Լրահոս
Օրվա լրահոսը

«Որքան հայհոյախոս ու ճղճղան է տղամարդը, այնքան շատ են նրա սեռական խնդիրները». սեքսոպաթոլոգ

Մարտ 27,2023 12:30

«Առավոտի» հարցերին պատասխանում է Մ. Հերացու անվան ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսոպաթոլոգիայի կլինիկայի ղեկավար, Բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Վրեժ Շահրամանյանը:

– Ինչպես եք վերաբերվում հայհոյախոսություններին արվեստում եւ գրականության մեջ:

– Ողջունելի չէ։ Արվեստն ու գրականությունը պետք է ունենան միմիայն կրթական եւ դաստիարակչական առաքելություն։ Հայհոյախոսությունը չի կարող արվեստի մաս կազմել, առավել եւս՝ չպետք է արժանանա դրվատանքի։ Արվեստի նպատակն է մեր հոգուց մաքրել առօրյա կյանքի փոշին, ոչ թե հյուսել հայհոյախոսություններ եւ գռեհկաբանություններ: Արվեստը ունի թշնամի: Նրա անունն է տգիտություն:

– Որպես մասնագետ կարո՞ղ եք ասել՝ հայհոյելը կապ ունի՞ սեռական խանգարումների հետ, թե՞ պարզապես արտահայտչամիջոց է:

– Նայած՝ ինչ պայմաններում։ Հաճախ հայհոյախոսությունը սեփական անկարողունակության դրսեւորման տարբերակ է, երբեմն էլ՝ չլուծված եւ չբուժված սեռական խանգարումների հետեւանք։ Ապացուցված է, որ որքան հայհոյախոս եւ ճղճղան է տղամարդը, այնքան շատ են նրա սեռական խնդիրները։

– Սեռական հարաբերության ժամանակ հայհոյելը ինչպե՞ս կբնութագրեք։

– Սեռական հարաբերության ժամանակ որոշ տղամարդիկ սկսում են հայհոյել, արտաբերել սեքսուալ, երբեմն էլ` կոպիտ, գռեհիկ արտահայտություններ: Դա կարող է պայմանավորված լինել խիստ գրգռված վիճակով, կամ էլ` անկողնում իշխելու միտումով: Ոմանք այդ ամենից կարծես թե ավելի են ինքնահաստատվում, ոմանք էլ դրանով իսկ փորձում են հարաբերության ժամանակ զուգընկերուհուն հաճույք պատճառել: Այն տղամարդիկ, որոնք սեռական հարաբերությունների ժամանակ զուգընկերուհուն հայհոյախառն բառեր են ասում, իրականում գիտակցում են, որ դա այդպես չէ: Կանայք էլ, որոնց դուր է գալիս ու չեն վիրավորվում տղամարդու՝ այդ կերպ իրենց հաճույք պատճառելու ձեւից, սեռական կյանքում բազմազանության կողմնակիցներ են:

Անկողնում տղամարդու «իշխող» կերպարին «հնազանդվելը», «սեքսուալ ծառայի» դերը ստանձնելը երբեմն ավելի է բարձրացնում տղամարդու ինքնագնահատականը: Սեռական հարաբերությունների ժամանակ տղամարդու կողմից իրականացվող սեռական գործողությունները, զուգորդված հայհոյախառն բառերով, հաճախ նման է կնոջը ստորացնելու, պատժելու ձեւի: Իհարկե, չպետք է մոռանալ, որ սեռական հարաբերությունների ժամանակ ամեն ինչ պետք է հիմնված լինի փոխադարձ համաձայնության վրա: Այսինքն՝ եթե զույգը որոշում է հայհոյախառն սեռական հարաբերություն ունենալ, իրենց սեռական հարաբերությունում զանազանություն ներմուծել, ապա դա զույգի անձնական ցանկությունն է եւ անպարկեշտություն կամ բռնություն չէ: Անպարկեշտ ու բռնի կհամարվի սեռական հարաբերության այն տեսակը, երբ զուգընկերներից մեկին ստիպում են կամքին հակառակ որեւէ բան կատարել: Շատ տղամարդիկ սեռական հարաբերության ժամանակ գռեհիկ արտահայտություններն օգտագործում են որպես բազմազանության միջոց: Այս կապակցությամբ պետք է նշեմ, որ մասնագիտական պրակտիկայում եղել են դեպքեր, երբ կինը գանգատվում էր, որ ամուսինը սեռական բավարարվածություն է ստանում միայն այն ժամանակ, երբ հարաբերվելիս օգտագործում է չափազանց գռեհիկ արտահայտություններ: Մասնագիտական լեզվով երեւույթը կոչվում է կոպրոլալիա` սեռական բավարարման ձեւ, երբ սեռական հարաբերության ժամանակ կիրառվում են գռեհիկ եւ անպարկեշտ արտահայտություններ:

– Նյարդային վիճակն ու սթրեսը ինչպե՞ս կարող են անդրադառնալ սեռական կյանքի վրա:

– Մենք, ցավոք, սկսել ենք ապրել սթրեսի հետ կամ սթրեսի մեջ։ Ապացուցված է, որ տեւական սթրեսը հանգեցնում է գլխավոր սեռական հորմոնի՝ տեստոստերոնի մակարդակի իջեցման եւ սթրեսի հորմոնի՝ պրոլակտինի մակարդակի բարձրացման, ինչի արդյունքում նվազում է տղամարդու եւ կնոջ սեռական ցանկությունը, խանգարվում է գրգռումը, տուժում պտղաբերությունը: Այսինքն՝ տեւական սթրեսը հանգեցնում է տղամարդու սերմնահեղուկի որակական ու քանակական ցուցանիշների վատթարացման: Կանանց պարագայում խանգարվում է դաշտանային ցիկլը, ինչի արդյունքում տուժում է ձվազատումը։

– Որպես մասնագետ կարո՞ղ եք ասել՝ արդյոք սեռական կուլտուրան Հայաստանում այսօր ավելի բարվոք վիճակում է, քան 10 տարի առաջ:

– Ժամանակի հարց է: Հայաստանում սեռական կուլտուրան դանդաղ քայլերով աստիճանաբար դուրս է գալիս հոգեվարքի ճահճից: Տարիներ առաջ դիմելիությունը համեմատաբար քիչ էր, պատճառները տարբեր էին` սեռական կուլտուրայի առանձնահատկությունները, սեքսոպաթոլոգի մասին սխալ պատկերացումները եւ այլն: Ժամանակի ընթացքում մարդիկ սկսեցին հասկանալ, որ սեքսոպաթոլոգը մարդու սեռական առողջության բժիշկն է, ով բուժում եւ կանխարգելում է սեռական խանգարումները:

– Համակարգչի առաջ ժամերով նստելը արդյոք չի՞ վնասում մարդկանց սեռական ակտիվությանը:

– Իհարկե, վնասում է։ Սակավաշարժ կենսակերպը, օր ու գիշեր համակարգչի առջեւ նստելը հանգեցնում է կոնքի խոռոչում արյան շրջանառության խանգարման, ինչն էլ բերում է կանգային բորբոքումների, մասնավորապես շագանակագեղձի բորբոքումների, որն էլ իր հերթին կարող է հանգեցնել պոտենցիայի խանգարումների, սերմնահեղուկի որակական եւ քանակական ցուցանիշների վատթարացման:

Զրուցեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
25.03.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սարգիս Զեյթունյան says:

    Պարոն Շահրամանյան, լավ չէ վարչապետի անձնական կյանքը հանրայնացնելը:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031