Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչի համար է նախազգուշացում ստացել

Մարտ 27,2023 13:00

Սյունիքի մարզի դատավորը

Բարձրագույն դատական խորհրդում կարգապահական վարույթի շրջանակներում դատավորները երբեմն այնպիսի բացատրություններ են տալիս, որոնք չեն հրապարակայնացվում, նշվում է, թե որքան դատավոր պատժվեց, նախազգուշացվեց, դադարեցվեց լիազորությունները: Մինչդեռ, դատավորների բացատրություններում կան հաճախ այնպիսիք, որոնց հասցեատերը գործադիր մարմինն է:

Սյունիքի մարզի դատավոր Նապոլեոն Օհանյանը, որի հարցը վերջերս լսեց ԲԴԽ-ն, հայտնել էր, որ 2022թ. հունվարից մինչ իր նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու օրը, իր մոտ 107 գործ է եղել, որից 29-ը ստացել է դատավոր Բախշիյանի լիազորությունների կասեցմամբ, իսկ 19-ը՝ պայմանավորված դատավոր Գասպարյանի այլ դատարան տեղափոխվելով:

Անցյալ տարվա հունիսի 15-ին նա ավարտել է 109 քրեական գործ, 230 միջնորդություն, զուգահեռ քննել է մինչդատական վարույթի դատական երաշխիքների վերաբերյալ վարույթները: Դատարանում 2018 թվից մինչ օրս թափուր է քրեական մասնագիտացում ունեցող դատավորի կամ դատավորների հաստիքները:

Հանրապետության գլխավոր դատախազ Ա. Վարդապետյանն անցյալ տարվա նոյեմբերի 18-ին, արդարադատության նախարարն այս տարվա հունվարի 24-ին եւ 30-ին միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ՝ Սյունիքի մարզի փորձառու դատավորներից մեկին՝ Նապոլեոն Օհանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին: Նշեմ, որ Օհանյանը ծանրագույն զինվորական քրեական գործերով է հայտնի, նրան էր տարիներ ի վեր բաշխվում նմանօրինակ գործերը, որոնք պարբերաբար լուսաբանվել են նաեւ «Առավոտում»: 2014-ին նա ճանաչվել էր «Տարվա լավագույն դատավոր»:

Նախարարը վկայակոչել է Նարեկ Ղազարյանի քրեական գործը, որով անցյալ տարվա հուլիսի 15-ին դատավորը կայացրել է դատավճիռ: Ըստ արդարադատության նախարարի կարգապահական վարույթ հարուցելու միջնորդության հիմքի՝ դատավորն ամբաստանյալին մեղավոր է ճանաչել նախկին քրօրի հոդվածներից մեկով, նշանակել ազատազրկում 5 ամիս ժամկետով: Ապա պատիժը պայմանականորեն չկիրառելով վճռել, փորձաշրջան պետք է անցնի նա 1 տարի 6 ամիս ժամկետով: Այսինքն, դատավորը իրավասու չէր նշանակել ազատազրկումը՝ որպես պատիժ, քանի որ Նարեկ Ղազարյանն առաջին անգամ էր ոչ մեծ ծանրության հանցագործություն կատարել: Դատարանն ընդունել է նաեւ համաձայնության վերաբերյալ արձանագրությունը, սակայն կազմել մեղադրական դատավճիռ, սահմանելով պատիժ …մեկ այլ գործով էլ՝ Արա Մարգարյանին եւ Երվանդ Ղազարյանին անցյալ տարվա հուլիսի 15-ին նա դատապարտել է 7 ամսվա ազատազրկման, ապա սահմանել փորձաշրջան՝ 1 տարի 6 ամիս ժամկետով: Միջնորդության մեջ նշվում է, որ այս ամբաստանյալներն էլ առաջին անգամ էին ոչ մեծ ծանրության հանցագործություն կատարում, եւ դատավորը իրավասու չէր ազատազրկում պատժատեսակն ընտրելու:

Դատավորը դիմել էր նախարարին եւ բացատրություն տվել ԲԴԽ-ին, խնդրելով կարճել կարգապահական վարույթները: Նա ներկայացրել է, թե ինչ պայմաններում են տեղի ունեցել խախտումները: Դատվորը նկարագրել է ահռելի ծանրաբեռնվածությունը, որի ժամանակ կայացվել են այս դատական ակտերը: Նշյալ գործերով ամբաստանյալները զինծառայողներ էին, որոնց դատարան ներկայացնելը, դատական նիստին մասնակցություն ապահովելն անվտանգային խնդիրներով էին պայմանավորված, աշխարհագրական դիրքով:

Ուշադրության արժանի էր նաեւ այն, որ ըստ դատավորի, համաձայնության արձանագրություններն ընդունվել են, վստահելով հանրային մեղադրողին (Վարդան Արսենյան-Ռ.Մ.), այսինքն, նրա իսկ մտքով չէր անցնի, որ համաձայնեցվում է մի պատժատեսակ, որն այդ պայմաններում չէր կարող նշանակել մեղադրյալների նկատմամբ: Նկատենք, սակայն, որ պատժատեսակը չի կիրառվել…պայմանականորեն: Այսինքն, որեւէ մեկի նկատմամբ որեւէ խախտում առկա չէր:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
25.03.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031