Լրահոս
Օրվա լրահոսը

«2,5 տարի է անցել, բայց չեն զբաղվում մեր հարցերով․ մենք ծնողներով անհատական դիմումներ ուղարկեցինք դատախազություն, որով պահանջում ենք մեր երեխաների հարցերով պարզաբանում»․ Արսեն Ղուկասյան

Մարտ 27,2023 17:20

«Այսօր մենք ծնողներով անհատական՝ յուրաքանչյուրս մեր անունից իր որդու վերաբերյալ դիմում է ուղարկել դատախազություն, որով պահանջում է իր երեխայի հարցերով պարզաբանում»,- Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց անհետ կորած Սարգիս Ղուկասյանի հարազատ Արսեն Ղուկասյանը։

Արսեն Ղուկասյանի եղբայրը՝ Արման Ղուկասյանը, զոհվել է 44-օրյա պատերազմում, իսկ եղբորորդին՝ ժամկետային զինծառայող Սարգիս Ղուկասյանը, մինչ օրս համարվում է անհայտ կորած։

Այսօր՝ մարտի 27-ին, ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց անհետ կորածների 50-ից ավելի հարազատներ էին հավաքվել։ Նրանց փաստմամբ՝ 2,5 տարի է անցել, սակայն քննչական մարմինները 2,5 տարի չեն զբաղվում անհայտ կորածների հարցերով։

Արսեն Ղուկասյանը մեզ հետ զրույցում նշեց․ «12 ծնողների անունից արդեն մեկ անգամ փոխանցել ենք գլխավոր դատախազությանը դիմում։ Մեր հարազատների՝ անհայտ կորելու վերաբերյալ քննություն չի կատարվում, թե ինչ է եղել, ոնց է եղել, ինչ հանգամանքներում։ Այն օրվանից, երբ ծնողը հայտարարություն է տվել, որ իր զավակն անհայտ բացակայող կամ անհայտ կորած է, իրենք պետք է այդ օրվանից սկսած աշխատանք տանեին, որ պատասխան տային, թե ինչ է եղել այդ երեխաների հետ։ Իրենք չեն արել։ Ես ինքս եմ գնացել, մտել քննչական կոմիտե, այդ հարցը բարձրացրել, ասել՝ երկուսուկես տարի անցել է, բերեք, ներկայացրեք՝ Ղուկասյան Սարգիսի անհայտ կորելու վերաբերյալ ի՞նչ քննություն եք արել, ո՞ւմ հետ եք խոսել, ո՞վ է ինչ ասել։ Երկու ժամ ինձ փորձեցին շեղել, խոսակցությունը տանել այլ հարթակներ։ Ես պնդեցի, որ մինչև իմ աչքը չտեսնի, մատս չշոշափի, այլ բանի չեմ հավատա։ Ասացի՝ դուք կատարած աշխատանք չունեք, որ ինձ ներկայացնեք»։

Արսեն Ղուկասյանն ասաց՝ առաջին անգամ, որ դիմում էին ուղարկել նույն այս պահանջներով, դատախազությունից իրենց պատասխանել են, թե քանի որ մի քանի ծնողներով եք դիմել, ընդհանուր թեմա է, իսկ դրա վերաբերյալ կատարվում են գործողություններ և հարցաքննություններ, ուստի դրա վերաբերյալ տեղեկություն տրամադրել չեն կարող։ Այդ պատճառով էլ այս անգամ անհետ կորածների հարազատները անհատական դիմում-նամակներ են ուղարկել դատախազություն։

Արսեն Ղուկասյանն ասաց, որ ՀՀ գլխավոր դատախազության առաջ այսօր նաև զոհվածների հարազատներ կային։ Նրանց խնդիրների մասին խոսելով՝ ասաց․ «Քննչական մարմինները պետք է այդ մարդկանց ճանաչեին տուժողի իրավահաջորդ, որ այդ մարդիկ ունենան այդ իրավական կարգավիճակը, քանի որ իրենք էլ ունեն իրավունքներ։ Իսկ եթե այդ կարգավիճակը ծնողը չունենա, չի կարող պահանջ ներկայացնել»։

Մեր հարցին՝ այն, որ այս խնդիրները տարիներ շարունակ չեն լուծվել, սա թափթփվածությա՞ն արդյունք է, թե՞ այլ պատճառով, Արսեն Ղուկասյանը պատասխանեց․ «Ի՞նչ թափթփվածություն, երբ ուզում են աշխատել, արագ ու օպերատիվ, բազմակողմանի քննություն են կատարում։ Երբ իրենց ասում են՝ ինչ անեն, իրենք լավ անում են, ինչ իրենց պետք է։ Դրա ապացույցն էլ կա․ օդից գործ են կարում մարդու վրա։ Մի քանի օր առաջ ինձ նոր մեղադրանք են ներկայացրել՝ 5-10 տարի հոդված են վրաս դրել, այն բանի համար, որ ես չեմ արել։ Նախկինում՝ 2021-ի փետրվարին, իմ դեմ քրեական գործ էին հարուցել՝ 117-րդ հոդվածով՝ Իշխան Վահանյանին մարմնական վնասվածք հասցնելու համար։ Իրենք չունեն ոչ մի ապացույց, քանի որ նման բան չի եղել։ Բայց 2021-ի փետրվարից են տվել մեղադրականը, տեսնում են՝ չեն կարողանում դա ապացուցել, ինչ-որ բան պիտի անեն։ Կամ պետք է գործը կարճեն, կամ ինչ-որ ձևով պատասխան տան։ Քննիչը հայտնաբերեց, որ ես ունեմ ևս երկու արարք, որի համար ինձ կարելի է մեղադրանք ներկայացնել։ Մեկը մարդու առևանգում՝ էլի Վահանյան Իշխանին, մյուսը՝ անօրինական ներխուժում զորամասի տարածք ռազմական դրության ժամանակ։ Դատախազությունը մերժել էր մարդու առևանգման հոդվածը, բայց մյուս միջնորդությունը բավարարել էր։ Դա էլ կապված է եղել Ղարաբաղում նույն Վահանյան Իշխանի գործի հետ, իբր ՊԲ-ի տարածքում ծեծել ենք։ Հարցին՝ երբ ասում ենք, որ այդ ամենն արել ենք, ո՞ւր ենք տեսանյութերը, պատասխանեցին, որ ձայնագրությունները չեն պահպանվել։ Կամ գտնում են մի երկու վկա՝ կարաուլ, որոնց չեմ էլ տեսել, առերեսման են գալիս, գլուխները կախ ստում են, թե մենք ասացինք՝ մի մտիր, ինքը մտավ։ Երբ զորամասի կարաուլն ասի մի մտիր ու քաղաքացիական համազգեստով անձը մտնի, նա պարտավոր է ոչնչացնել այդ մարդուն։ Բայց ինչո՞ւ ինձ չխփեցիք։ Հիմա եկել, սուտ ցուցմունք եք տալիս»։

Արսեն Ղուկասյանն ասաց, որ դիմում են ներկայացրել նաև ԱԱԾ տնօրենին՝ խնդրանքով, որ գերիների և անհետ կորածների միջգերատեսչական հանձնաժողովի շրջանակներում կազմակերպեն հանդիպում, որտեղ ներկա լինեն նաև Աննա Վարդապետյանն ու Արգիշտի Քյարամյանը։ Այս առիթով ասաց․ «Անպայման ուզում ենք, որ երկուսով ներկա լինեն, որ Արգիշտի Քյարամյանն իրեն զուսպ պահի, քանի որ ամեն հանդիպման ժամանակ սադրում է, որ անախորժություն լինի ծնողների հետ»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031