Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական համադպրոցական գիտության փառատոնի մասնակիցների շրջանակը և աշխարհագրությունը մեծացել է

Մարտ 25,2023 16:36

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Երևանի պետական համալսարանում ներկա է գտնվել Հայկական համադպրոցական գիտության փառատոնի եզրափակիչ փուլին:

Միջոցառմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ՀՀ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ԱԺ պատգամավորներ, տարբեր դպրոցների աշակերտներ և ուսուցիչներ, այլ այցելուներ։

Միջոցառման նպատակն է դպրոցահասակ երիտասարդների շրջանում գիտական հետազոտությունների նկատմամբ հետաքրքրության սերմանումը, խմբային աշխատանքի, նորարարական նախագծերի իրականացման և դրանց ներկայացման հմտությունների զարգացումը:

Փառատոնին մասնակցող միջին և ավագ դասարանների աշակերտները՝ անհատապես կամ երկու հոգանոց խմբով և գիտական ղեկավարի աջակցությամբ, 2022-2023 ուսումնական տարվա ընթացքում իրականացրել են իրենց իսկ կողմից առաջադրված հետազոտական նախագծեր, իսկ եզրափակիչ փուլի ընթացքում ԿԳՄՍ նախարարին, ներկա մյուս հյուրերին և ժյուրիի անդամներին ներկայացրել են իրենց հետազոտությունների արդյունքները։

Երրորդ անգամ անցկացվող փառատոնի մասնակիցների շրջանակը և աշխարհագրությունը մեծացել է. այս տարի «Մաթեմատիկա և ծրագրավորում», «Ֆիզիկա և աստղագիտություն», «Քիմիա», «Կենսաբանություն», «Հասարակական գիտություններ» անվանակարգերում Երևանի և մարզերի 40 ուսումնական հաստատություններից ներկայացվել է  83 հետազոտական նախագիծ, որոնցից 70-ը ցուցադրվել են եզրափակիչ փուլում:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի գնահատմամբ՝ փառատոնը կխթանի դպրոցականների շրջանում մաթեմատիկական, բնագիտական, ճարտարագիտական առարկաներով հետաքրքրվածության մեծացումը․ «Բավականին հետաքրքիր նախագծեր են ներկայացված գիտության տարբեր բնագավառներում, ինչը, վստահ եմ, մոտիվացնում է նաև իրենց համադասարանցիներին, դպրոցահասակ մյուս երեխաներին: Տեսնելով իրենց հասակակիցների գրանցած արդյունքները՝ նրանք ևս կսկսեն ավելի շատ հետաքրքրվել գիտության այս ոլորտներով։ Շատ հետաքրքիր նախագծեր կան, ընդ որում այնպիսիք, որոնք, վստահ եմ, լավ զարգացնելու դեպքում՝ կարող են հետաքրքիր լուծումներ առաջարկել նաև մեր տնտեսության համար»։

Արաքսիա Սվաջյանի խոսքով՝ թե՛ կենսաբանության, թե՛ ֆիզիկայի, թե՛ ճարտարապետության ոլորտներում մեր երիտասարդ սերնդի սովորողների, մասնավորապես դպրոցականների հետաքրքրվածության բարձրացումը շատ կարևոր է, որովհետև դա նրանց ուղղորդելու է դեպի համապատասխան մասնագիտություններով ուսումնառության։

«ԲՏՃՄ ոլորտը մեզ համար կրթության գերակա ուղղություններից մեկն է։ Ամեն ինչ անում ենք, որպեսզի խթանենք այս ուղղությամբ մեր սովորողների թվի մեծացումը։ Ուրախ եմ, որ այսօրվա հետազոտողների մեջ մեծ թիվ են կազմում նաև աղջիկները։ Գենդերային հավասարության և հավասար հնարավորությունների ապահովման առումով սա մեզ համար ևս շատ կարևոր է»,- ընդգծել է նախարարի տեղակալը։

Նա նաև վստահություն է հայտնել, որ դպրոցականներից շատերն ապագայում կդառնան գիտնականներ` առաջարկելով հետաքրքիր, նորարարական լուծումներ:

Նախագծերը գնահատող մասնագիտական հանձնաժողովը, որի կազմում ընդգրկված են ներկայացուցիչներ գիտական կազմակերպություններից և ոլորտային գիտական կառույցներից, փառատոնի արդյունքները կամփոփի առաջիկայում։

ԵՊՀ գիտաշխատող, մասնագիտական հանձնաժողովի նախագահ Հայկ Զաքարյանի խոսքով՝ նախորդ տարի ներկայացված է եղել շուրջ 40 նախագիծ, իսկ այս տարի պատկերը բոլորովին այլ է․ «Սա, իսկապես, ողջունելի է: Երեխաներին պետք է փոքր տարիքից ծանոթացնել գիտությանը, խթանել, որ զբաղվեն գիտությամբ և ստեղծագործեն: Գիտությունը ստեղծագործական աշխատանք է, և կարևոր է, որ եղած գաղափարներն իրականություն դառնան: Սա կարևոր է ոչ միայն գիտական ոլորտի, այլև մեր երկրի զարգացման համար»։

Մասնագիտական հանձնաժողովի կողմից ամենաբարձր գնահատականների արժանացած մասնակիցների ծրագրերը կարող են ներկայացվել ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Դալլաս քաղաքում (TX at the Kay Bailey Hutchinson Convention Center) կայանալիք միջազգային գիտական և ճարտարագիտական Regeneron (ISEF-2023) տոնավաճառին, ինչպես նաև Երիտասարդ գիտնականների ԵՄ EUCYS մրցույթին, որը տեղի կունենա Բելգիայի թագավորության Բրյուսել քաղաքում 2023 թ. սեպտեմբերի 13-17-ը։

Միջոցառման ավարտին մասնակցության հավաստագրեր են հանձնվել փառատոնի բոլոր մասնակիցներին։

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031