Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս տարի կփոխարինվի շուրջ 2500 ծառ, միայն 150-ն է սակուրա. քաղաքի կանաչ ֆոնդը կհամալրվի նաև մեծ սաղարթ և բնապահպանական կարևոր նշանակություն ունեցող ծառատեսակներով»

Մարտ 27,2023 15:46

Երևանի թվային վերափոխումը քաղաքի զարգացման կարևոր և անխուսափելի բաղադրիչներից է. համայնքը կշարունակի էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրումը: Աշխատանքային հերթական խորհրդակցությունը վարող Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրել է, որ առաջիկայում կներդրվի նախագծերի կառավարման ճկուն համակարգ, կվերագործարկվի «Ակտիվ քաղաքացի» հարթակը:

«Դեռևս նախորդ տարվանից սկսած «Mulberry» համակարգի ներդրմամբ մեր ծրագրերի կառավարման ընթացքն էականորեն բարելավվել է, այսօր մենք անցնում ենք հաջորդ փուլին, որը թույլ է տալու մայրաքաղաքում կյանքի կոչվող նախագծերի վերաբերյալ ունենալ հստակ ցանկ, պատասխանատուներ, ովքեր տեղեկացված կլինեն  ժամկետներից, այդ ժամկետների ուշացման պատճառներից, մենք ինքներս էլ կկարողանանք այդ գործընթացներին հետևել: «Ակտիվ քաղաքացի» հարթակի միջոցով էլ, բացի բնակիչների ծրագրային առաջարկներն ունենալուց, հետաքրքրություն ներկայացնող մեր նոր նախագծերը պարտադիր կդրվեն հանրային քննարկման»,- ընդգծել է Տիգրան Ավինյանը:

Խորհրդակցությանը պատասխանատուներն ըստ ոլորտների ներկայացրել են ընթացիկ ծրագրերը, նախանշել առաջիկա անելիքները:
2023թ. մայրաքաղաքում ընդհանուր առմամբ նախատեսվում է փոխարինել շուրջ 700 վերելակ: Ծրագրի մրցույթներն արդեն կայացել են:
***
Միջազգային գործընկերների աջակցությամբ ու համայնքային ծրագրերով այս տարի հիմնանորոգումից հետո շահագործման կհանձնվի 22 մանկապարտեզ: Շինբարեկարգման ծրագրերով ընթացքի մեջ են նաև այգիների բարեկարգման, պոլիկլինիկաների, կամրջային կառուցվածքների նորոգման աշխատանքները:   Փոխքաղաքապետ Ավինյանը հանձնարարել է համայնքային բոլոր ծրագրերի նախագծերում, ինչպես նաև կառուցապատողներին տրվող շինթույլտվությունների ժամանակ պարտադիր պահանջ սահմանել հենաշարժողական խնդիրներ ունեցող քաղաքացիների համար հարմարավետ պայմանների ապահովումը: Այսուհետ ավարտական ակտերը տրամադրելուց առաջ հաշվի կառնվի նաև դենդրոնախագծերի լիարժեք իրագործումը:
***
Ընթացիկ տարում երևանյան 21 հասցեներում կիրականացվեն հեղեղատար և կոյուղատար համակարգերի կառուցման ու վերակառուցման աշխատանքներ: Այս պահին ընթացքի մեջ է «Գետառ» և «Ողջաբերդ» գետերի հուների մաքրման գործընթացը: Անդրադառնալով քաղաքի մաքրությանն ու մասնավորապես տարբեր հատվածներում թափվող շինաղբի խնդրին՝ հանձնարարվել է ոստիկանության հետ համատեղ ամենօրյա հսկողություն իրականացնել՝ նման երևույթները բացառելու համար:

«Մենք չենք կարող հանդուրժել տարբեր անհատների և կառուցապատողների նման վարքն ու վերաբերմունքը քաղաքի հանդեպ: Միայն հորդորներով չենք լուծի խնդիրը, մենք որոշակի մեխանիզմներ քննարկել ենք, որպեսզի զերծ մնանք նմանատիպ դեպքերից: Դրանք պետք է անհապաղ կասեցվեն և պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ»,- ընդգծել է փոխքաղաքապետ Ավինյանը:
***
Գծանշում, լուսացույցների փոխարինում, վարորդների համալրման ու նոր ավտոբուսների ձեռքբերման գործընթաց. ընթացիկ ծրագրերը ներկայացնող  պատասխանատուի առջև խնդիր դրվեց մեկ շաբաթվա ընթացքում հստակ ժամանակացույց ներկայացնել, թե ավտոբուսային պարկը համալրած 237 նոր ավտոբուսները ո՞ր ուղղություններով և ի՞նչ ժամկետներում կմտնեն երթուղի:
***
Բնապահպանության ոլորտում նախաձեռնված ծրագրերը համակարգային են ու մասնագիտորեն հիմնավորված. համայնքը սկսել է քաղաքի կանաչ ֆոնդն առողջացնելու գործընթաց: Արդեն մի քանի օր է, ինչ մայրաքաղաքում մեկնարկել է կենսունակության ավարտին մոտ և կենսունակությունը կորցրած, դեֆորմացված ծառերի փոխարինումը՝ նոր, առավել արժեքավոր ու գեղատեսիլ ծառերով: Այս տարի ընդհանուր առմամբ կփոխարինվի շուրջ 2500 ծառ, որից ի դեպ, միայն 150-ն է սակուրա տեսակի: Քաղաքի կանաչ ֆոնդը կհամալրվի նաև մեծ սաղարթ և բնապահպանական կարևոր նշանակություն ունեցող մի շարք ծառատեսակներով:

«Կասկադը Երևանի սիրտն է, և տարածքում իրականացվող կանաչապատման նախագծերը պետք է դրվեն հանրային քննարկման: Մենք, ըստ էության,  գալիք 50 –100 տարվա համար ենք նախանշում լուծումներ, թե ինչ տեսք է ունենալու Կասկադը, և այդ գործընթացում պետք է հաշվի առնել երևանցիների կարծիքը: Առաջիկա 7-8 տարվա ընթացքում քաղաքապետարանը նախատեսում է Երևանում մոտավորապես 200 հազար ծառ տնկել, սա նշանակում է, որ մենք անընդհատ չպետք է գնենք այդ ծառերը, մենք պետք է ունենանք տնկարաններ և պետք է ստանանք այն տեսակները, որոնք դառնալու են Երևանի կանաչ դեմքը, պետք է նաև հայեցակարգ առաջարկենք երևանցիներին»,- ընդգծել է փոխքաղաքապետ Ավինյանը:

 Երևանի քաղաքապետարան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031