ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության խմբային մրցաշարի առաջին տուրում Հայաստանի հավաքականը 1։2 հաշվով զիջեց Թուրքիայի ընտրանուն։
Հետխաղային մամուլի ասուլիսում մեր թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովն ասաց․ «Լավ խաղ ստացվեց։ Ինձ դուր եկավ տղաների ինքնանվիրումը։ Եղան սխալներ։ Տակտիկական ծրագրերը կվերլուծենք։ Ես գոհ մնացի իմ սաների խաղից»։
Գլխավոր մարզիչը նաեւ պատասխանեց խաղի սխեման փոխելու եւ փոփոխությունների հետ կապված իր հասցեին հնչեցված քննադատությանը․ «Ես տղաներին ընդամենը մեկ շաբաթ եմ մարզում եւ դեռ գրեթե չգիտեմ, թե ով որ դիրքում ինչ կարող է անել։ Ով ֆուտբոլից գլուխ հանում է, հասկանում է՝ ինչի մասին է խոսքը։ Մեկ շաբաթում դժվար է հասկանալ, թե ում որտեղ դնես, ում մտցնես դաշտ, ինչպես ուժեղացնես խաղը եւ այլն»։
Անդրադառնալով տրիբունաներում տիրող մթնոլորտին եւ, ըստ էության, գլխավոր մարզչի դերում իր մեկնարկային խաղում ֆուտբոլասերների աջակցությանը՝ Ալեքսանդր Պետրակովն ասաց․ «Մթնոլորտը հիասքանչ էր։ Ֆուտբոլասերներից ներողություն եմ խնդրում այս պարտության համար։ Բոլոր պարագաներում ամեն ինչի համար մեղավորը գլխավոր մարզիչն է։ Այսպիսին է իմ մասնագիտությունը»։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ