Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Շառլ Միշելի հետ` վերջինիս նախաձեռնությամբ:
Ինչպես նշվում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ, Ալիևը Միշելին տեղեկացրել է «Հարավային Կովկասում իրավիճակը սրելուն ուղղված Հայաստանի գործողությունների մասին»:
Ըստ հաղորդագրության` Միշելը նշել է, որ ԵՄ-ն կշարունակի ջանքերը տարածաշրջանում կայուն անվտանգություն և խաղաղություն ապահովելու ուղղությամբ, ինչպես նաև անդրադարձել է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակին և մտահոգություն հայտնել վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ:
Ալիևն իր հերթին ասել է, որ Ադրբեջանը սատարում է «բրյուսելյան ձևաչափին»: Նա հերթական անգամ կեղծ է որակել Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ Հայաստանի պնդումները: Միաժամանակ նա մեղադրել է Հայաստանին այդ ճանապարհով զենք, զինամթերք և անձնակազմ տեղափոխելու մեջ:
Կարդացեք նաև
Ալիևը նաև Միշելի ուշադրությունն է հրավիրել Հայաստանի ղեկավարության «վտանգավոր հայտարարությունների վրա, որոնք նպատակ ունեն սրել իրավիճակը»: Նա նաև Միշելին տեղելացրել է, որ հայ-ադրբեջանական սահմանին, որտեղ ԵՄ դիտորդներ են տեղակայված, մարտի 20-ին ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել, իսկ մարտի 5-ին Արցախում զոհվել է ադրբեջանցի երկու զինծառայող: «Այդ ամենը արդյունք է Հայաստանի կողմից վարվող վտանգավոր քաղաքականության»,- ասել է Ալիևը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ