Լրահոս
Օրվա լրահոսը

«Հրամանատարը զենքը պահե՞լ է վրադ ու ասել՝ քշի ստեղից»․ վկան հերքում է ու պնդում, որ եթե Գեւորգ Գեւորգյանը չլիներ, իրենք էլ էին զոհվելու

Մարտ 27,2023 19:20

«Տղաներով «շելի» (նկատի ունի՝ թաքստոցի,-հեղինակ) մեջ էինք, որ լսեցինք «ավտոների մոտ» հրամանը։ Գնալով մեքենայի մոտ՝ տեսա պարոն Գեւորգյանին։ Ասաց՝ ավտոն մոտիկացրու մեզ։ Գնացի բերեցի։ Խառը կրակոցներ էին։ Նստել ենք ու դուրս ենք եկել այդտեղից մի 3-4 կմ։ Գեւորգյանը փորձում էր կապ հաստատել տղաների հետ, հետո այդտեղից չեմ հիշում որ տեղանք գնացինք»,-Արցախի ՊԲ ստորաբաժանումներից մեկի հրամանատար Գեւորգ Գեւորգյանի գործով դատական նիստում այսօր հայտարարեց գործով վկա Արման Օհանյանը։ 2020թ․-ի պատերազմի ժամանակ նա եղել է ՊԲ հրետանային դիվիզիոնի մարտկոցներից մեկի կառավարման դասակի վարորդը՝ այն մեքենայի, որով, ըստ մեղադրանքի, փախուստի է դիմել հրամանատար Գեւորգյանը։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ ՊԲ հրետանային դիվիզիոնի («Ցորի» զորամասի հրետանային դիվիզիոն) շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, մայոր Գեւորգ Գեւորգյանը 2020թ. հոկտեմբերի 12-ին Արցախի Վարանդայի շրջանում գտնվող «Զովառլու» կոչվող տեղամասում մարտական գործողություններին մասնակցելու ընթացքում զինվորական մեքենայով փախուստի է դիմել կրակային դիրքից, ինչի հետեւանքով առանց ղեկավարման մնացած մարտկոցի անձնակազմը խուճապի է մատնվել՝ փորձելով հնարավոր միջոցներով պաշտպանվել․ զոհվել են մարտկոցի 20 զինծառայողներ, իսկ մեկն անհետ կորած է։ Նկարագրվածին նախորդել է հակառակորդի հարձակումը, եւ մեկ այլ դրվագով մեղադրյալի կարգավիճակում է (ազատության մեջ է) Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը։ Ըստ մեղադրանքի՝ նա համակողմանի չի ուսումնասիրել, չի մշակել իրադրության մասին ստացված տեղեկատվությունը, համապատասխան ծառայությունների սպաների հետ ստացված տեղեկությունը չի քննարկել, իր աշխատանքային քարտեզները չի ուսումնասիրել, բայց առանց հիմնավորման նշել է, թե մոտեցող խմբավորումը յուրային է։ Տեղեկությունը հաղորդվել է «Ցորի» դիվիզիոնի անձնակազմին, իսկ մոտեցող խմբավորումն իրականում եղել է ադրբեջանական ստորաբաժանում։

Վկա Արման Օհանյան

Վկա Արման Օհանյանը դատարանին հայտնեց, որ իր վարած մեքենան նախատեսված է եղել զորքի տեղափոխման, իսկ կոնկրետ՝ կառավարման դասակի համար։ Մինչեւ դեպքի վայրից հեռանալը տրվել է շրջանաձեւ պաշտպանության հրաման, իսկ որոշ ժամանակ անց՝ «թողնել» հրաման, ինչից հետո վարորդը շտապել է դեպի իր մեքենան։ Դասակից, նրա հիշելով, մեքենան կարողացել են նստել միայն Սամվելը, Գրիգորը եւ հրամանատար Գեւորգ Գեւորգյանը, մյուս զինվորի անունը չի կարողացել մտապահել։ Հանրային մեղադրողներ Հայկ Ռափյանը եւ Դավիթ Նավասարդյանը հարցեր ուղղեցին վկա Արման Օհանյանին։

-Մինչեւ հարձակումն ի՞նչ էինք անում։

Վկա-Տղաներին էի օգնում, որ «Դ-20» հրանոթները լիցքավորեն։ «Շել» էինք սարքում։

-Դա այն մարտկոցն էր, որը հետո դուրս է եկե՞լ, թե այն մարտկոցը, որը դուրս չի կարողացել գալ։

Վկա-Իմ հիշելով՝ ես երկրորդ մարտկոցում եմ եղել։ Հետո տղաներից ոչ մեկին չեմ տեսել։

-Գեւորգ Գեւորգյանն այս ընթացքում ի՞նչ գործողություններ է արել։

Վկա-Մեր հետ է եղել։ Ինչ հրաման տվել է, կատարել ենք։ Անընդհատ կրակում էին։

-Այլ անձինք տեղանքում եղե՞լ են, երբ դուրս էիք գալիս։

Վկա-Ես չեմ հիշում, չեմ տեսել։ Գեւորգյանը փորձում էր կապ հաստատել, չէր լինում։ Համ հեռախոսով, կամ ռացիայով։ Իրար հետ ենք նստել։

-Մեքենայի մեջ ի՞նչ գործողություններ էր Գեւորգյանն անում։

Վկա-Ավտոմատն էր լիցքավորում։ Ինձ ասեց՝ չվախենաս, եթե մարդ դուրս գա դեմներս՝ կրակելու եմ, դու մենակ ուշադիր քշի։

-Մեքենայի թափքում ովքե՞ր էին։

Վկա-Գրիգորն ու Սամվելը։

-Այլ անձինք չե՞ն եղել։

Վկա-Չեմ նկատել։

-Մնացած անձնակազմի վերաբերյալ ի՞նչ տեղեկություններ ունեիք այդ պահին։

Վկա-Ոչ մի։

-Մինչեւ շարժվելը դուք կամ Գեւորգյանը չեք հաշվե՞լ, որ կառավարման դասակն ամբողջությամբ նստի։

Վկա-Ես ոչ։ Պարոն Գեւորգյանը չգիտեմ։

-Դեպքը, հասկանում եմ․․․մազապուրծ փրկվել եք, բայց եղել են մարդիկ, որոնք չեն փրկվել։ Դեպքից հետո, ենթադրաբար, քննարկել եք զինվորներով եղածը։ Ի՞նչ եք լսել, Գեւորգյանն ի՞նչ է արել այդ ժամանակ։

Վկա-Ծանր հոգեբանական վիճակ էր։ Շատ ժամանակ չէի էլ մասնակցում այդ քննարկումներին։ Տղաները որ խոսում էին, վրաս ազդում էր։ Թողնում գնում էի, որ էլ չլսեմ․․․

-Ըստ նախաքննությամբ ստացված տվյալների, Գեւորգ Գեւորգյանը մեքենայի մեջ ձեզ սպառնացել է՝ հենց հիմա քշի գնանք, թե չէ կկրակեմ։

Վկա-Ոչ, եթե վրաս զենք պահեր, չէի քշի։ Ավելի լավ էր մնայի ըտեղ, քան քշեի։ Չի եղել նման բան։

-Եղե՞լ է, որ նման պահանջի մասին դուք որեւէ մեկին պատմեք, կամ ինչ-որ մեկից լսեք։

Վկա-Ոչ։

-Ասացիք, որ չորս  հոգով եք եղել՝ դուք, Գեւորգյանը, Գրիգորը, Սամվելը։ Այդ մեծ մեքենան այդքանի՞ն կարող էր տեղափոխել։

Վկա-Գուցե վեց հոգի են եղել, չեմ հիշում։ Խաչիկն էլ դուրս գալուց է միացել։

-Կարո՞ղ եք հաստատել, որ այդ մեքենան նախատեսված է եղել կառավարման դասակի համար։

Վկա-Այո, մեր իրերը, ջուրը․․․

-Արգիշտի Բիչախչյանին հիշո՞ւմ եք։

Վկա-Այո, ուրիշ մեքենայի վարորդ էր։

-Իսկ Դավիթ Ազատյանի՞ն։

Վկա-Ուրիշ դասակի հետ մնաց այդտեղ։ Եթե մեր հետ չի եկել, ուրեմն այդտեղ է մնացել, թեեւ մեր դասակից էր ինքը։

-Ինչի՞ց եք համոզված, որ նա չի եղել ձեր մեքենայի մեջ։

Վկա-Գրիգորին ու Սամվելին եմ հիշում։ Եթե էլի մարդ է եղել, չեմ հիշում։

-Դուք, ձեր կարծիքով, պարտավորություն ունեցե՞լ եք հետեւելու, թե որ անձնակազմն է ձեր մեքենայում։

Վկա-Պարոն Գեւորգյանն էր հրաման տալիս՝ ով նստի, ով չէ։

-Այսինքն, միշտ ուշադիր է եղել, որ անձնակազմը նստի՞։

Վկա-Այո։

-Դուրս գալիս նա ի՞նչ էր անում։

Վկա-Կանգնած էր քանդած շինության մոտ, փորձում էր կապ հաստատել։ Բան չեմ լսել աղմուկի մեջ։ Շտապում էի մեքենան բերել։ Երկրորդ շրջանաձեւ պաշտպանությունից հետո միայն լսել եմ, որ ասաց՝ ով ոնց  կարող է, թող փախնի։

-Գեւորգյանն է ասե՞լ։

Վկա-Ոչ, նա ասաց, որ մեքենաները բերենք հրանոթների մոտ։ Իսկ ճանապարհի կեսին ոնց որ նման բան ասեց, որովհետեւ էլ տարբերակ չկար։ Եթե գնայինք թշնամու մոտ, հաստատ խփելու էին մեզ, որովհետեւ իրենք արդեն այնպես էին դիրքավորվել, որ ամբողջ տեսադաշտը երեւում էր։

-Ձեզ որտեղի՞ց նման համոզմունք։

Վկա-Իմ տեսնելով։ Իրենք բարձր տեղում էինք, մենք՝ ձորակում։ Հնարավոր չէր, որ մեզ չտեսնեին։

-Երբ հակառակորդին նկատեցիք, որքա՞ն ժամանակ անց հասաք մեքենային։ Մեքենայով դուրս գալը որքա՞ն տեւեց։

Վկա-Երկու երեք րոպե։ Դուրս գալը մի հինգ րոպե։

-Հակառակորդի դիրքավորման եւ գործողությունների պատկերացումները տալիս եք այդ հինգ րոպեո՞վ։

Վկա-Այո։

-Պարոն Գեւորգյանից կոնկրետ ի՞նչ հրաման եք ստացել։

Վկա-Բոլոր վարորդներն են ստացել «մեքենաների մոտ» հրամանը։ Թե առաջին, թե երկրորդ շրջանաձեւ պաշտպանության ժամանակ։

Ապա հարցեր հղեց զոհված զինծառայողների ծնողների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը։

-Պատերազմական գործողությունների ժամանակ տեղափոխվելիս ուշադիր եղե՞լ եք, որ անձնակազմն ամբողջությամբ նստի մեքենան, հետո շարժվեք։

Վկա-Պարոն Գեւորգյանն է ուշադիր եղել։ Եթե նստած չլինեին, չէինք շարժվի։

-Ասացիք՝ Խաչիկին, Գրիգորին ու Սամվելին եք հիշում։ Նկատե՞լ եք, թե Խաչիկն ինչպես է նստել մեքենան։

Վկա-Այո։

-Ինքը հարցաքննվելուց ասել է, որ երբ նստել է, մեքենան արդեն շարժվեր էր։

Վկա-Չեմ տեսել, վարում էի։

-Կողային հայելիներով նկատե՞լ եք, որ որեւէ մեկը փորձի վազել-նստել մեքենան ու չկարողանա։

Վկա-Ոչ, եթե տեսնեի, կկանգնեի։

-Խաչիկն ասել է, որ մեքենայի հետեւից վազել է Բիչախչյան Արգիշտին ու չի հասցրել։ Մեքենայում եղածները փորձել են կանգնեցնել, բայց չի ստացվել՝ գուցե ձայնը չլսելու պատճառով։

Վկա-Հնարավոր է  ձայն են տվել, բայց չեմ լսել։

-Այսինքն, չեք բացառում, որ վազող անձ է եղել, որին չեք տեսել։

Վկա-Այո, գուցե չեմ տեսել։

-Ստացվում է, որ կառավարման դասակի ոչ բոլոր զինվորներն են մեքենան նստել։

Վկա-Այո։ Իմ իմանալով՝ Ազատյան Դավիթը մնացել է «շելերի» մոտ։

-Այսինքն, 6-7 անձի փոխարեն մեքենան նստել են 2-3 հոգի։ Այդպե՞ս հասկանանք։

Վկա-Այո։

-Այսինքն, պարոն Գեւորգյանը չի սպասել, որ բոլորը նստեն։

Վկա-Այո։

-Երբ պարոն Գեւորգյանն ասել է, որ քշեք, դուք ասե՞լ եք՝ բա մյուս տղաները։ Ո՞ւմ եք նկատի ունեցել։

Վկա-Բոլոր տղաներին, որոնք այդտեղ էին։ «Դ-20»-ի բոլոր հաշվարկների տղաներին։

-Ըստ ձեզ՝ պարոն Գեւորգյանը պատասխանել է, որ դուք գնաք, իսկ մնացածին հետո կգան, կօգնեն հանել այդտեղից։

Վկա-Այո։ Ասաց՝ օգնություն կգա։

-Ձեր մեքենայում քանի՞ զինվոր կտեղավորվեր։

Վկա-20-30 հոգի հանգիստ կտեղավորվեին։

-Դուրս գալուց նկատեցի՞ք, որ Դավիթ Ազատյանն ու Յուրա Դավթյանը, Արգիշտի Բիչախչյանը մեքենայի մեջ չեն։

Վկա-Այո։

-Բա չհարցրի՞ք ինչ եղան։

Վկա-Պարոն Գեւորգյանն ասաց, որ օգնություն կգա, ամեն ինչ լավ կլինի տղաների հետ։

-Նախաքննության ժամանակ հարցաքննվելիս իրականությո՞ւնն եք ասել։

Վկա-Այո։ Որքանով որ հիշել եմ։

-Պարոն Գեւորգյանը եկե՞լ է հիվանդանոց, երբ դուք վիրավորումից հետո պառկել էիք։

Վկա-Այո, զանգել է նաեւ ու հետաքրքրվել առողջությամբ։

-Զոհված զինվորների ծնողներին այցելե՞լ է։

Վկա–Չգիտեմ։

-Այլ հարաբերություններ, բացի ծառայողականից, ունեցե՞լ եք նրա հետ։

Վկա-Ոչ։

Ապա հարցեր հղեց մեղադրյալ Գեւորգ Գեւորգյանի պաշտպան Գոռ Գեւորգյանը։

-Ի վերջո, դուք ո՞ւմ գործողությունների արդյունքում եք ողջ մնացել։

Վկա-Պարոն Գեւորգյանի։

-Եթե նա որոշեր, որ հետ գնայիք եւ մարտի բռնվեինք, ի՞նչ կլիներ։

-Գուցե մենք էլ չլինեինք։ Անհամեմատելի էին ուժերը։ Մենք մի հատ «Դ-20»-ով էինք ու ավտոմատներով, իսկ իրենց մոտ ամեն ինչ կար։ Ու իրենք հաստատ շատ էին մեզանից։

-Գեւորգյանը մեղադրվում է անգործության համար։ Նա ի՞նչ գործողություն կարող էր անել, որպեսզի հետեւանքը՝ զոհեր եւ մեկ անհետ կորած, չլիներ։

Լիպարիտ Սիմոնյան-առարկում եմ, նա չի կարող ասել։ Բացի այդ, տղաներ են եղել, որ տեղում են մնացել եւ ողջ են մնացել։

Գոռ Գեւորգյան-Ես բոլոր վկաներին տվել եմ այս հարցը։ Ո՞րն էր այդ գործողությունը, որը նա պետք է աներ ու չի արել։ Վկան դրա մասնակիցն է, նրա գնահատականը կարեւոր է։

Լիպարիտ Սիմոնյան-պնդում եմ, որ վկան չէ գնահատական տվողը, այլ դատարանը։ Առավել եւս, որ զինվորը շտաբի պետ չէր, այլ մի քանի ամսվա ծառայող։

Դատավոր-Առարկությունը չի ընդունվում։ Պատասխանեք։

Գոռ Գեւորգյան-Վկա, կարո՞ղ էր նա կատարել այնպիսի գործողություն, որ տղերքը չզոհվեին։

Վկաիմ կարծիքով՝ ոչ։

Հանրային մեղադրողՎկա, տեսեք ինչումն է խնդիրը։ Գեւորգյանը սպայի կրթություն է ստացել, հետո ծառայել է, փորձ կուտակել։ Դուք երեք ամսվա ծառայող էիք։ Ի՞նչ գնահատման արդյունքում եք նման եզրահանգման եկել։ Նման գործողություն անելու համար մարդիկ տարիներով սովորում են։ Զինվորական գործն էլ բարդ ու նուրբ մասնագիտություն է։ Նման մարտավարական իրավիճակի մասին գնահատական տալու համար ունե՞ք հիմնավորումներ։

Վկա-Որովհետեւ շատ էին, մենք իրենց վրա չէինք կարող։ Մեր մոտ մենակ ավտոմատ էր։ Իրենց զենքերը․․․Գիտեմ, որ տղաներից կեսի մոտ ավտոմատները «լռվել» են, շպրտել են։

Հանրային մեղադրող-Հարձակվող խմբավորումն ի՞նչ զենքեր ուներ։

Վկա-Դիպուկահարներ։ Այլ շենքեր էլ կային, կրակոցների ձայները տարբեր էին։ Արկեր էլ են գցել։

Վկայի հարցաքննությունն այսքանով ավարտվեց։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031