Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ ելույթ ունենալով Անկարայում թյուրքական պետությունների կազմակերպության գագաթաժողովում, հայտարարել էր. «Արեւմտյան Ադրբեջանի համայնքի կողմից մշակված վերադարձի հայեցակարգի համաձայն՝ ներկայիս Հայաստանի տարածքից բռնի տեղահանված ադրբեջանցիներին հայրենի հողեր վերադարձնելու համար պետք է ձեռք բերվի իրավաբանորեն պարտադիր միջազգային համաձայնություն՝ երաշխավորման եւ վավերացման համապատասխան մեխանիզմով։ Ճիշտ այնպես, ինչպես մենք՝ ադրբեջանական պետությունը, կապահովենք Ղարաբաղում բնակվող հայերի անհատական իրավունքներն ու անվտանգությունը, Հայաստանը նույնպես պետք է ապահովի արեւմտյան ադրբեջանցիների իրավունքներն ու անվտանգությունը փոխադարձության սկզբունքի հիման վրա»։
«Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի հյուրը՝ «Հայ Ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Կարին Տոնոյանն՝ Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը, անդրադառնալով այս առաջարկին՝ ասաց․ «Հիմա եթե իրենք ասեն՝ մենք էլ հայ փախստականներին ենք իրավունք տալիս եւ երաշխիքներ, որ վերադառնան Ադրբեջան՝ որեւէ հայ կվերադառնա՞։ Կարծում եմ՝ չեն վերադառնա․․․ Ինչու չեն վերադառնա, քանի որ վստահ են, որ այնտեղ չի գործելու այդ «երաշխավորված անվտանգությունը»։ Այլ բան է, թե ինչ է ասում երկրի ղեկավարը կամ ինչպես են պահպանում իրենց ասածը՝ այլ բան է, թե ժողովուրդն ինչ է ասում։ Հետեւաբար՝ ինքս ասում եմ՝ համեցեք, ադրբեջանցիներ։ Բա ես երազում եմ ձեզ հանդիպել, մտածում եմ, թե երբ ու որտեղ կհանդիպեմ։ Բա եկեք՝ մենք ձեզ հետ գործ ունենք անելու։ Հասկանո՞ւմ եք, շատ կարեւոր է ժողովրդի անհանդուրժողականությունը։ Երբ ղեկավարությունն այսքան թուլակամ է, այսքան վախկոտ եւ այսքան «էստի համեցեք» է անում՝ ժողովուրդն իր վրա պետք է վերցնի երկրի տիրոջ գործառույթը եւ ասի՝ հա՞, ուզում ես իմ տան ներսո՞ւմ սկսել ավերածությունները, արի՝ տեսնենք։ Եթե մենք պատերազմում ինչ–ինչ պատճառներով չկարողացանք ձեզ հետ հարց լուծել՝ եկեք, տեսնենք, թե ոնց եք մեր երկրում ապրելու»։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մարտի 22-ին Կոնգրեսի Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովում կայացած լսումների ժամանակ՝ անդրադառնալով Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստելու Վաշինգտոնի փորձերին, ասել էր․ «Կարծում եմ, որ կա հնարավորություն, չեմ ուզում չափազանցնել, բայց կա բարենպաստ հնարավորություն, որը թույլ է տալիս փաստացի ավարտին հասցնել խաղաղության համաձայնագրի նախապատրաստումը»:
Հաղորդման մյուս հյուրը՝ Երեւանի նախկին քաղաքապետ, «Նիկոլ Դուման» ջոկատի հիմնադիր հրամանատար, պահեստազորի գնդապետ Ալբերտ Բազեյանը գնահատելով, թե արդյոք իրոք կա՞ հնարավորություն տեսանելի ապագայում կնքել խաղաղության համաձայնագիր՝ ասաց․ «Նիկոլ Փաշինյանը հնարավոր է, որ փորձի ստորագրել խաղաղության համաձայնագիր։ Բայց տվյալ դեպքում՝ Արցախը մնալու է Ադրբեջանի կազմում։ Դրա համար չպետք է ստորագրի խաղաղության համաձայնագիր։ Եթե ստորագրեց էլ՝ իշխանափոխության դեպքում մենք չենք ճանաչելու նրա ստորագրած խաղաղության համաձայնագիրը»։ Ի դեպ, Վիեննայի կոնվենցիայի համաձայն՝ սպառնալիքի կամ դրա անմիջական գործադրման պայմաններում ցանկացած համաձայնություն առ ոչինչ է։ Ալբերտ Բազեյանն ընդգծեց, որ այժմ գործընթացն ընթանում է ուժի գործադրման սպառնալիքի ներքո։
Կարդացեք նաև
«Միակ դրական բանը, որ կարող է անել այսօրվա կառավարությունը՝ հնարավորինս ձգձգել այդ պայմանագրի ստորագրումը, նաեւ ներքին որոշմամբ, որ դա չի ստորագրվելու,– ասաց Կարին Տոնոյանը։– Մինչեւ որ մենք ուժ կունենանք մեր բանակը ոտքի կանգնեցնելու»։
Ի դեպ, այն հարցի համատեքստում, որ մարտական գործողությունների վերսկսման հավանականությունը կարող է պայմանավորված լինել բանակցային գործընթացում ստեղծված իրավիճակով՝ Ալբերտ Բազեյանն ասաց․ «Եթե հանկարծ լարված իրավիճակ լինի սահմաններում ու փորձեն նորից ինչ որ բան պոկել ռազմական ուժով՝ ես թողնելու եմ քաղաքական գործունեությունը, ձեւավորելու կամավորական ջոկատ եւ գնալու՝ պաշտպանելու մեր սահմանները»։ «Եվ ոչ միայն Դուք,– հավելեց Կարին Տոնոյանը։–Նաեւ ես եմ լինելու սահմանին՝ իմ ընկերների կողքին։ Իմ որդու փոխարեն՝ կանգնած եմ լինելու առաջին դիրքում»։
Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ