եւ արդարադատությամբ վճռված պատասխանատվությունը եւ համապատասխան պատիժը։

Հետեւաբար, ցանկացած շահարկում այս հարցի վերաբերյալ, այդ թվում՝՝ փորձերը հայ ժողովրդի շահերից բխող որոշումները եւ քայլերը կապել ռուսական ղեկավարության օրակարգի հետ՝ համարում ենք բացարձակապես մերժելի եւ առ ոչինչ։ Նույնպես բացարձակապես անընդունելի եւ անթույլատրելի ենք համարում Ռուսաստանի որոշ պաշտոնական, քրեա-օլիգարխիկ շրջանակներից եկող հայտարարությունները եւ լրատվականների հրապարակումները, թե Հայաստանի սույն ինքնիշխան որոշումը «բացարձակապես անընդունելի է Ռուսաստանի համար»։ Նման անպատասխանատու եւ անլուրջ պահվածքը գնահատում ենք որպես անհարգալից վերաբերմունք Հայաստանի Հանրապետության անկախության, ինքնիշխանության, ժողովրդավարության եւ օրենքի գերակայության նկատմամբ, ինչպես նաեւ որպես հավակնություն՝ Հայաստանի ներքին գործերին միջամտելու «իրավունքի», որը տրված չէ որեւէ մի այլ պետության, մանավանդ մեկի, ով իրեն կոչում է որպես «ռազմավարական դաշնակից»։

Ելնելով վերոնշյալից, ողջունում ենք ՀՀ իշխանության բոլոր թեւերի որդեգրած մոտեցումներն, ուղղված հնարավորինս արագ ավարտին հասցնելուն Հռոմի Ստատուտի ամբողջական վավերացման եւ Հաագայի Միջազգային Քրեական Դատարանին Հայաստանի լիիրավ անդամակցության գործընթացը։ Միեւնույն ժամանակ կոչ ենք անում ՀՀ Կառավարությանը եւ Ազգային Ժողովին ոչ մի դեպքում չշեղվել որդեգրած քաղաքական ուղենիշից եւ տուրք չտալ տարբեր սպառնալիքներին եւ հոխորտանքներին, լինի դա երկրի ներսից, թե դրսից։

Անշեղորեն հետեւելով մեր որդեգրած քաղաքական ուղենշին, վճռականորեն վերահաստատում ենք մեր լիակատար աջակցությունը բոլոր այն քաղաքական քայլերին, որոնք ուղղված են Հայաստանի անկախության, ինքնիշխանության, ժողովրդավարության ամրապնդմանը, առանց որոնց հնարավոր չէ ապահովել երկրի անվտանգությունը եւ զարգացումը։

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

28․03․2023թ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031