Լրահոս
Օրվա լրահոսը

«20 զինվորի զոհվելու եւ մեկի անհետ կորելու պատճառը Գեւորգյանի անգործությունը չէ»․ պաշտպան

Մարտ 27,2023 20:44

Արցախի ՊԲ ստորաբաժանումներից մեկի հրամանատար Գեւորգ Գեւորգյանի պաշտպան Գոռ Գեւորգյանն այսօր դատարանին ներկայացրեց նրա խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու մասին միջնորդություն։ «Քրեական գործի այս փուլում առկա չէ հետեւանքի՝ 20 զինծառայողի զոհվելու եւ մեկ անձի անհետ կորելու հանգամանքների եւ Գեւորգյանի ենթադրյալ անգործության միջեւ պատճառահետեւանքային կապը փաստող տվյալ։ 20 զինվորի զոհվելու եւ 1 զինվորի անհետ կորելու պատճառը ոչ թե Գեւորգյանի ենթադրյալ անգործությունն է, այլ ՊԲ բարձր հրամանատարական կազմի, այդ թվում՝ Ջալալ Հարությունյանի, Հայկ Թովմասյանի անփույթ վերաբերմունքը բանակի, հայրենիքի եւ զինվորի հանդեպ»,-հայտարարեց Գոռ Գեւորգյանը։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ ՊԲ հրետանային դիվիզիոնի («Ցորի» զորամասի հրետանային դիվիզիոն) շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, մայոր Գեւորգ Գեւորգյանը 2020թ. հոկտեմբերի 12-ին Արցախի Վարանդայի շրջանում գտնվող «Զովառլու» կոչվող տեղամասում մարտական գործողություններին մասնակցելու ընթացքում զինվորական մեքենայով փախուստի է դիմել կրակային դիրքից, ինչի հետեւանքով առանց ղեկավարման մնացած մարտկոցի անձնակազմը խուճապի է մատնվել՝ փորձելով հնարավոր միջոցներով պաշտպանվել․ զոհվել են մարտկոցի 20 զինծառայողներ, իսկ մեկն անհետ կորած է։ Նկարագրվածին նախորդել է հակառակորդի հարձակումը, եւ մեկ այլ դրվագով մեղադրյալի կարգավիճակում է(ազատության մեջ է) Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը։ Ըստ մեղադրանքի՝ նա համակողմանի չի ուսումնասիրել, չի մշակել իրադրության մասին ստացված տեղեկատվությունը, համապատասխան ծառայությունների սպաների հետ ստացված տեղեկությունը չի քննարկել, իր աշխատանքային քարտեզները չի ուսումնասիրել, բայց առանց հիմնավորման նշել է, թե մոտեցող խմբավորումը յուրային է։ Տեղեկությունը հաղորդվել է «Ցորի» դիվիզիոնի անձնակազմին, իսկ մոտեցող խմբավորումն իրականում եղել է ադրբեջանական ստորաբաժանում։

Գոռ Գեւորգյանը հիշեցրեց, որ Գեւորգ Գեւորգյանը մեկ տարուց ավելի անազատության մեջ է, եւ այս ընթացքում հարցաքննված վկաներից Արթուր Սահակյանն ասել է, որ դեպքի օրը բարձր ղեկավարությունից տրվել են տարբեր՝ տարօրինակ հրամաններ․ «Ըստ նրա՝ եթե առաջին անգամ նահանջ հրամանը կատարվեր, ապա բոլորը կկարողանային դուրս գալ եւ ողջ մնալ։ Ըստ նրա՝ Գեւորգյանը ոչինչ չէր կարող անել։ Մեկ այլ վկայի խոսքով՝ Գեւորգյանը եւ նրա հետ տարածքից հեռացած տղաները եթե մնային կրակային դիրքում, հնարավոր է՝ ավելի շատ զոհեր լինեին։ Ըստ նրա՝ մեղավոր են նրանք, ովքեր փոխանցել են, թե մոտեցող ստորաբաժանումը մերոնք են։ Ըստ վկաների՝ իրենք փրկվել են ու դուրս են եկել Գեւորգյանի շնորհիվ»։

Պաշտպանը նաեւ դատարանին հայտնեց, որ Գեւորգ Գեւորգյանի խնամքին անչափահաս երեխաներն են ու ծնողները, որոնք շրջափակված Արցախում են, որտեղ մարդիկ սովի են մատնված։

«Վկաների վրա ազդեցություն ունենալու մասին ռիսկ չի կարող լինել։ Հասկանում եմ, որ ծնողները կառարկեն, որովհետեւ իրենց կարծիքով՝ նա մեղավոր է իրենց որդիների մահվան մեջ, բայց իրավական հարթության վրա չկա այլ հիմնավորում, որ Գեւորգյանը կարող էր կատարել այնպիսի գործողություն, որը թույլ չէր տա հետեւանքի առաջացում։ Քանիցս խոսել եմ ծնողների հետ։ Մեղավորներն իրականում այլ մարդիկ են։ Ես համաձայնել եմ պաշտպանել նրան, որովհետեւ նրան առաջադրված հանցանքը համարում եմ չկատարված։ Այլապես չէի պաշտպանի»,-հավելեց պաշտպան Գոռ Գեւորգյանը։

Նա ասաց, որ գրավի չափը թողնում է դատարանի հայեցողությանը, իսկ գրավը պատրաստ են վճարել ինքը եւ Գեւորգյանի մարտական ընկերները․ ինքն անձամբ կմիջնորդի, որպեսզի Գեւորգյանն աշխատանք գտնի ու կարողանա ընտանիքը պահել։

Հանրային մեղադրողներին եւ զոհված զինծառայողների ծնողների շահերի ներկայացուցիչ Լիպարիտ Սիմոնյանին դատարանը ժամանակ տվեց՝ միջնորդության վերաբերյալ կարծիք հայտնելու նպատակով։ Այս պատճառով նիստը հետաձգվեց։

Հիշեցնենք նաեւ, որ այսօրվա նիստում հարցաքննվեց վկա Արման Օհանյանը, որը 2020թ․-ի պատերազմի ժամանակ եղել է ՊԲ հրետանային դիվիզիոնի մարտկոցներից մեկի կառավարման դասակի վարորդը՝ այն մեքենայի, որով, ըստ մեղադրանքի, փախուստի է դիմել հրամանատար Գեւորգյանը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Լուսանկարում՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանը։ Aravot.am-ը չի տեսանկարահանել մեղադրյալին, քանի որ նա դատարանին հայտնել է՝ չի ցանկանում տեսանկարահանվել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031