«Եվ արդյունքում կոմկուսն ավելի շատ պատգամավորներ ուներ քան ՀՀՇ-ն։ Ուղղակի տեղի ունեցավ առաջին առնետավազքը, Վիգեն Խաչատրյանի և այլոց «շնորհիվ». Aravot.am-ի զրուցակիցն է նախկինում «Ղարաբաղ կոմիտե»-ի անդամ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը
-Երեկ կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով, առաջատարը կրկին իշխող «Քաղաքացիական պայմանագիրն» է. ինչո՞վ եք բացատրում իշխող ուժի այս հաղթարշավը, երբ այդ ուժի վարած քաղաքականության արդյունքում Հայաստանն ու Արցախն անընդհատ են կորուստներ ունենում, մարդիկ անընդհատ տարբեր ողբերգությունների ականատեսն են լինում։ Տարօրինակ չի՞ որ մարդկանց սերն առ Նիկոլ Փաշինյան և նրա թիմ, որևէ կերպ չի սասանվում։
-Ձեր հարցին մի փոքր ավելի ընդարձակ փորձեմ պատասխանել։ Նախ, Հայաստանում, այսպես ասած, դասական ժողովրդավարությունը, այսինքն՝ ընտրությունների միջոցով իշխանափոխություն, երբևէ չի եղել և առաջիկայում չի լինելու։ Չեմ ցանկանում այժմ մանրամասն անդրադառնալ հեռավոր 1919թ․ խայտառակ պառլամենտական, ինչպես նաև ԽՍՀՄ տարիների ձևական ընտրություններին։ Նորագույն պատմության մեջ Հայաստանում իշխանափոխություն եղել է չորս անգամ՝ 1920թ․կարմիր բանակի կողմից Հայաստանի գրավման, 1990թ․ առնետավազքի, 1998թ․ պալատական հեղաշրջման և 2018թ․ ստի և կեղծիքի հեղափոխության արդյունքում, բայց երբեք ընտրությունների արդյունքում։
Անկախ Հայաստանի ժողովրդավարության առաջին քննությունը 1995թ․ խորհրդարանական ընտրություններն ու զուգահեռ անցկացվող սահմանադրական հանրաքվեն էին, որոնցով էլ հիմք և ավանդույթ դրվեց, այսպես ասած, «հայկական ժողովրդավարությանը»։ Ընդամենը մի քանի փաստեր․
Կարդացեք նաև
1.ընտրության օրը, կամայական երկու ժամով երկարացվեց ընտրության ժամանակը, քանի որ չէին հասցրել իրենց ցանկալի մասնակցությունն ապահովել:
2․ Ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանի քմահաճույքով մի քանի ամիս ընտրություններից առաջ ստեղծված «Շամիրամ» կուսակցությունը ընտրությունների արդյունքում զբաղեցնում է երկրորդ տեղը։
3․ «Հանրապետություն» դաշինքի անվան տակ հանդես եկող, իշխող ՀՀՇ կուսակցությունը հավաքում է 50%-ից ավելի ձայներ, իսկ արդեն իշխանությունը կորցնելուց հետո՝ 1999թ․ չի հավաքում անցողիկ 5%-անոց շեմը, իսկ «Շամիրամը», ինչպես իր անվանակից Ասորեստանի թագուհին, ընդհանրապես անցավ պատմության գիրկը։
Երկրորդ, քանի որ երեկվա «ընտրությունները» տեղական էին, ապա պետք է փաստել, որ Հայաստանում մշտապես իշխող ուժի հիմնական ռեսուրսը, ժամանակին շրջաններն էին, հետո մարզերը։ Նույնիսկ 1990թ․ Գերագույն խորհրդի ընտրություններում, ժողովրդական ալիքի հուժկու պայմաններում, կոմկուսը հաղթեց, հատկապես Երևանից դուրս եղած տեղամասերում։ Եվ արդյունքում կոմկուսն ավելի շատ պատգամավորներ ուներ քան ՀՀՇ-ն։ Ուղղակի տեղի ունեցավ առաջին առնետավազքը, Վիգեն Խաչատրյանի և այլոց «շնորհիվ»։ Մարզային «ընտրողը», որպես կանոն ընտրում է գործող իշխանությանը։ Իհարկե, բացառություններ լինում են, բայց․․․Հիշենք նաև, որ նույն համայնքային ընդդիմադիր ղեկավարների հանդեպ ինչեր կատարվեցին դեռևս հայկական «ժողովրդավարական» ակունքներում՝ 90-ականներին։ Միայն Աշտարակի քաղաքապետ ՀՅԴ անդամ Հովհաննես Սուքիասյանի սպանությունը, կարծում եմ, բավարար է։ Այսօրվա իշխանությունը, «ի պատիվ» իրեն, առայժմ չի դիմում նման սպանությունների, փոխարենը շինծու քրեական գործեր թխելով կալանավորում է ոչ ՔՊ-ական համայնքապետերին։ Հիշենք Բերդի, Վարդենիսի, Վանաձորի, Գորիսի, Քաջարանի համայնքապետերին։ Եվ այդ մարդիկ մնացին միայնակ, առանց լուրջ աջակցության ընդդիմության կողմից։ Արձանագրենք նաև, որ նույն համայնքային «ընտրություններին», ինչպես երեկ, իրենց ներկայությամբ բնակիչներին ահաբեկում էին հարյուրավոր ոստիկաններ։ Եվ չնայած այս ողջ վարչական ռեսուրսին, արձանագրվեցին բազմաթիվ խախտումներ։
Եվ ի՞նչ․․․ Վստահեցնում եմ, որ դրանք որևէ հետևանք չեն ունենալու, քանի որ ողջ իրավապահ համակարգը գտնվում է վարչապետ կոչեցյալի գրպանում։ Այս պայմաններում, պահանջել հերոսություն գյուղերում չարքաշ կյանք ունեցող ժողովրդից, չեմ կարծում ճիշտ է, մանավանդ որ հերոսության դեպքում, չի բացառվում հայտնվել ճաղերի ետևում, կամ եռամսյա զինվորական հավաքներում։ Հաշվի առնենք նաև, որ այսօրվա վարչապետ կոչեցյալը, չի հանդուրժում նույնիսկ որևէ բուհում ոչ յուրային ռեկտորի ընտրությունը, որի համար «պատժում» և հեռացնում է, իրեն հավատարիմ ԿԳՄՍ նախարարին: Եվ իհարկե, զարմանալի է և հատկապես՝ օտարների համար անհասկանալի, թե այսքան աղետներ բերած իշխանությունը ինչպե՞ս է «հաղթում» ընտրություններում։ Մի պահ մոռանանք խայտառակ պարտության մասին, միայն Սոնա Մնացականյանի սպանությունը կամ 15 զինվորների ողբերգական մահը բավական էին, որ ցանկացած այլ երկրում կայանար իշխանափոխություն, ապստամբության կամ արտահերթ ընտրությունների արդյունքում։ Ինքս վստահ եմ, եթե ՔՊ-ն վաղը չունենա իշխանություն, ցանկացած համայնքում կհավաքի զրո ձայն։ Հիշենք նաև, որ այսօրվա իշխանության հենարաններից են ընտրակեղծիքների հայրեր և մասնագետներ Գագիկ Ջհանգիրյանը, Գուրգեն Արսենյանը, Խաչատուր Սուքիասյանը և ուրիշներ։
Այնպես որ հայկական ընտրությունները ոչ մի առնչություն չունեն վարչապետ կոչեցյալի հանդեպ «սիրո հետ»։
-Ստեղծված փակուղուց ինչպե՞ս դուրս գալ։ Ընդդիմադիր ուժերն էլ կարծես իրենց ամլությունը ցույց տվեցին։
-Անկեղծ ասած, ես այլևս ելքեր չեմ տեսնում։ Ահա շուտով տեղի կունենա Երևանի ավագանու ընտրությունները։ Եվ նորից, ինչպես 2021թ․ խորհրդարանական ընտրություններին, ընդդիմությունը կմասնակցի և ինչպես լեգիտիմացնել 2020թ․ պարտությունը, կլեգիտիմացնի նաև դրանից հետո եղած կորուստները։ Մի բան պարզ է՝ չի կարելի խաղալ իշխանության թելադրած խաղի կանոններով։ Միակ ելքը, ոչ թե այսպես ասած ժողովրդավարության, այլ Հայաստանի և Արցախի փրկության համար՝ համազգային ըմբոստությունն է, որը հնարավոր է միայն ողջ ընդդիմադիր դաշտի միավորման և վճռականության դեպքում։ Ի դեպ, Երևանի ավագանու ընտրություններին մասնակցությունը կարող է միայն մեկ արդարացում ունենալ, այն է՝ ընդդիմության միասնական ցուցակը և ընտրությունները վերափոխել, ինչպես ասացի ըմբոստության։ Հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ ըմբոստությունը միայն Երևանում բավարար է, հույս դնել համայնքների վրա միամտություն է։ Իսկ առայժմ, ընդդիմության մասին կամ լավ, կամ ոչինչ․․․
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ