«Ազատություն» ռ/կ. ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Քերըն Դոնֆրիդը երկուշաբթի օրը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է տարածաշրջանում տիրող իրավիճակը և Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորումը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Դոնֆրիդն ընդգծել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման կարևորությունը տարածաշրջանային խաղաղության և զարգացման համար, մտահոգություն է հայտնել տարածաշրջանում վերջերս սրված իրավիճակի կապակցությամբ և կոչ է արել բոլոր հարցերը լուծել բանակցությունների միջոցով։ Նշվել է, որ ամերիկյան կողմը պատրաստ է աջակցել խաղաղության գործընթացին։
Բայրամովը Դոնֆրիդին տեղեկացրել է տարածաշրջանում տիրող վերջին իրավիճակի մասին, շեշտել, թե իբր Հայաստանը «ոչ կառուցողական մոտեցումներ է որդեգրել», որոնք խոչընդոտում են խաղաղ համաձայնագրի բանակցություններին։ Ըստ նրա՝ «Ադրբեջանը պատրաստ է ցանկացած պահի բանակցություններ սկսել խաղաղության պայմանագրի շուրջ»։
Օրերս Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը տեղեկացրեց, որ խաղաղության պայմանագրի առանցքային հարցերի շուրջ համաձայնության հասնել դեռևս չի հաջողվել։
Կարդացեք նաև
«Քննարկումներ են եղել, փոխանակումներ են եղել մտքերի, ինչ-որ փոխզիջումային տեքստեր ձևակերպվել են։ Ցավոք սրտի, սա վերաբերում է ոչ հիմնական, ոչ առանցքային, կամ առաջին կարևորության հարցերին։ Բոլոր այն առաջին կարևորության հարցերը դեռևս քննարկումների փուլում են, և դրանց, չէի վարանի ասել, հիմնական մասում կողմերի դիրքորոշումները դեռևս բավականին հեռու են իրարից», – ասել էր նա։