Մարտի 24-ին Տավուշի մարզկենտրոն Իջևանում տրվել է «ՄԵՆՔ ԵՆՔ, ՄԵՐ ՍԱՐԵՐԸ» մշակութային ծրագրի մեկնարկը: Այն ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից, աջակցելու համար մշակույթին և ստեղծագործ հատվածին՝ հատուկ ուշադրություն դարձնելով Արևելյան գործընկերության երկրների մարզային քաղաքներին և բնակավայրերին:
Նշենք, որ Իջևան քաղաքը հաղթել էր EU4Culture ծրագրի մրցույթում և Եվրոպական միության կողմից արժանացել 300,000 եվրո դրամաշնորհի` քաղաքի մշակութային զարգացման ռազմավարությունն իրականացնելու համար: Հայաստանում ԵՄ պատվիրակության դեսպան Անդրեա Վիկտորինը շնորհավորեց և հաջող ընթացք մաղթեց ծրագրի մեկնարկի կապակցությամբ:
Ծրագրի բացմանը ներկա էին նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Երևանում «Գյոթե» կենտրոնի ղեկավար Նաթիա Միքելաձե-Բախսոլիանին, «EU4Culture» նախագծի ղեկավար Անատոլի Բայֆերթը, Իջևանի համայնքապետ Արթուր Ճաղարյանը: Իջևանի համայնքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության, սոցիալական աջակցության և առողջապահության բաժնի պետ Լիլիթ Ղալումյանն Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ «ՄԵՆՔ ԵՆՔ, ՄԵՐ ՍԱՐԵՐԸ» ծրագիրը բացառիկ հնարավորություն է Տավուշի մշակութային կյանքը զարգացնելու համար:
Կարդացեք նաև
«Մեր նպատակն է զարգացնել Իջևան համայնքի մշակույթը, ստեղծելով մշակութային տնտեսություն` բարելավված ենթակառուցվածքներով, պահպանված պատմական ժառանգությամբ, մարդկային կարողությունների զարգացմամբ և մշակութային ոլորտի արդյունավետ կառավարման միջոցով»,-նշեց Ղալումյանը:
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ