Անիում ՏԻՄ ընտրությունները բավական լարված են ընթանում։ Ընտրողների ամենաշատ քանակ` (1730 ընտրող) ունեցող թիվ 33/03 ընտրատեղամաս ոտք դնելուն պես ականատես եղանք մի միջադեպի. տարեց մի տղամարդ պնդում էր, որ քվեաթերթիկները կպած են եղել, դրոշմանիշը փակցնելիս նկատել են, որ այն իր նախընտրած թեկնածուի քվեաթերթիկի վրա չէ։ Նա պատռել էր դրոշմանիշը և պահանջում էր նոր քվեաթերթիկ։
«Տվեք նոր թերթիկ, նորից ընտրեմ իմ ընտրյալին ու գնամ»։ Հանձնաժողովում առարկում էին, որին ի պատասխան տարեց տղամարդը գոռում էր․ «Ինչի՞, երկիր եմ քանդել, թողեք, իմ ընտրյալին նորից ընտրեմ, գնամ»։ Նրան ընտրատեղամասից ոստիկանները դուրս հանեցին, սակայն քիչ անց ճշտումներ անելուց հետո ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահ Ամալյա Խաչատրյանը ոստիկաններին փոխանցեց, որ նրան պիտի հրավիրել ընտրատեղամաս` ընտրելու նոր հնարավորություն տալու համար։
Կարդացեք նաև
Այստեղ թունդ վիճաբանության սկսվեց նաև վստահված անձանց միջև. թեման ընտրատեղամասում լրագրողների շատ լինելն էր։
Մի պահ խոսակցություն ծավալվեց երկու հոգով քվեախցիկ մտնելու շուրջ։ Անընդմեջ գոռգոռոցներ էին Մարալիկի մշակույթի տանը տեղակայված ընտրատեղամասում։
Հիշեցնենք, որ այստեղ մրցապայաքարի են դուրս եկել չորս քաղաքական ուժեր` «Ազգ-համայնք» դաշինքը, որը գլխավորում է նախկին համայնքապետ Արտակ Գևորգյանը, «Քաղաքացիական պայմանագի» կուսակցությունը, համայնքապետի թեկնածուն Արման Սարիբեկյանը, «Հայկական երազանք» կուսակցությունը, որի թեկնածուն Ագուն Սաղաթելյանն է և «Իմ հզոր համայնք» կուսակցությունը` Արմենակ Նաջարյանի գլխավորությամբ։
Մանրամասն՝ տեսանյութում
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ