Գյումրիից Մարալիկ մտնող ճանապարհը հեղեղված է ՔՊ-ական թեկնածու Արման Սարիբեկյանի, երբեմն նաև Անի համայնքի նախկին ղեկավար, այսօրվա ՏԻՄ ընտրություններում «Ազգ-համայնք» դաշինքը գլխավորող Արտակ Գևորգյանի ցուցապաստառներով։
Ցուցապաստառներն ամեն քայլափոխի են` միմյանց գրեթե կպած, նույնիսկ անհասկանալի է նույն դեմքով անձանց այդքան շատ ցուցադրելու իմաստը, երբ Մարալիկը փոքր քաղաք է, մեկը մյուսին հոյակապ ճանաչում են, և թեկնածուներն այդքան մեծ ծախսեր անելու ու ներկայանալու կարիք ամենևին չունեն։ Նկատենք, որ Մարալիկի մշակույթի տնից, որտեղ տեղակայված է թիվ 33/03 ընտրատեղամասը, 50 մետր հեռավորությունը չպահպանելով ու ըստ էության օրենք խախտելով` փակցրել էին ՔՊ-ի թեկնածու ցուցապաստառները։
Թիվ 33 ընտրատարածքային հանձնաժողովից տեղեկացանք, որ թվով ամենաշատ ցուցապաստառները Անիի տարբեր համայնքներում փակցրել է ՔՊ-ական Արման Սարիբեկյանը։ Նրա ցուցապաստառների թիվը 90 է, որից 50-ը փակցված է Մարալիկում։
Նշենք, որ Արման Սարիբեկյանը Անի համայնքի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարն է, հետևաբար և նրան դժվար չէր, շահերի բախման մեջ մտնելով, ամենաշատ ու տեսանելի տեղերը վերցնել իրեն։
Կարդացեք նաև
Ցուցապաստառների թվաքանակով երկրորդ տեղում 18 տարվա նախկին համայնքապետ Արտակ Գևորգյանն է: Նրանն այս անգամ 35 հատ է, նախորդ ընտրության հետ համեմատ պակասել է։
«Իմ հզոր համայնք» կուսակցության ցուցապաստառները 6 հատ են, իսկ Ագուն Սաղաթելյանի գլխավորած «Հայկական երազանք» կուսակցությունը ոչ մի ցուցապաստառ չունի, ամենայն հավանականությամբ այս ուժը գտնում է, որ իրենց ճանաչողների պակաս չկա և ավելորդ ծախսեր անել պետք չէ։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ