Լրահոս
Օրվա լրահոսը

Կապանցի Արտյոմ Համբարձումյանը կրկին հաղթել է համադպրոցական գիտության փառատոնում

Մարտ 26,2023 18:27

Երեւանի պետական համալսարանում մարտի 25-ին ամփոփվեցին «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2023»-ի արդյունքները։ «Մաթեմատիկա եւ ծրագրավորում», «Ֆիզիկա եւ աստղագիտություն», «Քիմիա», «Կենսաբանություն», «Հասարակական գիտություններ» անվանակարգերում Երեւանի եւ մարզերի 40 ուսումնական հաստատություններից ներկայացվել է  83 հետազոտական նախագիծ, որոնցից 70-ը ցուցադրվել են եզրափակիչ փուլում:

Կապանի թիվ 3 դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Արտյոմ Համբարձումյանն այս տարի ներկայացրել է «Ջրածնի այլընտրանքային արտադրությունը» գիտահետազոտական աշխատանքը։ Մասնավորապես, առաջարկվում է քարաղի եւ  ջրի էլեկտրոլիզից ստանալ ջրածին․ իսկ որպես հեռանկարային առաջարկ՝ ստացված ջրածնից ջերմամիջուկային ռեակցիայի միջոցով ստանալ ջրածնի իզոտոպ, որը  կարող է փոխարինել մինչեւ հիմա օգտագործվող էներգակիրներին։ Արտյոմի քիմիայի ուսուցչուհին Վարդուհի Օհանջանյանն է։

Նախագծի հեղինակային իրավունքը Արտյոմ Համբարձումյանինն է, բայց որպես երկրորդ մասնակից հայտում նշված է Կապանի թիվ 2 ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Արկադի Օհանջանյանը։ Արտյոմ Համբարձումյանի նախագիծը «Քիմիա» անվանակարգում արժանացավ առաջին մրցանակի։ Նա կմասնակցի Երիտասարդ գիտնականների ԵՄ EUCYS մրցույթին, որը տեղի կունենա Բելգիայի թագավորության Բրյուսել քաղաքում 2023 թ. սեպտեմբերի 13-17-ը։

Հիշեցնենք, անցած տարի կայացած փառատոնում  Արտյոմ Համբարձումյանը ներկայացրել էր   «Պոլիպրոպիլենից` վառելիք» գիտահետազոտական աշխատանքը, որը   «Քիմիա» անվանակարգում գրավեց առաջին մրցանակային տեղը։ Կապանցի աշակերտի նախագիծն առցանց եղանակով մասնակցեց ԱՄՆ-ում կայանալիք Միջազգային գիտատեխնիկական փառատոնին (International Science and Engineering Fair): «Պլաստմասե շշերից, խողովակներից եմ ստանում վառելիքը, այն նաեւ դիզվառելիք կարող է լինել՝ ավտոմեքենաների լիցքավորման համար»,-ոչ գիտական եզրույթներով այն ժամանակ Aravot.am-ի հետ զրույցում բացատրեց  Արտյոմը։

«Շնորհակալ եմ շնորհավորանքի համար, շատ հաճելի է երկրորդ տարին անընդմեջ առաջին մրցանակակիր լինել։ Շնորհակալ եմ Արտյոմին, Ամերիկյան համալսարանի դասախոս, ծննդով կապանցի Վարդան Հայրապետյանին, որը խորհրդատվական աջակցություն է տրամադրել։ Եվ իհարկե՝ Սյունիքի մարզպետարանին մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին, որը ամեն ինչ անում է որպեսզի խելացի աշակերտները մասնակցեն նման փառատոնին»,-Aravot.am-ի հետ զրույցում հուզված ասաց  Վարդուհի Օհանջանյանը։  Ի դեպ՝ հիշեցնենք, որ անցած տարվա հաղթանակից հետո Սյունիքի մարզպետը ապագա միջուկային ճարտարագետ՝ Արտյոմ Համբարձումյանի հետ անցկացրեց մեկ օր՝ լինելով նաեւ հրաձգարանում։

Սյունիքից փառատոնին մասնակցեց նաեւ Գորիսի 4-րդ ավագ դպրոցի Աշոտ Մարությանը, որը «Կենսաբանություն» անվանակարգում ներկայացրել էր «Ինչպես շրջակա միջավայրի ճիշտ կառավարումը վերածել գործող բիզնեսի» աշխատանքը։

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031