Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է Մոնտեվիդեոյի նահանգային օրենսդիր մարմին
Աշխատանքային այցով Հարավային Ամերիկայում գտնվող Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն այցելել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Մոնտեվիդեոյի նահանգային օրենսդիր մարմին և մասնակցել օրենսդիր մարմնի կողմից Արցախի անկախության ճանաչմանը նվիրված միջոցառմանը։
Գեղամ Ստեփանյանը շնորհակալություն է հայտնել Մոնտեվիդեոյի օրենսդիր մարմնի բոլոր անդամներին 2020 թվականի նոյեմբերին Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու կապակցության՝ նշելով, որ ճանաչման հռչակագիրը ընդունվել է Արցախի համար դժվարին ժամանակահատվածում՝ պատերազմից անմիջապես հետո՝ որպես գործնական ապացույց այն բանի, որ աշխարհում կան մարդիկ, որոնք հավատարիմ են ազատության և անկախության գաղափարներին։
Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից շարունակվող անօրինական շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը՝ ընդգծելով, որ Ադրբեջանի վերջնական նպատակը Արցախը էթնիկ զտման ենթարկելն ու հայաթափելն է։
Կարդացեք նաև
«Մենք ճանաչել ենք Արցախի Հանրապետության անկախ լինելու իրավունքը և դատապարտել պատերազմը։ Այսօր մենք մերժում ենք այն շրջափակումը, որի հետևանքով հումանիտար ճգնաժամ է առաջացել Արցախում և տառապում է Արցախի ժողովուրդը»,- նշել է Մոնտեվիդեոյի օրենսդիր մարմնի ղեկավար Նիկոլաս Լասան։
Փոխադարձ պատրաստակամություն է հայտվել շարունակելու համագործակցությունը։
Միջոցառումը կազմակերպվել է ՀՅԴ Հայ դատի Հարավային Ամերիկայի հանձնախմբի աջակցությամբ, որին մասնակցում էին նաև ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, ՀՅԴ Հայ դատի Հարավային Ամերիկայի հանձնախմբի պատասխանատու Արամ Մուրադյանը և ՀՅԴ Հարավային Ամերիկայի Կենտրոնական Կոմիտեի և Ուրուգվայի Հայ Դատի Հանձնախմբի անդամ Արփի Հոճաճանեանը։