Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

5 համեմունք՝ առողջության համար բազմաթիվ առավելություններ

Մարտ 28,2023 09:30

Համեղ և առողջարար սննդի միջև ընտրությունը շատ հաճախ է կատարվում «համեղ»-ի օգտին, սակայն այդ ընտրության առջև կանգնելու անհրաժեշտություն կարող է և չծագել խոհանոցը տարատեսակ համեմունքներով հարստացնելու դեպքում։

Սննդանյութերն ուսումնասիրող մասնագետները նշում են, որ գոյություն ունեն ավելի քան 100 համեմունքներ, որոնք օգտագործվում են աշխարհի տարբեր խոհանոցներում, և դրանցից շատերը հակաօքսիդանտների խտացված աղբյուր են։ Իսկ հակաօքսիդանտները, ինչպես հայտնի է, սննդանյութեր են, որոնք պաշտպանում են բջիջները վնասվածքներից։

Սակայն ամենևին էլ պետք չէ աշխարհով մեկ էկզոտիկ համեմունքներ որոնել․ լավագույն տեսակները դուք, ամենայն հավանականությամբ, կգտնեք ձեր խոհանոցային պահարանի անկյուններից մեկում կամ էլ մոտակա շուկայում։ Եվ մինչ դուք բացել եք դարակն ու փորձում եք հասկանալ, թե տարատեսակ բանկաների մեջ ինչ եք լցրել ու մոռացել, մենք կփորձենք գտնել համեմունքների օգտակարության հետ կապված հարցերի պատասխաններ։

1. Դարչինը նվազեցնո՞ւմ է արյան մեջ շաքարի մակարդակը

Հետազոտությունների համաձայն՝ այո։ Լայնորեն կիրառվող այս համեմունքը ստանում են գորշենու չորացած կեղևից։ Դարչինն ընդունակ է յուրօրինակ համ ու բույր հաղորդել թե՛ սուրճին, թե՛ դդմապուրին և թե՛ խնձորով կարկանդակին։ Այն հատկապես օգտակար է արյան մեջ շաքարի բարձր մակարդակ ունեցող մարդկանց համար, և հետազոտություններով պարզվել է, որ կարող է արդյունավետ լինել 2-րդ տիպի շաքարային դիաբետ ունեցող մարդկանց համար։ Ի դեպ, դարչինն ուտելիքին քաղցր համ է հաղորդում, ուստի լավ տարբերակ է շաքարի օգտագործումը սահմանափակելու համար։

Այս համեմունքը նաև օգտակար է սրտի առողջության համար, քանի որ նվազեցնում է արյան մեջ խոլեսթերինի ու եռգլիցերիդների մակարդակը։ Դա հատկապես կարևոր է դիաբետով մարդկանց համար, որոնք սրտի հիվանդությունների զարգացման ավելի մեծ ռիսկի են ենթարկվում։

Իհարկե, դարչինը չի կարող փոխարինել դիաբետի դեղամիջոցներին կամ դիետային, սակայն կարող է առողջարար լրացում լինել սննդակարգին։

2․ Քրքումը կարո՞ղ է նվազեցնել բորբոքումը

Քրքումն առավել հայտնի է որպես հնդկական քարրի կերակրատեսակների բաղադրամաս, բայց սկսել է ավելի մեծ տարածում գտնել նաև այլ խոհանոցներում։ Այն ունի հակաբորբոքային ազդեցություն, իսկ բորբոքումը, ինչպես հայտնի է, տարբեր հիվանդությունների զարգացման պատճառներից մեկն է։

Քրքումի բաղադրամասերից մեկը կուրկումինն է, որը, հետազոտությունների համաձայն, կարող է նվազեցնել գլխուղեղում բորբոքային գործընթացները, որոնք կապվում են դեպրեսիայի և Ալցհայմերի հիվանդության զարգացման վտանգի հետ։ 50-ից բարձր մեծահասակների շրջանում կատարված ոչ մեծ հետազոտությամբ պարզվել է, որ նրանք, որոնք կուրկումինով հավելումներ են ընդունել 18 ամսվա ընթացքում, հիշողության թեստերի արդյունքների բարելավում են գրանցել։ Նրանք նաև հայտնել են, որ ունեցել են տրամադրության բարելավում։ Ընդ որում, նրանց գլխուղեղի սկանավորումը նշանակալիորեն ավելի քիչ մարկերներ է ցույց տվել, որոնք կապվում են մտավոր գործառույթների թուլացման հետ։

Իր հակաբորբոքային հատկությունների շնորհիվ կուրկումինն արդյունավետ է նաև արթրիտ ունեցող մարդկանց ցավերն ու այտուցները նվազեցնելու համար։ Կենդանիների վրա իրականացված հետազոտություններում կուրկումինը հզոր հակաքաղցկեղային ազդեցություն է դրսևորել։ Ջոն Հոփկինսի համալսարանի հետազոտությունը ցույց է տվել, որ քիմիաթերապևտիկ դեղորայքի ու կուրկումինի համակցությունը ավելի արդյունավետ է դեղորայքակայուն ուռուցքների փոքրացման հարցում, քան զուտ քիմիաթերապիայի կիրառումը։

3. Կոճապղպեղը կարո՞ղ է թեթևացնել սրտխառնոցը

Կոճապղպեղն արևադարձային բույս է, որն ասիական երկրներում հազարավոր տարիներ օգտագործվել է ստամոքսի խանգարումները, սրտխառնոցը, փորլուծությունը բուժելու համար։ Հետազոտություններով հաստատվել է, որ կոճապղպեղն օգնում է թեթևացնել հղիության հետ կապված սրտխառնոցը, նվազեցնում է ստամոքսի խանգարումների հավանականությունը վիրահատություններից հետո։ Որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ կոճապղպեղը վերացնում է ծովային հիվանդության ախտանշանները։ Այն նաև կարող է օգտակար լինել քիմիաթերապիայի պատճառով առաջացած սրտխառնոցի ու փսխումների դեմ պայքարում։

Սակայն այդ դեպքում անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ, քանի որ կոճապղպեղի ակտիվ նյութերը կարող են ոչ դրական փոխազդեցության մեջ մտնել որոշ դեղամիջոցների հետ։

4․ Սխտորն օգտակա՞ր է սրտի համար

Սխտորի օգտակար հատկությունների մասին բոլորը գիտեն, բայց որ այն կարող է պաշտպանել սիրտը հիվանդություններ առաջացնող անցանկալի փոփոխություններից, քչերին է հայտնի։ Տարիքի հետ զարկերակների որոշակի կարծրացումը նորմալ է համարվում։ Դա կոչվում է աթերոսկլերոզ, որն առաջանում է, երբ խոլեսթերինն ու այլ մասնիկներ կուտակվում են զարկերակների ներքին պատերին, իսկ իրավիճակը կարող են վատացնեկ ռիսկի այնպիսի գործոնները, ինչպիսիք են արյան մեջ խոլեսթերինի բարձր մակարդակը, ծխելը, զարկերակային բարձր ճնշումը և այլն։ Ժամանակի ընթացքում որքան մեծանում են այդ կուտակումները, այնքան նեղանում են զարկերակները՝ մեծացնելով կաթվածի ու ինֆարկտի վտանգը։

Հետազոտությունները հաստատում են սխտորի օգտագործման դրական ազդեցությունն արյունատար անոթների պատերի ճկունության պահպանման հարցում, հատկապես կանանց դեպքում։ Ինչպես նաև դրանք ցույց են տալիս, որ սխտորը կարող է նվազեցնել եռգլիցերիդների ու խոլեսթերինի մակարդակն արյան մեջ։

Սխտորը միջերկրածովյան դիետայի կարևոր բաղադրամասերից մեկն է․ այդ սննդակարգը հաճախ են խորհուրդ տալիս սրտաբանները։

5. Կայենեյան պղպեղը կարո՞ղ է թեթևացնել ցավը

Կայենեյան պղպեղը լայնորեն կիրառվում Ամերիկայի հարավ-արևմտյան երկրներում։ Կայենեյան պղպեղի կազմում կա կապսիացին նյութը, որը պատասխանատու է պղպեղի ոչ միայն կծու համի, այլև ցավազրկող ազդեցության համար։ Կապսիացինը նվազեցնում է գլխուղեղին փոխանցվող ցավային ազդակների թիվը։ Իր ցավազրկող ազդեցության շնորհիվ կապսիացինը նաև ներառվել է մկանների ու հոդերի համար նախատեսված որոշ քսուկների կազմում։

Թեև մարդիկ հաճախ են կծու սնունդը կապում ստամոքսի հիվանդությունների հետ, պարզվել է, որ իրականում կապսիացինը նպաստում է ստամոքսի խոցի նվազեցմանը, ինչպես նաև դանդաղեցնում խոց առաջացնող բակտերիաների (Helicobacter pylori) աճը։

Մեկ դիտարկում․ համեմունքների առավելություններն ընդգծող հետազոտություններում սովորաբար համեմունքների կամ դրանց ակտիվ միացության ավելի մեծ չափաբաժիններ են օգտագործվում, քան մենք սովորաբար օգտագործում ենք օրվա ընթացքում։

Ծանուցում․ նյութն ընդհանուր տեղեկատվական բնույթի է և բուժում նշանակելու նպատակ չի հետապնդում։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031