Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ աշխատակցին հասկանալի չէր, թե հրամանն ինչի կապակցությամբ է տրվել իրեն

Մարտ 27,2023 13:30

ԱԺ աշխատակիցներն ընդդեմ ԱԺ-ի գործերով ԱԺ «պաշտպանությունը» ստանձնել է «Էյ Էմ» իրավաբանական ընկերություն» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, որը 2012թ.-ին հիմնադրել են ներկայիս ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը եւ գործող արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը: Ընկերության տնօրենը Եվա Առաքելյանն է՝ Կարեն Անդրեասյանի կինը: Սա ինձ համար բացահայտում էր այն իմաստով, որ ԱԺ-ն ունի իրավաբանական վարչություն, որը դատական գործընթացներին, ՍԴ-ում, օրինակ, ներկայացնում է ԱԺ-ն:

Ազգային ժողովի դեմ գործով մարտի 23-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում նախնական դատական նիստն էր (դատավոր Լ.Սարգսյանի նախագահությամբ): Հայցվորը Գեւորգ Ղալումյանն է, ով աշխատել է Ազգային ժողովի աշխատակազմի նյութատեխնիկական ապահովման վարչության ավտոտրանսպորտային բաժնում, որպես ինժեներ մեխանիկ: Նրան աշխատանքից ազատել են իբրեւ աշխատանքային պայմանագրի ժամկետն է լրացել, սակայն այդ հիմքով իրավունք չունեին ազատելու, քանի որ մի քանի անգամ արդեն նրա հետ աշխատանքային պայմանագիրը երկարաձգվել է, որի հիմքով պայմանագիրը համարվում է կնքված անորոշ ժամկետով:

Գեւորգ Ղալումյանի ներկայացուցիչ Գեւորգ Մարտիրոսյանը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի՝ Գեւորգ Ղալումյանի աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին 28.07.2022թ. N 717 հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու եւ հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու պահանջների մասին: Քաղաքացիական գործը դատավոր Լ.Սարգսյանի աշխատակազմին էր հանձնվել 2022թ. սեպտեմբերի 27-ին: Այս գործով դատական քննությունը մարտի 23-ին ավարտվեց, իսկ դատական ակտը կհրապարակվի ապրիլի 13-ին:

Ազգային ժողովի դեմ արդեն իսկ մեկ վճիռ կա. այն դատավոր Գրիգորի Վարդանյանն է կայացրել այս տարվա փետրվարի վերջին ԱԺ նույն վարչության ավտոտրանսպորտային բաժնի պետի գործով: Ու ԱԺ աշխատակիցների գործին մեր անդրադարձը մի քանի բացահայտումների առիթ դարձավ:

Հայցվոր Ժորա Հակոբյանի ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Գեւորգ Մարտիրոսյանը (լուսանկարում) երեկ «Առավոտին» տեղեկացրեց, որ Հակոբյանը 2019թ. ապրիլի 3-ին կնքել է թիվ 234 աշխատանքային պայմանագիրը, որի հիման վրա ընդունվել է աշխատանքի ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի նյութատեխնիկական ապահովման վարչության ավտոտրանսպորտային բաժնի պետի պաշտոնում: 2022թ. մայիսին հայցվորին առաջարկվել է գրել աշխատանքից ազատման դիմում՝ առանց որեւէ հիմնավորում ներկայացնելու, որպիսի առաջարկին հայցվորը չի համաձայնել, ինչին ի պատասխան՝ հայցվորին սպառնացել են, որ «ինքնակամ դիմում չգրելու դեպքում կստեղծվեն հիմքեր նրան աշխատանքից ազատելու համար»: Դատարանում ներկայացված հայցադիմումի համաձայն, «2022թ. հունիսի 3-ին՝ Mulberry 2.0 էլեկտրոնային փաստաթղթաշարժի համակարգի միջոցով, ՀՀ ԱԺ աշխատակազմի վարչատնտեսական վարչության պետի կողմից հայցվորին ներկայացվել է պահանջ՝ մինչեւ 2022թ. հունիսի 6-ը, ժամը 16:00-ը ՀՀ ԱԺ աշխատակազմի հաշվեկշռում առկա 020HH01 պ/հ ծառայողական տրանսպորտային միջոցի սպասարկման/վերանորոգման ժամանակ տեղադրված պահեստամասերից՝ ԱՓՏ-ի սկավառակների կոմպլեկտի օգտագործված լինելու մասին, տեղեկատվություն տալու վերաբերյալ: 2022թ. հունիսի 6-ին հայցվորը նույն համակարգի միջոցով ՀՀ ԱԺ աշխատակազմի վարչատնտեսական վարչության պետի հաստատմանն է ուղարկել բացատրություն այն մասին, որ թիվ Ն/8876-2022 գրության հիմնական բովանդակային հարցին իր կողմից արդեն իսկ պատասխան տրվել է»:

Նշել է նաեւ, որ ՀՀ ԱԺ աշխատակազմի վարչատնտեսական վարչության պետի կողմից դեռեւս 2022թ. մայիսի 24-ին վերոնշյալ համակարգի միջոցով հայցվորին պահանջ է ներկայացվել տեղեկատվություն տրամադրելու մասին առ այն, թե ինչու են տեղադրվել օգտագործված պահեստամասեր 020HH01 պ/հ տրանսպորտային միջոցի ավտոմատ փոխանցման տուփի վերանորոգման ժամանակ, ինչին ի պատասխան՝ հայցվորը տեղեկացրել է, որ ավտոտրանսպորտային բաժինը նման տեղեկատվության չի տիրապետում:

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը 2022թ. հունիսի 8-ին կայացրել է թիվ 404 հրամանը՝ աշխատանքային կարգապահությունը խախտելու համար Ազգային ժողովի աշխատակազմի վարչատնտեսական վարչության ավտոտրանսպորտային բաժնի պետ Ժորա Հակոբյանի նկատմամբ կարգապահական տույժ՝ խիստ նկատողություն, կիրառելու վերաբերյալ: Դատարանին հայցվորը տեղեկացրել էր, թե վիճարկվող հրամանով անհասկանալի է հրամանի բովանդակությունը, մասնավորապես՝ դրանում բացակայում է որեւէ նկարագրություն այն մասին, թե հրամանն ինչի կապակցությամբ է տրվել, ինչ առիթով եւ պատճառով, որն է իր մեղքը, անհասկանալի է նաեւ, թե իր կողմից որ աշխատանքային պարտականությունն է, որ չի կատարվել կամ ոչ պատշաճ է կատարվել: Բացի այդ, վիճարկվող հրամանից անհասկանալի է, թե հայցվորը տվյալ դեպքում իր աշխատանքային պարտականությունը ընդհանրապես չի կատարել, թե կատարել է, սակայն՝ ոչ պատշաճ, ինչպես նաեւ անհասկանալի է, թե ենթադրյալ խախտումը ինչ ծանրության է եւ ինչպիսի հետեւանքներ է առաջացրել պատասխանողի համար: Հակոբյանը նշել էր, որ իր համար անհասկանալի է նաեւ, թե ինչ չափանիշներից ելնելով է պատասխանողն իր նկատմամբ կիրառել խիստ նկատողության տեսքով կարգապահական տույժ, եւ չի կիրառել կարգապահական տույժի այլ տեսակ: Ինչն է հաշվի առել եւ ինչ հիմնավորմամբ է կիրառել հենց վիճարկվող հրամանով ընտրված տույժի տեսակը, որ որեւէ ակտ չի կարող համարվել իրավաչափ, եթե այն չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին:

Հայցվորը խնդրել էր ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի 2022թ. հունիսի 8-ի թիվ 404 հրամանը ճանաչել անվավեր:

Դատարանն, ի դեպ, արձանագրել է, որ «Պատասխանող ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 212 հոդվածով սահմանված ժամկետում հայցադիմումի պատասխան, ինչպես նաեւ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 211 հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետում ապացույցներ չեն ներկայացվել»:

Դատարանի իրավական գնահատականը

Դատարանը փաստում է, որ պատասխանողը չի ապացուցել իր կողմից ապացուցման ենթակա՝ ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի 2022թ. հունիսի 8-ի թիվ 404 հրամանը կայացնելիս հրամանի հիմքում ընկած հանգամանքներն առկա լինելու, ինչպես նաեւ վիճարկվող հրամանի ընդունման օրենքով, այլ նորմատիվ կամ գործատուի ներքին իրավական ակտերով սահմանված կարգը պահպանված լինելու փաստը, հետեւաբար՝ վիճելի է մնում այդ փաստը, որի բացասական հետեւանքները կրում է պատասխանողը:

Դատարանը Ժորա Հակոբյանի եւ ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի՝ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելու եւ ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի կողմից 2022թ. հունիսի 8-ին թիվ 404 հրամանը՝ Ժորա Հակոբյանի նկատմամբ կարգապահական տույժ՝ խիստ նկատողություն, կիրառելու վերաբերյալ կայացված լինելու փաստերը գնահատել է որպես անվիճելի փաստեր, հետեւաբար՝ այդ փաստերը համարում է ապացուցված: Անդրադառնալով վիճարկվող հրամանի հիմքում ընկած հանգամանքներն առկա լինելու, ինչպես նաեւ վիճարկվող հրամանի ընդունման օրենքով, այլ նորմատիվ կամ գործատուի ներքին իրավական ակտերով սահմանված կարգը պահպանված լինելու փաստին՝ դատարանն արձանագրում է, որ պատասխանողի կողմից՝ ի հիմնավորումը վերոնշյալ փաստի, որեւէ ապացույց չի ներկայացվել:

Ինչ վերաբերում է հայցվոր կողմից ներկայացված ապացույցներին՝ 2019թ. ապրիլի 3-ի կնքված թիվ 234 աշխատանքային պայմանագրին, ՀՀ ԱԺ աշխատակազմի վարչության պետ Մ. Մաճկալյանի կողմից ՀՀ ԱԺ աշխատակազմի վարչատնտեսական վարչության ավտոտրանսպորտային բաժնի պետ Ժորա Հակոբյանին ուղղված անստորագիր գրություններին, ապա՝ դատարանն արձանագրում է. «այլ ապացույցների բացակայության պարագայում դրանք ինքնին բավարար չեն վիճարկվող հրամանի հիմքում ընկած հանգամանքներն առկա լինելու, ինչպես նաեւ վիճարկվող հրամանի ընդունման օրենքով, այլ նորմատիվ կամ գործատուի ներքին իրավական ակտերով սահմանված կարգը պահպանված լինելու փաստը հաստատված համարելու համար»:

Ժորա Հակոբյանի հայցն ընդդեմ ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի՝ ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի 2022թ. հունիսի 8-ի թիվ 404 հրամանն անվավեր ճանաչելու պահանջի մասին, դատարանը բավարարել է:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
25.03.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031