Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՈ լիազոր ներկայացուցիչ․ «ՔՊ ներկայացնող անձինք կանգնած են եղել ընտրատեղամասեր տանող ճանապարհներին՝ ցուցակներով, թղթերով, ընտրողները մոտենում էին նրանց»

Մարտ 27,2023 19:50
Sisian

«Քաղաքացու Որոշում» կուսակցությունը 34-րդ ընտրատարածքում մի շարք ընտրախախտումներ է արձանագրել։ Երեկ Սիսիան խոշորացված համայնքում  ՏԻՄ ընտրություններ էին։

Մեզ հետ զրույցում ընտրատարածքային հանձնաժողովում ՔՈ լիազոր ներկայացուցիչ Վարդան Բալյանը պնդում է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը խախտումները սկսել է նախընտրական փուլում՝ քարոզչության ընթացքում։

Բալյանի պատմելով՝ ՔՊ-ն նախընտրական շրջանում, նույնիսկ լռության օրը խախտումներ է թույլ տվել, ըստ այդմ, պետության կողմից չի ապահովվել Սահմանադրությամբ ամրագրված հավասարության սկզբունքը ընտրություններին մասնակից կուսակցությունների համար․«Հանձնաժողովը մարտի 15-ին ֆիքսել էր, որ արդեն նախընտրական քարոզչության շրջանում հավասար պայմաններով մրցակցությունն անհնար է, ՔՊ-ն իրեն պատկանող լրատվամիջոցով ներառյալ ամսի 24-ը քարոզչական եւ հակաքարոզչական նյութեր էր հրապարակում, գովազդվում էին համացանցում, որի համար ՔՊ-ն էր վճարում եւ այլն։ Այս ամենը արձանագրված է, տեսանյութեր կան խախտումների մասին։ Մենք դիմեցինք ընտրատարածքային հանձնաժողով ՔՊ-ի նախընտրական  ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու պահանջով։  Հանձնաժողովն առանց  լսումների որոշում է կայացրել։ Տեսաձայնագրություն կա,  որ սենյակի  ներսում, վարչական մարմինը, որը կոլեգիալ մարմին է, դրա անդամները զբաղված էին անհասկանալի գործողություններով։ Այդ ընթացքում կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամը ինչ-որ հեռախոսազրույցներ է ունենում, որից հետո նստում է համակարգչի դիմաց, գրում որոշում,  դա տպվում է, կպցնում է ստեպլերով, կանչում է հանձնաժողովի նախագահին, որոշումը տալիս է նրա ձեռքը։ Ու դրանից հետո մեզ կանչում են ներս ու պատրաստի որոշումը տալիս՝  առանց լսումների, առանց պատճառաբանության, ասում են, որ մերժում են մեր՝ ՔՊ ցուցակի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ դատարան դիմելու մեր դիմումը։  Ես վստահ եմ ՝ դա եղել է երկրի բարձրագույն քաղաքական ղեկավարության անմիջական հանձնարարությամբ եւ հովանավորությամբ։  Այս մարդիկ պետք է պատասխան տան։ Այդ ո՞ւմ էր զանգում կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամն այդ ընթացքում, ո՞ւմ էր հաղորդագրություններ գրում, ինքն ի՞նչ լիազորություններ ուներ այդ նիստի ժամանակ»։

Երբ հանձնաժողովը մերժում է դատարան դիմելու ՔՈ դիմումը, ՔՈ-ն է դիմում դատարան՝ նույն պահանջով։ Դատարանն էլ, ըստ Բալյանի, դիմումատուին հարցնում է՝ միգուցե  պահանջը վերաձեւակերպեք, որ դատարանը պարտավորեցնի հանձնաժողովին ինքը դիմի վարչական դատարան ուժը կորցրած ճանաչելու պահանջով․« Եթե մենք փոխեինք հայցադիմումը, շատ լավ հասկանալով, որ բացառված է, որ հանձնաժողովը չի դիմի դատարան, ծիծաղելի իրավիճակում կհայտնվեինք»։

Բալյանն ասում է՝ ԿԸՀ անդամներն ու աշխատակազմը, որոնք դատարանում պաշտպանում էին թիվ 34  ընտրատարածքային հանձնաժողովը, ըստ էության ընդունում էին ՔՈ-ի ներկայացրած տվյալներն ընտրախախտումների մասին եւ որ այդ խախտումները կարող էին ազդել ընտրության արդյունքների վրա եւ որ  խախտումների հեղինակը ՔՊ-ն է․«Բայց պատճառաբանում էին, որ դեմ են գրանցումն ուժը կորցրած ճանաչելու հարցը  քննարկել։ Ասում էին՝ հնարավոր է, որ այդ ամենի արդյունքում դուք լինեք շահող կողմ, ոչ թե տուժող կողմ, իսկ դա չափել կարող ենք միայն ընտրության արդյունքներով։ Պարզ ասած՝ օրենքում գրված է, որ եթե այդ խախտումները կարող են ունենալ էական ազդեցություն արդյունքների վրա եւ հետեւանքները  վերացնելը հնարավոր չէ, ապա ընտրությունները  ճանաչվում են անվավեր կամ կուսակցության ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչվում։  Հիմա այս մարդիկ ասում են՝ լավ, այդ ամենը ընդունում ենք, բայց եկեք  դա պարզենք  քվեարկության արդյունքներով, եւ կգնահատենք, թե որքան էական ազդեցություն է ունեցել ընտրությունների  արդյունքների վրա»։

Բալյանը վստահ է՝ եթե ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչվեր, ապա ՔՈ-ն  եւ ՀՀԿ-ն հնարավորություն կունենային ավելի շատ քվե ստանալ․«Երկուսից մեկը 50+  ձայն հավաքելու հնարավորություն կունենար։ Այժմ պարզվել է, որ ՔՊ-ն ստացել է 64%, ՔՈ-ն՝ 12.,7%, ՀՀԿ-ն՝ մոտ 20%: Սակայն, ամբողջ  քվեարկության ընթացքում մենք արձանագրել ենք,  որ ՔՊ ներկայացնող անհասկանալի գործառույթերով անձինք կանգնած են եղել տեղամասեր եկող ճանապարհների  կողքերին՝ թեկնածուներով, վստահված անձանցով, ընտրողները մոտենում էին նրանց կամ տեղամասից դուրս գալիս կամ ներս մտնելիս։ Այդ մարդկանց ձեռքին կային ցուցակներ, թղթեր, եւ այդ մարդկիկ, ովքեր մոտենում էին․․․ամբողջ քաղաքը խոսում էր ընտրակաշառքի մասին։ Մենք դիմել ենք համապատասխան մարմիններին, ոչինչ չի արվել։ Այսինքն, ՔՊ-ն 64% քվե ստանալու համա դիմել է հնարավոր ամեն ինչի, որ հետո ասեն՝ գիտես, խախտել ենք, բայց մենք  64% ենք հավաքել, դուք՝ 12%, եթե հավասար պայմաններ լինեին, դուք էդքան կհավաքեի՞ք, չէիք հավաքի։ ՔՊ-ի ցուցակի առաջին համար՝ Սիսիան համայնքի ղեկավարի պաշտոնակատար  Արմեն Հակոբջանյանն անընդհատ հանդես էր գալիս իր պաշտոնե, որի իրավունքը չուներ, որոշումներն  ու պաստառը տեղադրել են պաշտոնական դիրքի չարաշահումով համայնքային գույք են օգտագործել քարոզարշավի ժամանակ։ Այս ամենը տեսագրված է, ապացույցներ կան։ Սակայն իրավասու մարմինները ոչ մի գործողություն չեն ձեռնարկել։ Ես պնդում եմ՝ այս ամենը ամենաբարձր մակարդակով հովանավորվում է, որովհետեւ Երեւանի ընտրություններին ընդառաջ էս տղաները իրական պրոբլեմ  էին տեսնում այստեղի ընտրությունների արդյունքների հետ կապված եւ ուստի գնացել են անբարոյական քայլերի»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031