Մարտի 25-ին «Վասն Հայրենյաց» ազգային համախմբման շարժման «Սահմանք քաջաց դրոշն յուրյանց» նախաձեռնության շրջանակում Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Արտանիշ գյուղում տեղի ունեցավ ՀՀ դրոշի տեղադրման հանդիսավոր արարողությունը։ Մինչ Եռագույնի տեղադրումը Տեր Մեսրոպ քահանան գյուղի Սուրբ Հովհաննես եկեղեցում իր օրհնության խոսքը հայտնեց հավաքվածներին, օրհնեց դրոշը, շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին։ ՀՀ օրհներգի ներքո Եռագույնը վեր խոյացավ սահմանամերձ Արտանիշում։
Եռագույնի տեղադրման արարողությունն ուղեկցվեց համերգային ծրագրով։ Ելույթ ունեցան ՀՀ վաստակավոր արտիստներ Շուշան Պետրոսյանը, Արսեն Գրիգորյանը, Հայ Լաո խումբը։
Ելույթի խոսքով հանդես եկավ Վասն Հայրենյաց ազգային համախմբման շարժման համահիմնադիր Վահագն Չախալյանը, Սևակ Հակոբյանը, Արտանիշի միջնակարգ դպրոցի նախկին տնօրեն Արայիկ Մարգարյանը։ Փոքրիկ բանաստեղծություն արտասանեց 7-ամյա Կարեն Շուշանյանը՝ Արտանիշ համայնքի ղեկավարի որդին։
ՀՀ դրոշը տեղադրվել է Ֆլորիդայից, ԱՄՆ Ռոդրիգո եւ Սիլվինա Նահապետյանների հովանավորությամբ։
Հիշեցնենք, որ նախաձեռնության շրջանակում ՀՀ առաջին դրոշը տեղադրվեց Շիրակի մարզի Անիպեմզա գյուղում՝ հայ-թուրքական սահմանին։
«Վասն Հայրենյաց» ազգային համախմբան շարժման մամուլի ծառայություն