«Կանաչների միություն» հ/կ նախագահ Հակոբ Սանասարյանը, որը ժամանակին ամեն ծառի ու թփի անօրինական հատումից փողոց էր դուրս գալիս բողոքի ցույցերով, այսօր Երեւանի կենտրոնում առողջ ծառերի հատումներով մտահոգվելու ժամանակ չունի:
«Թշնամին մտել է մեր տարածք, ասում են՝ մի քանի հազար զինվոր, թեկուզ մի զինվոր լինի, եթե եկել, մտել է քո տարածք, ինչպես պետք է հանգիստ քնես, ինչպես բնության պահպանության հարցերում էլ էն նույն ակտիվությունը ցուցաբերես, ինչպես ժամանակին եղել է: Այս իշխանությունը, որը շատ գեղեցիկ խոստումներով եկավ եւ կյանք մտավ, ակնհայտորեն նրանք չեն տեսնում Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն եւ չեն տեսնում, որ հայ ժողովուրդը պետք է ապրի այս տարածքում՝ միաժամանակ կառավարության նիստի ժամանակ էլ ասում են, որ բնակչության միատարրությունը համաշխարհային առումով անսովոր է: Այսինքն, ուզում են՝ Հայաստանում օտարներն ապրեն: Մենք կանգնած ենք մահվան եւ կյանքի երկընտրանքի առաջ, մեզ առաջարկում են մահ, դրա հետ համաձայն չենք: Այսօր, եթե մարդիկ ծառահատումների հարցով փողոց դուրս չեն գալիս, հենց այն պատճառով է, որ հայ ժողովուրդն այսօր չգիտի՝ վաղը քնեց- զարթնեց՝ ինչ այլանդակ նոր որոշումների կհանդիպի»,- Aravot.am-ին ասաց Սանասարյանը:
Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի անունը Հակոբ Սանասարյանը ոչ միայն քաղաքի առողջ ծառերի հատումներով է հիշում, այլեւ՝ Ամուլսարով. «Շատ վատ վերաբերմունք ունեցավ Ամուլսարի հարցում: Նա Ամուլսարի հարցում Բնապահպանական տեսչության նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանին ասաց՝ քո ձեռքով պետք է Ամուլսարի շահագործման հիմնավորումն անես, երբ հրաժարվեց, նրան պաշտոնից հեռացրին… Ինչ վերաբերում է ծառերին, պետք է ոչ թե Ավինյանի նման մի մարդ, որը հայտնի է որպես կաշառակեր ու կոռուպցիայի վարպետ, այլ գիտնականները պետք է կարծիք հայտնեն՝ ինչքանով են այդ ծառատեսակները, որոնք ուզում են հատված ծառերի տեղը տնկել, Հայաստանին պետք: Երեւան քաղաքի կենտրոնում մշտապես ընթացել է սանիտարական հատում, եւ ես իմ աչքով որեւէ հիվանդ ծառ չեմ տեսել, եթե հիվանդ են, բուժում են նախ եւ առաջ»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ