Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչպես կարող է Սառնաղբյուրում սառնաղբյուրցին պարտվել կամ ձորակապցին Ձորակապում հազիվ հաղթել»․ Արտակ Գևորգյան

Մարտ 27,2023 15:50

Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում այս անգամ հաղթանակ տարավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը կկարողանա միանձնյա իշխանություն ձևավորվել (ստացել է ընտրողների ձայների կեսից ավելին)՝ առանց մրցակից մյուս ուժերի հետ կոալիացիա կազմելու։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալներով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 5180 քվե, Անիի նախկին համայնքապետ Արտակ Գևորգյանի գլխավորած ուժը՝ «Ազգ-համայնք» կուսակցությունների դաշինքը՝ 3 134 քվե, «Հայկական երազանք» կուսակցությունը՝ 795 քվե, «Իմ հզոր համայնք» կուսակցությունը՝744 քվե։

Ընտրությունների այս պատկերը անհասկանալի, առեղծվածային է Անի համայնքի նախկին, 18 տարվա համայնքապետ Արտակ Գևորգյանի համար։

Նա մեզ հետ զրույցում ասաց, որ ուսումնասիրություն են անում՝ հասկանալու ամեն գյուղում, ամեն տարածքում ինչ է կատարվել։ Ըստ Արտակ Գևորգյանի, այս ընտրություններում 2 հազար հոգի ավել է մասնակցել, որն աննախադեպ բարձր ցուցանիշ է։

Արտակ Գևորգյանի ասելով՝ ինքը նախնական հաշվարկ էր կատարել, ըստ որի՝ 9000 հոգի պիտի որ մասնակցեին, բայց որ 9850 հոգի է մասնակցել, դա արդեն աբսուրդ է, անհավատալի։

«Նախորդ ընտրություններից մեր ունեցած ձայները պահպանվել են, երեկվա ընտրություններում էլ ստացել ենք նույն քանակի ձայներ, մեզանից ձայն չի գնացել ՔՊ-ին։ Երեկվա ընտրություններում 2000 ձայն ավել է գալիս, այսինքն 2000 հոգի ավել են մասնակցել այս անգամ, այդ 2000-ի ձայնն էլ գնացել է ՔՊ-ին։ Դա առեղծված չէ՞։

Այն գյուղերը, որտեղ մենք փայլուն, բացարձակ հաղթանակ պիտի ունենայինք, պայմանական ընդունենք՝ Իսահակյանը, Հայկաձորը, Ջրափին, Սարակապը, Գուսանագյուղը, պարտվել ենք։ Սառնաղբյուրում գրանցված ցուցանիշները ապշեցնող են, Սառնաղբյուրն ահավոր մեծ սկզբունքայնություն ունեցող բնակավայր է, ժամանակին թուրքը չկարողացավ մտնել, Սառնաղբյուրում սառնաղբյուրցին պարտվել է, գիտեք, որ թեկնածուներից մեկը՝ Արմենակ Նաջարյանն այդ գյուղից է։

Եթե անգամ ի նկատի ունենք, որ Սառնաղբյուրից էլ պետական ծառայողներ կան, կաշկանդված են ու իրենց ձայնը պիտի տային իշխող քաղաքական ուժին, միևնույնն է՝ դարձյալ զարմանալի է պատկերը։

Կամ անցնենք Ձորակապին, Ագուն Սաղաթելյան՝ «Հայկական երազանք» կուսակցության թեկնածուն, Ձորակապից է։ Ագունն այս ընտրություններում իր իսկ գյուղում հազիվ է կրել։

Բոլորս գիտենք, որ Ձորակապը՝ Մուշեղ Սաղաթելյանի ծննդավայրը, Հայաստանի բոլոր բնակավայրերից միակն է, որ կարողանում էր գյուղովի զրո ձայն տալ այն ժամանակվա պետական իշխանություններին։ Իսկ հիմա ձորակապցին Ձորակապում հազիվ է կրել, սա խելքին մոտ չէ։ Սա անհասկանալի ու անբացատրելի երևույթ է։ Կասեմ՝անհնար է։

Թող էլի կրեն, բայց երեք քաղաքական ուժերը միասին առնվազն 55 տոկոսը պիտի պահեինք։ Որ ասում եմ առեղծված, հենց այստեղ է։

Նախորդ ընտրություններում մենք կրել ենք բոլոր ընտրատեղամասերում, կրվել էինք Լանջիում, բայց արի ու տես, որ այս անգամվա ընտրություններում 20 ընտրատեղամասերից միայն կրել ենք Լանջիկում ու բավական բարձի ցուցանիշ ենք արձանագրել։

Քարաբերդը, որտեղ մենք 78 տոկոս ձայն էինք տարել, կրել էինք, էսօր կրվել ենք։

Ձիթհանքով, որտեղ նախորդ ընտրություններում մեր դիրքերը թույլն էին, քիչ էին ձայները, այս անգամ բավականին բարձր են,- ասաց Արտակ Գևորգյանը։

Արտակ Գևորգյանը նշեց, որ իր ծննդավայր Մարալիկում ևս նախորդ անգամ ստացած ձայները պահպանվել են։ Այս անգամ 1242 ձայն ինքն է ստացել (նախորդ ընտրություններում եղել է 1340)․ 1725 ձայն՝ ՔՊ-ն, 483 ձայնով ավելի։

«Բոլոր ավել եկած ձայները բոլոր գյուղերում, բոլոր ուղղություններով գնացել է ՔՊ-ին, սա մեծ կասկածի տեղիք է տալիս»,-ասաց Արտակ Գևորգյանը։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031