Սիսիանի ավագանու ընտրություններում առաջադրված «Քաղաքացու որոշում» կուսակցության ընտրացուցակը գլխավորող Ավագ Ասատրյանը երբ քվեարկության էր գնում, 34/01 ընտրական տեղամասի մոտ հանդիպեց Սիսիան համայնքի ղեկավարի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակը գլխավորող Արմեն Հակոբջանյանին։ Վերջինս նույնպես քվեարկելու է այդ տեղամասում։ Երկու թեկնածուները բարեւեցին միմյանց՝ իրար հաջողություն մաղթելով։
Քվեարկությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Ավագ Ասատրյանն անդրադարձավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրախախտումներին, մասնավորապես նշեց, որ համայնքի ղեկավարի պաշտոնակատարը կանգնած է 34/01 տեղամասի առաջ։ «Ես կամաչեի ընտրատեղամասի դեմը վիզը ծռած կանգնեի , համայնքի ղեկավարի կողմից հարիր չէ այդտեղ կանգնելը»,-ասաց Ավագ Ասատրյանը՝ նշելով, որ «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուներին նկատում են բոլոր ընտրատեղամասերի առաջ։
Կարդացեք նաև
«Քաղաքացիական պայմանագրի» ցուցակը գլխավորող Արմեն Հակոբջանյանն էլ Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ իր կողմից որեւէ խախտում չկա։ «Ես նախ ընտրատեղամասից հեռու եմ կանգնած 50 մետր, ոչ մի օրենք չեմ խախտում, եւ հետո մեր բակն է՝ կանգնած եմ»,-նշեց Արմեն Հակոբջանյանը։
Հիշեցնենք, որ այսօր՝ մարտի 26-ին Սիսիան համայնքում ավագանու համամասնական ընտրություններ են․ առաջադրվել են «Քաղաքացիական պայմանագիր»-ը, «Քաղաքացու որոշում»-ը եւ ՀՀԿ-ն։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ