«2021թ սեպտեմբերից վերաձեւակերպել է «Իմ քայլը» հիմնադրամի առաքելությունը: «Իմ քայլը» հիմնադրամը սեփական ուժերը, ռեսուրսները բացառապես կենտրոնացրել է մարդկային կապիտալի զարգացման ծրագրերի հիման վրա»,- իր ասուլիսում ասաց «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը՝ ներկայացնելով հիմնադրամի 2022թ հաշվետվությունը եւ առաջիկա ծրագրերը:
Նրա խոսքով, «Իմ քայլը» հիմնադրամը սեփական ուժերը ռեսուրսները բացառապես կենտրոնացրել է մարդկային կապիտալի զարգացման ծրագրերի վրա, ուշադրության կենտրոնում պահելով հատկապես գիտության եւ կրթության ոլորտները: Հավելեց, որ այս համատեքստում չորս հիմնական ծրագիր է իրականացվել:
«Տարատեսակ ծրագրեր ֆինանսավորելու կամ համաֆինանսավորելու ավանդույթը փոխարինվել է սեփական հեղինակային ծրագրերի իրականացմամբ, ինչը չի բացառում այլ նախաձեռնություններում մեր ներգրավվածությունը եւս՝ կախված դրա նպատակներից եւ առկա ռեսուրսներից»,-հավելեց «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրենը: Ինչ վերաբերվում է իրենց փիլիսոփայությանը, հետեւյալ կերպ ձեւակերպեց. «Մենք օգնում են մարդուն կանգնել ոտքի, սակայն նրա կանգուն մնալը թողնում ենք իր ոտքերին»:
Ի թիվս այլնի, Մխիթար Հայրապետյանը նշեց, որ պատերազմի մասնակիցների ներուժի բացահայտման պիլոտային ծրագիր են իրականացրել. «Մեզ համար չափազանց կարեւոր էր մեր մասնակցությունն ունենալ 44-օրյա պատերազմի ժամանակ վիրավորում ստացած եւ հաշմանդամություն ձեռք բերած զինվորների մասնագիտական կրթության գործում, որովհետեւ այն հանրային մեծ պատասխանատվությունից, որ բոլորն ունեն, անմասն չէր կարող մնալ նաեւ «Իմ քայլը» հիմնադրամը»: Ընդգծեց, որ պիլոտային ծրագիրն արդեն ավարտին է մոտենում, իրականացման համար ընտրվել էր Շիրակի մարզը, քանի որ այնտեղ ամենամեծ թվով հաշմանդամություն ձեռք բերած եւ վիրավորում ստացած տղաներն էին:
Կարդացեք նաև
Նա տեղեկացրեց, որ հաշվի առնելով արդի միջազգային գիտակրթական զարգացումները՝ հիմնադրամը կիրականացնի «Քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի» մեկուկեսամյա մագիստրոսական կրթական ծրագիր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից տրամադրվող մագիստրոսի կրթական ծրագրի իրականացման լիցենզավորման կարգի հիման վրա: Ծրագրի շրջանակում կրթություն կստանա 15 ուսանող, որոնց ուսման վարձը կփոխհատուցի «Իմ քայլը» հիմնադրամը:
Հիմնադրամի գործադիր տնօրենը խոսեց նաեւ «Հորիզոններ» եւ «Ներուժ» ծրագրերից, որոնցից առաջինի շրջանակում Արագածոտնի եւ Արմավիրի մարզերի 9-12-րդ դասարանցիները կուսումնասիրեն խաղողագործություն եւ գինեգործություն: Ինչ վերաբերվում է «Ներուժին», Մխիթար Հայրապետյանի խոսքով, վերջինիս նպատակն է խթանել Հայաստանում տեխնոլոգիական ձեռներեցության էկոհամակարգը՝ միաժամանակ նպաստելով հայրենադարձությանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ