Լրահոս
Օրվա լրահոսը

«Բացատրե՛ք, ինչո՞ւ եք նիստից ուշանում». Վաղարշակ Հակոբյանը նեղը դրեց էկոնոմիկայի փոխնախարարին եւ նկատողություն արեց

Մարտ 27,2023 18:45

Այսօր ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստում պետք է քննարկվեր «Ապրանքային նշանների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագիծը, որի հիմնական զեկուցողը էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էր: Նախարարը չէր եկել, զգուշացրել էր, որ իր փոխարեն կգա տեղակալը: Տեղակալն էլ ուշանում էր: Սա բարկացրեց նիստը վարող, ՔՊ պատգամավոր Վաղարշակ Հակոբյանին:

Նա դիտողություն արեց. «Նախարարի խնդրանքով զեկույց կունենա փոխնախարար Ռաֆայել Գեւորգյանը: Պարո՛ն Գեւորգյան, խնդրում եմ բացատրեք՝ ինչո՞ւ եք գլխադասային հանձնաժողովի նիստից ուշանում, այն էլ այն դեպքում, երբ արդեն մենք ընդառաջել ենք եւ զեկուցող է փոխվել: Ամբողջ հանձնաժողովը, թվով 6 պատգամավորներ, փորձագետներ եւ աշխատակազմ սպասում է ձեզ»:

Փոխնախարարը ներողություն խնդրեց ուշացման համար՝ բացատրելով, որ նախարարական կոմիտեում քննարկման էր, երկար է տեւել. «Քննարկումը սկսել ենք 2:30, մտածում էինք 4-ին կվերջացնենք, բայց պարզվեց՝ էդ մի հարցը ավելի քան մեկուկես ժամ քննարկվեց: Դրա հետեւանքով ուշացա, հայցում եմ ձեր ներողամտությունը»:

Վաղարշակ Հակոբյանը հորդորեց այսուհետեւ նման բան չկրկնվի, որովհետեւ սա արդեն երկրորդ դեպքն է. «Էկոնոմիկայի նախարարությունում դերաբաշխումն այնպես արեք, որ նախ չգրվի ուրիշ զեկուցողի անուն, երկրորդ՝ եթե դուք նախարարական կոմիտեում հարց ունեք զեկուցելու, այնպես դերաբաշխեք, տարբեր փոխնախարարներ կան, մենք այս խնդիրը չունենանք»:

Հիշեցնենք, որ այս հանձնաժողովի նիստից մի անգամ էլ ուշացել էր էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ կանադահայ Սիսիան Պօղոսեանը եւ կոշտ նկատողություն ստացավ Վաղարշակ Հակոբյանից, թե անհարգալից վերաբերմունք է ԱԺ-ի նկատմամբ, 25 րոպե ուշացել է: Էկոնոմիկայի փոխնախարար Արմեն Արզումանյանն էլ նրա փոխարեն արդարացել էր, թե՝ «աննորմալ պրոբկա է»:

Իսկ թե ինչպես է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ընկալում խցանումներն ու ուշացումները՝ հիշեցնենք, որ հարցին՝ Ամանորից հետո մարդիկ աշխատանքի գնացին ամսի 3-ին, տնտեսական ի՞նչ էֆեկտի եք սպասում՝ նա պատասխանել էր. «Հունվարի 3-ին, ժամը 4-ին հանդիպում ունեի ու այն մարդը, որը պետք է գար, 10 րոպե ուշացավ: Եկավ ասաց՝ խցանում էր, դրա համար էլ ուշացա, որը երբեք Հայաստանում չէր եղել հունվարի 3-ին: Եվ ես կարծում եմ, այն տնտեսական աշխուժությունը, որը մենք արդեն տեսնում ենք, հույս է տալիս ասել, որ մենք բավական լավ, առույգ կսկսենք տարին»:

Փաստորեն, եթե էկոնոմիկայի փոխնախարարն ուշանում է, նշանակում է՝ տարին ոչ միայն լավ սկսել, այլ նաեւ լավ շարունակում են:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031