Մարալիկի մշակույթի տանը տեղակայված թիվ 33/03 ընտրատեղամասը, որն ընտրողների թվով ամենամեծն է. 1722 ընտրող է գրանցված, լուսավորությունից զուրկ ու ցուրտ մի սենյակում է։ Մի այնպիսի վայրում, որտեղ հինգ րոպե առանց մրսելու կանգնել չի լինում։
Վստահված անձանցից ոմանք մեզ դժգոհեցին, որ որպես ընտրատեղամաս` առանձնացրել են մշակույթի տան ամենաանհարմար անկյունը։
Թիվ 33 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահի տեղակալ Արթուր Նաջարյանը մեզ հետ զրույցում պարզաբանեց, որ ի սկզբանե ընտրատեղամասը նախատեսված էր տեղակայել մշակույթի տան երկրորդ հարկում, սակայն հաշվի առնելով հաշմանդամություն, մասնավորապես տեղաշարժման խնդիրներ ունեցող անձանց իրավունքները, այն տեղակայել են առաջին հարկում, որտեղ իրոք լուսավորության խնդիր կա, արև չի ներթափանցում։
«Հաշվի առնելով այդ ընտրատեղամասի ակտիվությունը` կասենք, որ այն փոքր է, բայց ընտրական գործընթացի վրա էականորեն չի կարող ազդել»,- ասաց մեր զրուցակիցը։
Կարդացեք նաև
Արթուր Նաջարյանի տեղեկացմամբ, 15 հազար 918 ընտրող ունեցող Անի համայնքում, որն ունի 19 բնակավայր և 20 ընտրատեղամաս, ժամը 14.00-ի դրությամբ ամենամեծ ակտիվությունը գրանցվել է Լանջիկում` 33/07 ընտրատեղամասում` 47,38 տոկոս մասնակցությամբ, իսկ ամենացածրը` Անի Ավանում` թիվ 33/19 ընտրատեղամասում` 29,39 տոկոս։
Հանձնաժողովն արձանագրել է մեկ միջադեպ, որը տեղի էր ունեցել Մարալիկի մշակույթի տանը։ Տարեց տղամարդը ընտրություն էր կատարել` ծրարի մեջ սխալմամբ տեղադրելով երկու քվեաթերթիկ։ Դրոշմանիշը փակցնելու ժամանակ նա տեղեկացրել է այս մասին ու խնդրել է նորից ընտրելու հնարավորություն տալ իրեն։
Հանձնաժողովի նախագահի տեղակալի պարզաբանմամբ, միջադեպն անմիջապես հարթվել է, նրան նորից ընտրելու հնարավորություն է տրվել, դա էական ազդեցություն չի թողել ընտրական գործընթացի վրա։
Ի դեպ, այդ միջադեպին մենք ականատես էինք եղել ու արձանագրել։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ