Շիրակի նախկին մարզպետ, ներկայումս վարչապետի օգնական Նազելի Բաղդասարյանը քիչ առաջ ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ տեղեկացնելով․ «Ընտրության ձայների հաշվարկի նախնական տվյալներով՝ Անի համայնքի 13 բնակավայրում արդեն իսկ «Քաղաքացիական պայմանագիրը» առաջատար է։ Շարունակելի…»։
Ազգային ժողովի՝ Շիրակի մարզից ընտրված պատգամավոր Կարեն Սարուխանյանն էլ կես ժամ առաջ գրել է․ «Այս պահի տվյալներով, ըստ նախնական հաշվարկների (20 ընտրատեղամասից 15-ի տվյալ) Անի համայնքում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է ձայների 54%-ը»։
Մրցապայքարի դուրս եկած թեկնածուներին սատարող քաղաքական ուժերի ներկայացուցիչներ հրապարակել են նախնական տվյալներ Շիրակի մարզի Անի համայնքի տարբեր գյուղերից։
Կարդացեք նաև
Այսպես՝ Շիրակի մարզպետի խորհրդական, Գյումրու ավագանու ՔՊ-ական անդամ Լիլիթ Մուրադյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Անի համայնքի Ձիթհանքով գյուղում ՔՊ-ի ձայները աննախադեպ են․ իշխող քաղաքական ուժը հավաքել է 393 ձայն, Անիի նախկին համայնքապետ Արտակ Գևորգյանի գլխավորած «Ազգ-համայնք» դաշինքը՝ 175, «Մեր հզոր համայնքը»՝ 4 ձայն, իսկ «Հայկական երազանքը»՝ 62։
Ի դեպ, Ձիթհանքովը հայտնվել էր մամուլի ուշադրության կենտրոնում՝ հեղինակություններից մեկի՝ «Չաղ Ռուստամի» մեծ դերակատարության պատճառով։ ՔՊ-ն այստեղ պարտական է նրան։ ՔՊ-ի թեկնածու Արման Սարիբեկյանն իր ծննդավայր Աղինում հավաքել է 152 ձայն։
Նշենք, որ Արտակ Գևորգյանի գլխավորած ուժն այս համայնքում ստացել է 90 ձայն։ «Մեր հզոր համայնքը»՝ 9, իսկ «Հայկական երազանքը»՝ 2։ Լուսաղբուր գյուղում, որտեղ վերջերս հայտնաբերվել էին չարաշահումներ՝ կապված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում իրականացված ջրամատակարարման ներքին ցանցի կառուցման աշխատանքների հետ, ՔՊ-ն ստացել է 197 ձայն, « Ազգ-համայնք» դաշինքը՝ 84, «Հայկական երազանքը»՝ 3, «Մեր հզոր համայնքը»՝ 10։
Արտակ Գևորգյանին սատարող Գոռ Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից էլ տեղեկանում ենք, որ սահմանամերձ Հայկաձոր համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 115 ձայն, «Ազգ-համայնք» դաշինքը՝ 85, «Իմ հզոր համայնք» կուսակցությունը՝ 4, իսկ «Հայկական երազանք» կուսակցությունը՝ 8 ձայն։ Ջրափի համայնքում ՔՊ-ն ստացել է 178 ձայն, «Ազգ-համայնք» դաշինքը՝ 139, «Իմ հզոր համայնք» կուսակցությունը՝ 1, իսկ«Հայկական երազանք» կուսակցությունը՝ 5 ձայն։
Սարակապում ՔՊ-ն ստացել է 150 ձայն, «Ազգ-համայնք» դաշինքը՝ 110։
Ձորակապ բնակավայրում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ինչպես և սպասելի էր, զիջում է «Հայկական երազանքին»։ Այս կուսակցության համայնքապետի թեկնածու Ագուն Սաղաթելյանը Ձորակապ համայնքից է, ստացել է 223 ձայն, ՔՊ-ն՝ 181,Ազգ-համայնք դաշինքը՝ 111, «Իմ հզոր համայնք» կուսակցությունը՝ 3։ ՔՊ-ն բավական շատ ձայներ հավաքել է նաև Գուսանագյուղ և Իսահակյան բնակավայրերում․ Իսահակայանում՝ 232 ձայն, Գուսանագյուղում՝ 228։ Նախկին համայնքապետ Արտակ Գևորգյանի գլխավորած ուժն էլ հավաքել է 163 ձայն Իսահակյանում, 177 ձայն՝ Գուսանագյուղում։
Ինչևէ, դեռ հայտնի չեն Անիի ամենախոշոր երկու համայնքների՝ Մարալիկի և Սառնաղբյուրի ընտրությունների արդյունքները։
Նկատենք, որ «Մեր հզոր համայնք» նորաստեղծ կուսակցության թեկնածու Արմենակ Նաջարյանը Սառնաղբյուրից է՝ իր իսկ գյուղում բավական մեծ հարգանք վայելող։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ